Բնակարան առանց ալերգածին նյութերի
Այսօր միջին վիճակագրական տվյալներով բնակչության 1/4 մասը տառապում է ալերգիայով: Ալերգիան կարող է լինել թե ձեռքբերովի, թե ձեռք բերվել կյանքի ընթացքում: Գոյություն ունեն տարբեր տեսակի ալերգեններ, բայց բնակարանում ալերգիայի հարուցիչներ կարող են լինել այն մասերում, որտեղ կենցաղային քիմիա է պահվում, օրինակ՝ բարձր խոնավություն ունեցող հատվածներում, ինչպես նաև անկողնում:
Որպեսզի ալերգածին նյութերի վնասը չեզոքացնեք, անհրաժեշտ է նախապատվությունը տալ բնական և էկոլոգիապես մաքուր նյութերին: Հատակի համար հարմար են ցանկացած տեսակի մանրահատակները, լամինատը, սալիկներն ու խցանե հատակները: Այս տարբերակներից գնային առումով ամենահարմարը լամինատն է, այն նաև հեշտ է մոնտաժվում և լաքապատելու կարիք չունի: Այն, ինչպես և մանրահատակը, էկոլոգիապես մաքուր նյութ է: Խցանե ծածկույթները հակաստատիկ են և մակերևույթի վրա փոշի չեն պահում, հիգիենիկ են, չեն պահանջում հատուկ խնամք, չեն փտում, չեն քայքայվում կենցաղային քիմիայից:
Այժմ անցնենք պատուհաններին: Պլաստիկե պատուհաններն ալերգիա չեն առաջացնում, բայց փայտե պատուհանները, բնականաբար, էկոլոգիապես ավելի մաքուր են: Ցանկալի է օգտագործել թեթև վարագույրներ կամ շերտավարագույրներ:
Պատերի հարդարման համար շատ հարմար է դրանք ներկել հիպոալերգեն ներկերով, ծածկել խցանե ծածկույթներով: Իսկ, եթե ուզում եք պաստառապատել, ապա աշխատեք խիտ, հակաբակտերիալ և հակաստատիկ մշակում անցած բնական թղթե պաստառներ ընտրել, որոնք պետք է փակցնել կցվածքը կցվածքին, որպեսզի արանքերում ավելորդ փոշի չկուտակվի:
Անցնենք կահույքին: Կահույքը լավ կլինի բնական փայտից լինի, սակայն լավ փայտը թանկ է և ոչ բոլորին հասանելի: Ցանկալի է ընտրել հաճարից, կեչուց, լաստենուց պատրաստված կահույք: Սոճուց պատրաստված կահույքը ևս հարմար է, պարզապես, այն փափուկ է, և մակերևույթին հեշտությամբ հետքեր են մնում:
Ալերգիկների համար ամենասարսափելին փափուկ կահույքն է: Այն մագնիսի պես ձգում է փոշին, իսկ մաքրելը շատ բարդ է: Իրականում լավ կլինի ընտրել կաշվե կամ կաշվի փոխարինիչով երեսպատված կահույք, բայց այդ հաճույքը ոչ բոլորին է հասանելի, այդ իսկ պատճառով կարող եք հիպոալերգեն պատյաններ վերցնել: