Բաց դարակներ խոհանոցի համար
Արդեն մի քանի տարի է` խոհանոցի բաց դարակները նորաձևության բարձունքում են: Մի կողմից սա շատ արդյունավետ լուծում է և թույլ է տալիս տեսողականորեն բեռնաթափել տարածքը, սիրելի սպասքն ունենալ աչքի առաջ ու ազատվել զանգվածեղ պահարանների ճնշումից:
Մյուս կողմից, սակայն դիզայնի այս տեսակը բարդ է, քանի որ բարդացնում է կարգուկանոնի ու հիգիենայի պահպանումը: Փորձենք դիտարկել կողմ ու դեմ բոլոր տեսակետները, որպեսզի խոհանոցի նոր կահավորանքի ընտրությունը դառնա առավել հեշտ:
Բաց դարակներ խոհանոցի ինտերիերում
Այսպիսի դարակներ խոհանոցի ինտերիերում սկսեցին հայտնվել համեմատաբար վերջերս, թեև գաղափարն ինքնին նոր չէ: Խոհանոցի նման դասավորվածությունը ներդաշնակ կդիտվի քանթրի կամ պրովանս ինտերիերում, ոչ ֆորմալ լոֆթում կամ սկանդինավյան ոճում: Իսկ ահա դասական կամ պաճուճազարդ նեոբարոկկո ոճում տարբեր իրերով լցված բաց ու հասարակ դարակներն ամենևին էլ լավագույն լուծումը չեն: Այդպիսի ինտերիերում սպասքի հավաքածուն ցուցադրելու համար ավելի հարմար են կիսաթափանցիկ դռներով ցուցափեղկերը:

Խորհուրդ. Ցանկալի է բաց դարակների ետևի պատը լինի միագույն: Չեզոք բաց կամ մուգ պատը հիանալի ֆոն կլինի խայտաբղետ սպասքի համար:
Բնականաբար, կարևոր հանգամանք է նաև դարակների պարունակության ընտրությունը, քանի որ այնտեղ պետք է գեղեցիկ ու յուրահատուկ սպասք տեղադրել:
Խոհանոցային բաց դարակների առավելությունները
Բաց դարակներն ունեն մի շարք առավելություններ.
- խոհանոցում ընտանեկան ջերմության մթնոլորտ են ստեղծում,
- նրանց միջոցով սպասքն ու մթերքներն առավել արագ հասանելի են դառնում,
- նույնիսկ փոքր տարածքում ընդարձակ ու բաց տարածության տպավորություն են ստեղծում,
- իդեալական լուծում են երիտասարդ ընտանիքի համար 🙂
- խոհանոցային կահույք պատվիրելիս թույլ են տալիս զգալի միջոցներ խնայել:

Խոհանոցային բաց դարակների թերությունները
- վերջիններս ոչ այնքան տարողունակ են, որքան սովորական կախովի պահարանները,
- բաց դարակներում իրերը պետք է միշտ գեղեցիկ դասավորված լինեն,
- նրանք կանոնավոր մաքրման կարիք ունեն,
- բաց դարակներն այնքան էլ հարմար չեն շատ եփել սիրողների համար:
Ինչպե՞ս դասավորել խոհանոցի բաց դարակները
Ինչքան էլ հետևեք կարգուկանոնին, չարժե շատ բարդացնել կյանքը: Խոհանոցի դեկորատիվ բաց դարակների տեղը գազօջախի կողքին չէ, քանի որ այնտեղ հնարավոր չէ խուսափել յուղի կաթիլներից: Ավելի լավ է այդպիսի դարակները տեղադրել աշխատանքային հարթությունից վերև կամ ավելի բարձր:
Բացի դրանից, խոհանոցային կահույք արտադրողներից շատերն առաջարկում են հետաքրքիր կոմբինացված տարբերակներ, որոնցում խոհանոցի բաց դարակները լրացնում են սովորական փակ պահարաններին: Այս դեպքում բաց դարակներում տեղավորած խոհարարական գրքերը կամ արտահայտիչ սպասքն ինտերիերի լրացուցիչ աքսեսուարի դեր են ունենում և թարմացնում են միջավայրը: Այսպիսի դարակները հաճախ խոհանոցն ու հյուրասենյակը միացնող ինքնատիպ «կամրջի» դեր են ունենում:
Խորհուրդ. Այսպիսի բաց դարակները լավ համադրվում են կախովի ռեյլինգային համակարգի հետ, որից նույնպես կարելի է տարբեր տարաներ կախել:

Դարակների դասավորության հարցում մեծ նշանակություն ունի նաև խոհանոցի մակերեսը:
Եթե Ձեր խոհանոցը փոքր է
Թեթև բաց դարակներն իսկական գտածո են փոքր մակերեսով խոհանոցների համար: Դրանք չեն ծանրաբեռնում ինտերիերը՝ ընդարձակության և թեթևության զգացողությունը պահպանելով նույնիսկ 6 քմ տարածությունում: Ավաղ, այսպիսի դարակներ խոհանոցի ինտերիերում կարող են նախատեսել նրանք, ովքեր ոչ այնքան շատ խոհանոցային իրեր ու սպասք ունեն: Մյուս կողմից, սա առիթ է տալիս մտորելու՝ արդյոք բոլո՞ր առարկաներն են իրականում գործածվում, թե՞ դրանք պահարանի խորքերում պահում եք ուղղակի սովորության համաձայն:

Եթե Ձեր խոհանոցը մեծ է
Բաց դարակներն, այնուամենայնիվ, ավելի շատ հանդիպում են ընդարձակ խոհանոցներում, որտեղ իրերը պահելու խնդիրն այնքան էլ լուրջ չէ:

Եթե Ձեր խոհանոցում բավականաչափ տարածություն կա, չարժե տարածությունը ծանրաբեռնել զանգվածեղ կախովի շինվածքներով, մանավանդ, որ այդպիսի պահարանների վերին դարակներին հասնելն այնքան էլ հեշտ չէ: