Առաստաղի սպիտակեցում մեր ձեռքերով
Առաստաղի սպիտակեցումը համարվում է բնակարանը հարդարելու ամենամատչելի տարբերակը։ Սպիտակեցնելու համար գործածվում են ներկագլաններ, սեղմակներով հեղուկացիրներ։ Նախքան սպիտակեցնելը պետք է առաստաղը մաքրել կեղտից, փոշուց ու սարդոստայններից։ Առաստաղի հին շերտը կարելի է հեռացնել մածկաթիակի կամ օճառային լուծույթով թրջած սպունգի օգնությամբ։
Առաստաղը կարելի է սպիտակեցնել կրի ու կավճի օգնությամբ։ Հասկանալու համար, թե առաստաղն ինչով է մշակված, կարելի է դիպչել առաստաղին, եթե սպիտակ հետքեր են մնում, ուրեմն կավիճ է օգտագործված։ Առաստաղը հղկելուց հետո օգտագործվում է պղնձարջասպի 10 %-անոց լուծույթ։ Եթե առաստաղի վրա կան յուղի հետքեր, ապա կարելի է կիրառել կալցինացված սոդայի լուծույթ։
Անհավասար առաստաղը հղկվում է սվաղի, երբեմն էլ՝ կրի օգնությամբ։ Որպեսզի կահույքն ու պատերը չփչանան, սկզբում պետք է զբաղվել առաստաղերի հարդարումով, ապա՝ պատերի։ Եթե կահույքը թեթև է, ապա պետք է դուրս հանել սենյակից, եթե ոչ, ապա պետք է ծածկել պոլիէթիլենային տոպրակով։
Կավճե լուծույթ

Տաք ջուր- 5 լ
Ատաղձագործական սոսինձ- 30 գր
Լեղակ- 20 գր
Կավիճ- 3 կգ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչներն ավելացնում ենք առանձին-առանձին ու զգուշորեն խառնում։ Լեղակն օգնում է ուժեղացնել սպիտակությունը։ Այնուհետև ավելացնում ենք կավիճն ու խառնում այնքան, մինչև գնդիկները լուծվեն։ Ապա կատարում ենք երկշերտ սպիտակեցում։
Կրային լուծույթ
Հանգցրած կիր- 3 կգ
Աղ- 100 գր
Ալյումինե շիբ- 200 գր
Ներկանյութ- 500 գր
Ջուր- 10 լ
Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց խառնում ենք ու որպեսզի կրային լուծույթը հավասարապես սպիտակեցնի, պետք է ջրում թաթախված սպունգով խոնավեցնել առաստաղը։
Պարտադիր չէ մասնագետ լինել առաստաղը սպիտակեցնել կարողանալու համար։ Պետք է ընդամենը պատրաստել ճիշտ խառնուրդ և ունենալ անհրաժեշտ որակյալ գործիքներ։ Լավ սպիտակեցնելու դեպքում այն կարող է ծառայել ավելի քան 5 տարի։