Բաղնիքի դիզայն. լուծումներ ու հնարքներ
Եթե որոշել եք վերանորոգել սանհանգույցը, ապա պատրաստի ինտերիերի նկարները կօգնեն Ձեզ դիզայնի հարցում ճիշտ ընտրություն կատարել։ Չնայած այն հանգամանքին, որ զուգարանը բնակարանի ամենափոքր տարածքն է, այնուամենայնիվ, այն պետք է գեղեցիկ, մաքուր և ֆունկցիոնալ լինի։ Այսօր կքննարկենք մի քանի տարածված տարբերակներ և կպատմենք Ձեզ, թե ինչ լուծումներ ու հնարքներ են օգտագործվել այդ նախագծերում 🙂
Համատեղ սանհանգույց 4.75 ք.մ.
Նկարում որպես օրինակ կարող եք տեսնել 2,5 x 1,9 մ համատեղ սանհանգույց։ Նախագծի գծապատկերում 2 լվացարան է և զուգարանակոնք, որը թաքնված է գիպսաստվարաթղթե միջնապատի ետևում։
Այդ տեսակ սանհանգույցը հարմար է երիտասարդ զույգերի համար, ովքեր հաճախ նույն ժամին են արթնանում։ Բացի այդ լոգասենյակում նեղ լվացքի մեքենայի տեղ է մնում։
Նկարում շորերի համար հյուսած զամբյուղ է, որն անհրաժեշտության դեպքում կարող եք թաքցնել լվացարանի տակը։ Լոգասենյակի հարդարումն արված է միջերկրածովային ոճով, իսկ սալիկներն ու պատերը՝ տաք և հագեցած նարնջադարչնագույն գույներով:
Ինչպես հայտնի է, տաք երանգները տարածքը տեսողական փոքրացնում են, բայց ինտերիերում օգտագործված ահռելի հայելին շատ ներդաշնակ է և վիզուալ տարածքը մեծացնում է։ Սպիտակ կահույքն էլ իր հերթին է ներդաշնակություն հաղորդում ինտերիերին և կոտրում պայծառ գույները։
Միակ մտավախությունը լոգախցիկի փայլուն ապակին է, որի վրա ջրի կաթիլներն անպայման տեսանելի կլինեն և, որպեսզի հաճախակի լվանալու կարիք չլինի կարող եք անփայլ կամ ակոսավոր ապակի տեղադրել։
Ձգված համատեղ սանհանգույց 3,75 ք.մ.

Ինչպես պատկերված է նկարում, ողջ սանհանգույցն ու կահույքը մեկ գծով է դասավորված, ինչը թույլ է տալիս նեղ տարածքն առավել արդյունավետ օգտագործել։
Այս ինտերիերում շատ հետաքիքիր են խճանկարե սալիկներով հարդարված պատերն ու հատակը։ Բազմագույն ոչ մեծ չափերի խճանկարը հարմար է փոքր լոգասենյակների համար, քանի որ այն սենյակն ավելի ընդարձակ է դարձնում։ Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ սալիկները տեղադրված են ոչ թե ամբողջ մակերեսով, այլ տեղ-տեղ։
Խճանկարե սալիկների երկնագույն երանգները մաքրության և թարմության շունչ են փոխանցում, իսկ բեժագույն կամ կրեմագույն սալիկները ջերմություն հաղորդում։
Լոգախցիկով նեղ սանհանգույց 2.2 ք.մ.
Այժմ կքննարկենք շատ նեղ սանհանգույցի դիզայն-նախագիծ`1 x 1,2 մ։
Եթե ընտանիքում երեխաներ կան, լոգախցիկը կարող եք փոխարինել փոքր նստովի վաննայով: Դա ոչ այնքան ոճային է, որքան օգտակար։
Ուշադրություն դարձրեք, որ փոքր տարածքում տեղավորվել է ոչ միայն զուգարանակոնքը, այլև բիդեն (լվացասարք), սակայն դա նեղացնում է անցնելու տարածքը։
Բիդեի փոխարեն կարող եք լվացքի մեքենա դնել, կամ էլ այն տեղավորել լվացարանի տակ։
Պայծառ նարնջագույնն այս ամենին լավատեսություն է հաղորդում։ Ինչպես տեսնում եք նկարում, խճասալիկը թաքցնում է հատակի անհարթություններն, իսկ հատակի սպիտակ սալիկը լոգասենյակը գոտիավորում ու մեծացնում է։
Ուղղանկյունաձև համատեղ սանհանգույց 4 ք.մ.
Այս համատեղ սանհանգույցների դիզայնում օգտագործված են տարածքը ընդարձակելու հնարքներ. ամբողջ պատի երկայնքով մեծ հայելի, կապույտ խճասալիկով հարդարված պատեր և հատակ։
Պատի երկայնքով նեղ սեղանածածկ է տեղադրված, որի վրա տեղադրված է ներկառուցված լվացարան։ Այս հնարքը թույլ է տալիս լրացուցիչ դարակ ստեղծել շամպունների, ատամի մածուկների, լոգանքի գելերի և այլ պարագաների համար։ Վերոնշյալ նախագծի մեջ միակ թերությունն այն է, որ լվացքի մեքենայի համար նախատեսված տարածք չկա։
Քառակուսի լոգասենյակի դիզայն 2×2 չափի
Հետևյալ նկարներում կարող եք տեսնել համատեղ սանհանգույցի դիզայն` սև ու սպիտակ գույներով։
Եթե ինտերիերից հանենք երկրորդ լվացարանը, կստացվի տիպիկ խրուշովյան լոգասենյակ։ Ինտերիերը շատ համարձակ, նրբաճաշակ և արտահայտիչ է, սակայն այստեղ կան թերություններ։ Սև գույնը խորհուրդ չի տրվում կիրառել փոքր տարածքների համար, քանի որ տարածքը վիզուալ փոքրացնում է։ Շատ կարևոր է այնպես անել, որ սպիտակ գույնը գերակշռի։
Իսկ եթե որոշել եք լոգասենյակի դիզայնում կիրառել մուգ գույներ, ապա պետք է այնպես լուսավորել այն, որ ամեն անկյունի վրա լույս ընկնի։ Բացի այդ պետք է հիշել, որ սև գույնի վրա կեղտոտված հատվածներն ու ջրի կաթիլները պարզ երևում են, և պետք է պատրաստ լինեք հաճախակի մաքրություն անելու։
Այս հոդվածում անդրադարձանք տարբեր տարածքներով լոգասենյակների և զուգարանների դիզայնին։ Փոքր սանհանգույց նախագծելիս հաշվի առեք վերը նշված խորհուրդներն ու կստանաք գեղեցիկ և ներդաշնակ դիզայն: Օգտագործեք լավ լուսավորություն, շատ հայելիներ, ճիշտ գույներ և ֆունկցիոնալություն 🙂