Աշխատասենյակ և ննջասենյակ. երկուսը մեկում
Ցավոք, մենք ոչ միշտ ենք արդյունավետ օգտագործում մեզ բաժին հասած տարածությունը: Սակայն, հմուտ պլանավորումն ու լավ երևակայությունը կօգնեն տարածությունն ընդլայնելու հարցում: Այս անգամ փորձում ենք մեկ սենյակում տեղավորել երկու ֆունկցիոնալ գոտի՝ աշխատասենյակն ու ննջասենյակը 🙂
Ինչո՞ւ հենց այս համադրությունը: Նախ՝ որովհետև աշխատասեղանի մոտ աշխատելն ու քնելը անաղմուկ գործողություններ են, և հետևաբար ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է զբաղեցնել իր տարածությունն ու չխանգարել մյուսներին:
Տարածությունը երկու գոտիների բաժանելու անհրաժեշտությունն ակներև է. աշխատասենյակում անհրաժեշտ է ցերեկային վառ լուսավորություն, իսկ ննջասենյակին՝ ընդհակառակը, անհրաժեշտ չէ: Դրա համար էլ աշխատասենյակ համարվող գոտին պետք է նախատեսել պատուհանի մոտ, իսկ ննջարանի մասը՝ սենյակի խորքում:
Ինչպե՞ս կարելի է գոտիների բաժանել տարածությունը: Ամենահեշտ եղանակը ինտերիերի դիզայնի խաղն է՝ տարբեր գույների ու մակատեսքի միջոցով: Օրինակ, կարելի է ննջասենյակի պատերը ներկել մի գույնով, աշխատասենյակինը՝ մեկ այլ: Կարելի է օգտագործել նաև հակադիր գույների ծածկույթներ կամ մանրահատակի տարբեր չափսեր: Մեկ այլ տարբերակ՝ ննջասենյակի հատակի համար ընտրել կովրոլին, աշխատասենյակի համար՝ լամինատ:
Սովորաբար ննջասենյակի համար ընտրում են կապույտի, կանաչի կամ դեղինի հանգիստ երանգներ, քանի որ համարվում է, որ այդ գույներն օգնում են թուլանալ և մարդուն տրամադրում հանգիստ ու լիարժեք քնի: Ինչ վերաբերում է աշխատասենյակի հատվածի գունային գամմային, այն կարող է լինել ավելի վառ գույների: Այսպես, նարնջագույնն օգնում է տոնուսի մեջ պահել նյարդային համակարգն ու հարմար է նրանց, ովքեր զբաղված են միապաղաղ աշխատանքով: Հագեցած դեղինը խորհուրդ է տրվում ստեղծագործ մարդկանց: Կարմիր գույնն օգնում է «մտագրոհի» ժամանակ, բայց պետք է պատրաստ լինել նաև կողմնակի ազդեցությանը՝ ախորժակի գրգռմանը 🙂
Տարածությունը կարելի է գոտիների բաժանել նաև հետաքրքիր ու ժամանակակից ինտերիերային դետալով՝ պատվանդանով: Այն կօգնի ոչ միայն տեսանելիորեն զատել ննջարսենյակն ու աշխատասենյակը, այլև կլինի իրերը պահելու լրացուցիչ տեղ: Այս մեթոդը, սակայն, հարմար է միայն բարձր առաստաղով սենյակներին:
Երկու գոտիները կարելի է զատել նաև ավելի արմատական եղանակով՝ կիսաթափանցիկ շարժական դռների կամ ապակե բլոկներից շարված պատի միջոցով: Այսպիսով ննջասենյակ կընկնի արևի ցրված լույսը, որը չի խանգարի նաև ցերեկային քնին 🙂
Լուսավորությունը նույնպես կարող է սահմանի դեր կատարել, իսկ աշխատասենյակի տարածությունը կարելի է առանձնացնել կետային ջահերով:
Գոտիները տարանջատելու համար կարելի է օգտվել նաև ավելի հասարակ մեթոդներից՝ դարակաշարքերից, բամբուկե կամ կտորե վարագույրներից, միջնորմներից և այլն:
Տարբերակներն ու գաղափարները բազում են ու բազմազան, մնում է միայն ընտրել ցանկալի տարբերակն ու կյանքի կոչել 🙂