Ապակյա աքսեսուարներ և կահույք
Դիզայներներն արդեն վաղուց են ապակին որպես տնային ինտերիերի դեկոր օգտագործում՝ ամենատարբեր տարածքների ձևավորման համար: Այսօր, interier.am-ն իր ընթերցողներին կպատմի, թե ինչպես ինտերիերիում համադրել ապակյա կահույքն ու աքսեսուարները:
Ապակյա կահույքի ձևը դիզայներներին թույլ է տալիս ինտերիերիում համարձակ գաղափարներ իրագործել, ընդ որում, ապակին հարմար է օգտագործել թե դասական թե ժամանակակից ինտերիերիում: Այն կարող եք համադրել տարբեր նյութերի հետ, օրինակ, փայտ, պողպատ, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ապակին կարող ենք ներկել տարբեր գույներով և պատել տարբեր նկարներով:
Ապակյա կահույքը լուսավորության շնորհիվ օրվա ընթացքում կարող է տարբեր տրամադրություն հաղորդել սենյակին: Սակայն ինտերիերիում ապակին ոչ միայն կահույքի, այլև ապակյա առաստաղների, հատակների, աստիճանների, լվացարանների կամ բաղնիքի սալիկների տեսքով կարող է լինել: Կան նաև ապակյա պատերով ինտերիերային լուծումներ, օրինակ, ապակյա թափանցիկ պատերի հետևում կարող եք լուսանկարներ տեղադրել, իսկ անփայլ ապակու հետևում՝ լուսավորություն:
Տան դեկորի մեջ հատուկ տեղ են գրավում ապակյա վիտրաժները, որոնք յուրաքանչյուր ինտերիեր անմոռանալի և շքեղ կդարձնեն, օրինակ, կարող եք գրասեղան վերցնել՝ վիտրաժային սեղաներեսով, որը կահույքի տարրից արվեստի գործի կվերածվի, որին կարելի է ժամերով նայել:
Ինտերիերիում, անխոս, որպես դեկոր կարելի է ամաններ, նկարի շրջանակներ, ամաններ և այլ աքսեսուարներ օգտագործել: Գունավոր ապակյա դեկորով կարելի է հայելիներն ու միջսենյակային դռները ձևավորել: Ինչ վերաբերում է կահույքին, ապա այն պրակտիկ է, չի դեֆորմացվում և հեշտ է խնամել, անվնաս են, քանի որ պատրաստվում են բազմաշերտ կամ թրծած ապակուց: Ինտերիերիում ոճն ու նրբաճաշակությունը գնահատողների համար ապակյա կահույքն ու դեկորը կատարյալ լուծում է:
Ինտերիերում ապակուց ցուցափեղկերն ու միջնապատերը թեթև և օդային միջավայր են ստեղծում, օրիգինալ, մի քիչ խորհրդավոր , բայց արդյունավետ տեսք են տալիս սենյակին: Ապակին ամենուր կարելի է օգտագործել, նույնիսկ բնակարանի արտաքին պատերին, աստիճաններին, սակայն ամենաակտուալը, ըստ interier.am -ի լոգասենյակներում ապակյա դարակները, սանտեխնիկան, լոգախցիկի դռներն են:
Ապակու տարբեր երանգներ օգտագործելով՝ կարելի է լոգասենյակներում հետաքրքիր լուծումներ ստանալ:
Շատ գեղեցիկ են դիտվում թրծած ապակուց օդակլանիչները, որոնք օգտագործում են մինիմալիստական կամ հայ տեք ոճի խոհանոցներում, քանի որ թրծած ապակին դիմացկուն է ջերմաստիճանային տատանումների նկատմամբ: Խոհանոցային գոգնոցները ևս շատ լավ տարբերակ են:
Սպիտակ խոհանոցում շատ գեղեցիկ են կանաչ, կարմիր, նարնջագույն, շագանակագույն և երկնագույն ապակյա գոգնոցները: Խոհանոցում ապակյա ճաշասեղանը շատ գեղեցիկ է դիտվում մետաղական աթոռների հետ: Իսկ փայտի հետ համադրած ապակյա սեղանների դեպքում, աթոռները կարող են փայտից լինել, ինչը քանթրի ոճին է բնորոշ:
Խոհանոցային ինտերիերում կարելի է բազմաթիվ ապակյա աքսեսուարներ օգտագործել. համեմունքների ապակյա տարաներ, ապակյա մրգամաններ, ձավարեղենի ամաններ, սպասք, մոմակալներ, հայելիներ, նկարի շրջանակներ և անգամ բռնակներ:
Հյուրասենյակում կարելի է ապակուց հեռուստացույցի տակդիր օգտագործել, ապակյա դարակաշարերով, որոնց վրա կարելի է գրքեր կամ դեկորի պարագաներ դնել: Այդպիսի դարակները հարմար են նաև ննջասենյակների, աշխատասենյակների և տնային գրադարանների համար: Ապակին լավ է համադրվում փայտի, ռոտանգի և մետաղի հետ:
Ժամանակակից ապակին մի քանի շերտ ապակուց է պատրաստվում և երեսպատվում է պաշտպանիչ փայլաթիթեղով, ինչի շնորհիվ հարվածակայուն է և նույնիսկ ջարդվելու դեպքում մանր բեկորների չի վերածվում:
Ինտերիերում ապակի օգտագործելով, դիզայներական լուծումների շնորհիվ, կարելի է հետաքրքիր և յուրօրինակ ինտերիեր ստանալ 🙂