Ամանորյա զարդարանքներ՝ պատրաստված սեփական ձեռքերով
Ի ՞ նչ նվիրել Ամանորին կամ ինչպե ՞ ս ձևավորել բնակարանը, որպեսզի տարբերվեք մյուսներից․ այս հարցը օրեցօր ավելի ու ավելի շատ է մտահոգում բոլորիս, քանի որ մոտենում են տոները։ Այս հարցում Ձեզ կօգնի interiеr.am-ը՝ առաջարկելով սեփական ձեռքերով պատրաստվող մի քանի տարբերակ, որոնք կգոհացնեն բոլորին։
Սեփական ձեռքերով որևէ բան պատրաստելն այնքան էլ բարդ գործ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից։
Մոմակալ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ապակյա թափանցիկ բաժակ, ժանյակ, ժապավենաթել։
Կտորը կամ ժանյակն ամրացնում ենք բաժակին, ապա զարդարում ուլունքներով, որոնք հարկավոր է ամրացնել ժանյակին կամ կտորին։
Մյուս հետաքրքիր տարբերակը կավե հուշանվերներ պատրաստելն է։ Կարելի է գործի դնել երևակայությունն ու պատրաստել գեղեցիկ ու յուրօրինակ նվերներ։ Կավը ձեռքերով շաղախում ենք այնքան, մինչև ստանանք միջին պնդության զանգված։ Թրծման ընթացքում մեր աշխատանքը պետք է չոր լինի, այլապես ջերմաստիճանի բարձրությունից կփչանա։ Կարելի է թրջել կաթով, ապա դնել ջեռոցում, որը մեր առարկային հնություն կհաղորդի։ Որքան ջերմաստիճանը բարձր լինի, այնքան արդյունքը մուգ կլինի։ Ստացվում է գեղեցիկ ու յուրօրինակ ծաղկաման։
Տոնածառը զարդարելու համար կարելի է պատրաստել արհեստակական կաթիլներ։ Թափանցիկ հուլունքներից պատրաստված կախազարդերը հիշեցնում են ջրի սառած կաթիլներ։ Մեզ անհրաժեշտ են տարբեր չափերի ուլունքներ, արծաթագույն մետաղալար, կլորաշուրթիկ և կցաքցան։
Մետաղալարերը բաժանում ենք փոքր հատվածների․ դրանք չպետք է գերազանցեն ցուցամատի երկարությանը։ Եթե ուլունքները խոշոր են, ապա հարկավոր կլինեն ավելի երկար մետաղալարեր։ Մետաղալարի ծայրը կլորաշուրթի օգնությամբ ծռում ենք, որպեսզի ուլունքները չընկնեն։
Ուլունքները շարելուց հետո փորձում ենք ծայրը ծռել, ապա ամրացնում ենք փոքրիկ մետաղալար, որպեսզի կախազարդը կարողանանք կախել։
Նախշերով մոմերը յուրօրինակ զարդարանք են թե՛ սեղաններրի, թե՛ բնակարանի համար։ Մեզ անհրաժեշտ է մեղրամոմ, գեղեցիկ պատկերներով անձեռոցիկ, մկրատ, փոքրիկ մոմ, մետաղյա գդալ և կոնտուրներ նախշերն ընդգծելու համար։
Անձեռոցիկից փորձում ենք ստանալ մոմի մակերեսին համապատասխան ուղղանկոյւն։ Այնուհետև ամրացնում ենք մոմին, հավասարեցնում ենք ու փորձում գդալի օգնությամբ հարթեցնել ՝ շրջանաձև շարժումներ անելով։
Երբ մոմն ամբողջովին պատվում է անձեռոցիկով, կոնտուրի օգնությամբ ընդգծում ենք նախշերը։
Ստանում ենք գեղեցիկ մոմեր, որոնք կարող են նաև հիանալի նվերներ լինել։
Մի վախեցեք նորարարություններից, փորձեք մի քիչ ջանք գործադրել ու կունենաք հիանալի արդյունք։