Անհավատալի դիզայնով մահճակալներ
Թվում է՝ մահճակալը մահճակալ է, ուրիշ ի՞նչ կարելի է հորինել, ինչո՞վ կարելի է զարմացնել: Փորձենք զարմացնել Ձեզ հարուստ երևակայություն ունեցող դիզայներների գլուխգործոցներով 🙂
Կաբրիոլետ մահճակալ
Մեր առջև տիպիկ մեքենա է, որտեղ կարելի է «բնակվել»: Սա բազմաֆունկցիոնալ օբյեկտ է՝ ներկառուցված լույսով, ռադիոյով, հեռախոսով, մոխրամանով, տարբեր դարակներով ու հայելիով: Այս մահճակալը, իսկական կաբրիոլետի նման, ունի նաև տանիք, որի տակ ամբողջությամբ ծածկվում է: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ ստեղծվել է 1969թ-ին: Այսօր ժամանակակից շատ մոդելներ ստեղծվում են այդ մոտիվով:
Ձու մահճակալ
Ավելի հարմար ձև դժվար թե գտնվի: Այն թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան հարմարավետության ու պաշտպանվածության զգացողություն է ստեղծում, քանի որ նման է օրորոցի: Այսպիսի մահճակալում ամեն օր կարելի է նորից «ծնվել» ու նոր կյանք սկսել: Մահճակալն ունի ներկառուցված գունավոր լույսեր, ձայնասյուներ և iPod դոկ-կայան:
Տեղեկատվական կայան
Այս մահճակալի շնորհիվ մեգապոլիսի ժամանակակից բնակիչը կարող է ամբողջ օրն անցկացնել հենց մահճակալում: Մահճակալը զինված է ստերեոհամակարգով, մեծ էկրանով ու ինտերնետով: Մահճակալում կարելի է ֆիլմեր դիտել ու համակարգչային խաղեր խաղալ: Մեկուսանալու համար կարելի է իջեցնել ծածկի պանելներն ու մխրճվել վիրտուալ իրականության մեջ:
Ստվարաթղթե մահճակալ
Սա ոչ միակ, բայց «ամենախելացի» ստվարաթղթե մահճակալն է: Խելացի է որովհետև կարող է ծալվել ու դառնալ փոքր աթոռակի չափսի: Ունի շատ հարմար ու ճկուն շինվածք, կարելի է տեղափոխել ու դնել նույնիսկ այնտեղ, որտեղ մահճակալ չի նախատեսվում: Դեկորատիվ միակողմանի լամինացիայի շնորհիվ մահճակալը նաև շատ գեղեցիկ տեսք ունի: Պառկելուց առաջ հարկավոր է վրան խսիր փռել, քանի որ միայն գեղեցկությունը բավարար չէ հարմարավետ լինելու համար:
Դարսերով մահճակալ
Կոմպակտ մահճակալի մեկ այլ տարբերակ է մահճակալի մեջ մահճակալ տարբերակը: Շինվածքի բարձրությունը 48 սմ է, մահճակալի բարձրությունը՝ 23 սմ: Շինվածքն ունի նաև սնարներ՝ սպիտակեղենի ու գրքերի արկղերով, լամպի տակդիրով ու զարթուցիչով: Մոդելը ստեղծվել է 1966թ-ին, իսկ ժամանակակից մանկական առաջ քաշվող մահճակալները ծնվել են այս մոդելից:
Ճոճք մահճակալ
Այս ճոճք-մահճակալների մասսայական արտադրությունն սկսել են ամերիկացիները՝ հիմնավորելով գիտական փաստերով. ճիշտ ճոճը խթանում է արյան ու ավշի շրջանառությունը, թեթևացնում է ողնաշարի ծանրաբեռնվածությունը, մարզում է վեստիբուլյար ապարատը: Եվ ընդհանրապես, շարժումը կյանք է:
Օդում կախված մահճակալ
Այս մահճակալի ոտքերն ապակուց են և անկյուններից տեղափոխվել են կենտրոն: Որոշակի հեռավորության վրա դրանք չեն երևում, և թվում է, թե մահճակալն օդում կախված է: Արտադրողը երաշխավորում է, որ մահճակալը կարող է դիմանալ շատ մեծ ծանրաբեռնվածության:
Մահճակալ – բույն
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ. ի՞նչ շինվածք է սա: Եվ դա զարմանալի չէ, քանի որ կաշեպատ ներքնակն անմիջապես աչքի չի ընկնում:
Իսկ ինչպիսի՞ մահճակալ եք ցանկանում ունենալ Դուք 🙂