Արմսթրոնգ տեսակի առաստաղներ. հավաքում ենք սեփական ձեռքերով
Արմսթրոնգ տեսակի առաստաղը ստեղծվեց այն ժամանակ, երբ անհրաժետտություն առաջացավ ձևավորել առևտրի սրահների կամ գրասենյակային տարածքների առաստաղը: Գլխավոր նպատակը հետևյալն էր. այն պետք է լինի գեղեցիկ և ներկայանալի, բայց միաժամանակ տեղադրումը պետք է լինի հեշտ, իսկ օգտագործվող նյութերը ` ոչ շատ թանկ: Ամերիկյան <<Արմսթրոնգ>> ընկերությունն այս պահանջների լուծմանը մոտեցավ հստակ պատասխանատվությամբ` գիտակցումով, որ կոշտ մրցակցությանը կարելի է դիմանալ միայն այն դեպքում, եթե հետևում ես <<պահանջարկն է ծնում առաջարկը>> սկզբունքին: Այսպիսով, մանրամասնորեն դիտարկենք առաստաղի ձևավորման այս տարբերակը:
Առաջին հերթին ընդգծենք, որ սա կախովի համակարգ է. արմսթրոնգը հատուկ է գնացել այդ ճանապարհով` միաժամանակ լուծելով մի քանի խնդիրներ: Գլխավորն ինժեներական համակարգերը թաքցնելու հնարավորությունն է: Ցանկացած կախովի համակարգ առաջացնում է առաստաղի որոշակի ծանրաբեռնվածություն և որոշ դեպքերում ամենևին էլ կատարյալ տարբերակ չի հանդիսանում: Այս ամենը, սակայն, Արմսթրոնգին չի վերաբերում, քանի որ վերջինիս բոլոր տարրերը պատրաստված են մետաղական թեթև համաձուլվածքներից, հիմնականում ալյումինից:
Հիմնակմախքը սովորաբար պատրաստվում է մի քանի տեսակի պրոֆիլներից:
Կրող. այս պրոֆիլների երկարությունը 3,6 մետր է (տիպ T15 և T24, որոնք արտահայտում են պրոֆիլների լայնությունը),
Խաչաձև. այս պրոֆիլների երկարությունը կամ 0,6 կամ 1,2 մետր է (տիպ T15 և T24),
Անկյունային պատամերձ պրոֆիլ 19/24:
Երեսպատման համար հատուկ սալեր են օգտագործվում: Արմսթրոնգ առաստաղի սալերը 595*595 չափերի են, կան նաև կրկնակի սալեր՝ 1190*595 չափով: Երկրորդ տարբերակն այնքան էլ տարածված չէ, հնարավոր է այն պատճառով, որ ուղղանկյունաձև է:
Կոնստրուկցիան կախելու համար հատուկ զսպանակավոր ձողեր են օգտագործվում, որոնց օգնությամբ հնարավոր է կարգավորել հիմնակմախքի բարձրությունը: Ի դեպ, սա ամենապարզ ձևերից մեկն է, որն առաստաղը հստակ հորիզոնական հարթության բերելու հնարավորություն է տալիս:
Մի քանի խոսք ձողերի կառուցվածքի մասին, որոնք սովորաբարկազմված են լինում 3 մասերից.
Մեկ ծայրին ականջիկով ձող,
Մեկ ծայրին կեռիկով ձող,
<<Թիթեռ>> տեսակի զսպանակ:
Առաջին տարրը խցաբութակի և պտուտակի միջոցով ամրացվում է անմիջապես առաստաղին, իսկ երկրորդի վրա տեղադրվում է պրոֆիլը: Հիմնակմախքի տեղադրման բարձրությունը կարգավորվում է զսպանակով:
Արմսթրոնգ առաստաղի տարատեսակները
Արմսթրոնգ անվանումով թողարկվող ցանկացած առաստաղ բաժանվում է մի քանի դասերի.
Էկոնոմ-լայն: Այս տարատեսակները միներալային բամբակից սալեր են, որոնք այնքան էլ չունեն բարձր որակական հատկանիշներ, փոխարենը դրանք ամենաէժանն են: Դրանց տարբերակիչ հատկությունը ցածր խոնավակայունությունն է` մինչև 70 տոկոս, այդ պատճառով խոնավ սենյակներում դրանք օգտագործելի չեն: Այս դասում կարելի է ներառել բայկալ, օազիս, տատրա և այլ տեսակները:
Պրիմա: Այս դասի առաստաղները համապատասխանում են ավելի բարձր տեխնիկական չափորոշիչների և ունի մինչ 95 տոկոս ջրակայունություն, մինչև 15 մմ հաստություն, մակերևույթի 6 տարատեսակներ, որոնք տարբերվում են ոչ միայն գույներով, այլև՝ ռելիեֆով: Աչքի են ընկնում մեխանիկական ամրությամբ և երկարակեցությամբ: Այս դասի առաստաղների համար արտադրողները տալիս են 10 տարվա երաշխիք:
Ակուստիկ առաստաղներ: Այս տեսակն ունի ակուստիկ բարձր բնութագրիչներ, բայց մնացած որակներով ևս չի զիջում: Խոնավակայունությունը կազմում է մինչև 95 տոկոս: Այս սալերի հաստությունը 22 մմ է: Սա ոչ միայն աղմուկի ներթափանցումը կանխող լավ միջոց է, այլև ամուր է:
Դիզայներական: Այս դասի մասին խոսելը դժվար է, այն պետք է տեսնել, դրա համար առաջարկում ենք նայել այս լուսանկարին:
Տեղադրման գործընթացի փուլերը
Ինչպես վերանորոգման ցանկացած աշխատանք, Արմսթրոնգ կախովի առաստաղներ տեղադրելը նույնպես իրականացվում է մի քանի փուլերով:Այստեղ շատ կարևոր է պահպանել աշխատանքների ճշգրիտ հերթականությունը:Աննշան թվացող շեղումը կարող է հանգեցնել ամբողջ գործընթացի ձախողման:
Նախապատրաստական փուլ
Նախ որոշվում է առաստաղային կոնստրուկցիայի տեղադրման վայրը: Այստեղ առանձնապես բարդ բան չկա, թեև որոշ նրբությունների իմացությունը պարտադիր է: Անհրաժեշտ է սենյակի բոլոր անկյուններում չափել հատակից առաստաղն ընկած հեռավորությունը: Համադրում ենք բարձրությունները, ընտրում ստացված ամենափոքր տվյալը, որն էլ պետք է դառնա աշխատանքների մեկնակետ:
Այդ անկյունում նշում արեք այն բարձրությունը, որտեղ ցանկանում եք, որ լինի կախովի առաստաղը: Սովորաբար դա լինում է հիմնական առաստաղից ոչ պակաս, քան 15 սմ ներքև: Բայց հիշեք, եթե պատրաստվում եք առաստաղի տակ կոմունիկացիաներ անցկացնել, ապա նշված 15 սմ-ը պետք է հաշվել անցկացվող կոմունիկացիայի ներքևի եզրից (օրինակ, օդափոխման համակարգի խողովակի ներքևի պատից):
Այսպիսով, ամենացածր անկյունում գծանշումն արված է: Այդ կետից սկսած պետք է անցկացնել բոլոր պատերով հորիզոնական գիծ, որի ուղղությամբ պետք է տեղադրվեն պատին կից պրոֆիլները: Գծանշումը ճշգրիտ իրականացնելու լավագույն տարբերակը լազերային հարթաչափի օգտագործումն է: Մյուս մեթոդներն այնքան էլ ճշգրիտ չեն, քանի որ մարդկային գործոնի ազդեցությունն անխուսափելի է: Թեև կարելի է օգտագործել նաև ջրի հարթաչափ կամ ներկարարական լար:
Այսպիսով, գիծը պատրաստ է, այժմ պետք է որոշել, թե որտեղ պետք է ամրացվեն կախոցները և պրոֆիլները:
Առաջին հերթին պետք է որոշել սենյակի կենտրոնը: Դա հեշտ է. ուղիղ գծով միացրեք հակադիր անկյունները: Անկյունագծերի հատման կետը հենց սենյակի կենտրոնն է:
Կենտրոնով սենյակի լայնությամբ գիծ անցկացրեք, որին զուգահեռ, յուրաքանչյուր 1,2 մետրի վրա գծեր տարեք, որոնց ուղղությամբ պետք է տեղադրվեն ուղղորդող պրոֆիլները:
Սովորաբար, կախոցների տեղադրման համար գծերի վրա 0,9-1,2 մ հեռավորությամբ կետեր են արվում, իսկ որպես չափումների մեկնակետ դարձյալ ընտրվում է սենյակի կենտրոնը:
Կախոցների և պրոֆիլների տեղադրումը
Առաջին հերթին պատին կից պրոֆիլը գծանշման ուղղությամբ տեղադրվում և ամրացվում է:
Ուշադրություն: Պրոֆիլը պետք է պատին դնել լայնությամբ: Ամրացումն իրականացվում է պատրաստի բացված անցքերով պտուտակման միջոցով:
Առաստաղի գծանշումների վրա անցքեր ենք անում խցաբութակների համար և պտուտակներով ամրացնում ենք կախոցները (ձողերը): Որպեսզի տեղադրման գործընթացը հեշտությամբ ընթանա, ձողերի ծայրի կեռերը թեքում ենք նույն ուղղությամբ:
Հիմնակմախքը հավաքելու համար ամեն ինչ պատրաստ է: Բայց ինչպե՞ս պրոֆիլներն ամրացնել կախոցներին: Արտադրողն այդ մասին հոգացել է: Ուղղորդող պրոֆիլների վրա կան պատրաստի միջանցիկ անցքեր, որոնցով էլ կեռերն ամրացվում են: Պրոֆիլների ծայրերը դրվում են պատին կից պրոֆիլների վրա:
Գործընթացը հեշտացնելու համար խորհուրդ է տրվում տեղադրել 3-4 ուղղորդող պրոֆիլներ, որոնց միջև հետո մոնտաժվում են հատվողները: Երկու պրոֆիլների համադրումը կատարվում է կողպվող միացումների միջոցով:
Կողպեքը կտրվածքների համակարգ է: Միացումը ճիշտ իրականացնելու համար կողպեքը դնում են ձախ կտրվածքի մեջ, որտեղ այն հեշտությամբ ամրանում է:
Ուշադիր եղեք, որպեսզի հատվողների միջև հեռավորությունը լինի 0,6 մ: Մի մոռացեք, որ քառակուսիները, որոնցում լույսեր են լինելու, պետք է ամրացնել լրացուցիչ կախոցներով:
Ավարտական փուլ
Այսպիսով, հիմնակմախքը պատրաստ է, որն իրենից ներկայացնում է 0,6*0,6 մ չափերի քառակուսի բջիջների ցանց: Հիշեք՝ Արմսթրոնգ առաստաղի սալերը բավականին շուտ կեղտոտվող նյութից են, այդ պատճառով էլ տեղադրելիս պետք է աշխատել ձեռնոցներով: Եվս մեկ ցուցում արտադրողից՝առաստաղների տեղադրումը պետք է իրականացնել օդի՝ 70 %-ը չգերազանցող խոնավության պայմաններում:
Վերցրեք սալիկը, անկյունագծով մտցրեք բջջի մեջ, թեքեք հորիզոնական հարթության մեջ և իջեցրեք: Եթե ձեր ընտրած սալերը ռելիեֆային են պետք է ուշադրություն դարձնեքպատկերին:
Եվ վերջին նրբությունը: Սենյակի եզրերում սալերը կարող են չտեղավորվել ամբողջական չափսերով: Սալերի տեխնիկական բնութագրիչները թույլ են տալիս դրանք մշակել և կտրել, օրինակ, սուր դանակով:
Ինչպես տեսաք, Արմսթրոնգ տեսակի առաստաղներ հավաքելն այնքան էլ բարդ գործ չէ, քանի որ մոնտաժման գործընթացը զգալիորեն պարզեցված է: Դրա օգնությամբ կարող եք արագ և վերանորոգել մեծ մակերես ունեցող տարածքների առաստաղը: Խորհուրդ ենք տալիս սալիկներից մի քանիսը պահել, որպեսզի անհրաժեշտության դեպքում փոխարինելու հնարավորություն ունենաք: