Ո՞ր գույներն են նորաձև 2018 թվականին
Ամեն տարի ամերիկյան հայտնի Բենջամին Մուր ընկերությունը ներկայացնում է հաջորդ տարի նորաձևության մեջ գերակշռող գույները: Անցյալ տարվա ամենանորաձև գույնը մուգ մանուշակագույն էր: Interier.am- ի հետ այժմ կպարզենք, թե որոնք են 2018 թվականի գույները:
2016 թվականին նորաձև էր համարվում սպիտակ գույնը, իսկ 2017թվականին, ինչպես նշեցինք, գերիշխում էր մուգ մանուշակագույնը: Իսկ 2018 թվականին ինտերիերում նորաձև կհամարվի կարմիրը:
Caliente իսպաներեն բառ է և նշանակում է տաք, վառ: Կարմիր հենց այս տեսակն է առաջարկում Բենջամին Մուրը: Կարմիրի գայթակղիչ երանգները կստեղծեն ջերմ ինտերիերային միջավայր, իսկ բրոնզային երանգը աչքին հաճելի կլինի:
2018 թվականին Caliente-ն հիանալի համադրություն կկազմի 22 գունային երանգների, այդ թվում՝ կաթնային սպիտակի, դեղինի, բաց վարդագույնի, շագանակագույնի, կանաչի և մոխրագույնի հետ:
Ինչպե՞ս կարմիր գույնն օգտագործել ինտերիերում
Կարմիր գույնը կարելի է կիրառել թե՛ ժամանակակից, թե՛ ավանդական ինտերիերում: Սակայն դրա կիրառումը բավականին մեծ համարձակություն է պահանջում: Կարմիրի գերակշռումն ինտերիերում կհանգեցնի նյարդայնացնող արդյունքի ու անհեթեթության: Մի քանի խորամանկ հնարքների շնորհիվ կարելի է կարմիրը ներմուծել ինտերիեր՝ ստանալով ճիշտ համադրություն:
Չպետք է նաև վախենալ կարմիրի կիրառումից. անհրաժեշտ է ընդամենը ճիշտ լուծումներ գտնել: Կարմիրը կարելի է ներմուծել ինտերիեր աքսեսուարների միջոցով ( գորգեր, բազմոց, նկարներ, վարագույրներ և այլն):
Կարմիր գույնը կարելի է վստահորեն օգտագործել բնակարանի ոչ շատ մեծ մակերեսներում (օրինակ՝ պատերից մեկը կամ կահույքը):
Պետք է խուսափել ննջասենյակների պատերը կարմիրով ներկելուց: Կարմիրի կամ դեղինի վառ երանգները կլանում են էներգիան, առաջացնում անքնություն:
Կարմիրը զգուշությամբ կարող եք օգտագործել 2018 թվականին ու դրանով ոչ միայն կունենաք գեղեցիկ ինտերիեր, այլև կստեղծեք ոգեշնչող ու հաճելի միջավայր: