Բյուրեղներն ինտերիերում

Համացանցում վերջին շրջանում հաճախ կարելի է հանդիպել աշխատասենյակների, բնակարանների կամ սենյակի առանձին հատվածների գեղեցիկ լուսանկարներ, որոնցում գլխավոր զարդը տարատեսակ բյուրեղներն են կամ բնական քարով երեսպատումը: Ճարտարապետական դետալների, աքսեսուարների, զարդերի տեսքով բյուրեղները ավելի ու ավելի հաճախ են հանդիպում՝ գերելով մեր հայացքը: Ո՞րն է դրանց գաղտնիքը:

Միներալների օգտագործումը ինտերիերում որպես երեսպատման նյութ

Եթե խոսենք տարածքների և մեծ մակերեսների երեսպատման համար օգտագործվող ավանդական նյութերի մասին, ապա դափնին, անկասկած, բաժին կհասնի բնական մարմարին, որը բոլոր դարերում էլ դիտվել է իբրև շքեղության և բարձր ճաշակի խորհրդանիշ:

Հիշեցում. Բնական մարմարը ծակոտկեն կազմություն ունի և խոնավությունը լավ է ներծծում, այդ պատճառով այս քարից սեղաներեսը հետևողական խնամք է պահանջում. թափված գինին կամ սուրճը դրա վրա հեշտությամբ կարող են հետք թողնել և փչացնել տեսքը:

Աննկարագրելի գեղեցկություն կարելի է ստանալ օնիքսի միջոցով, հատկապես ներքին լուսավորության համադրությամբ: Այն օգտագործում են որմնաքանդակների, կահույքի ձևավորման, լվացարանների կամ ճարտարապետական ոչ մեծ տարրերի՝ սյուների, բարի, բուխարու ձևավորման համար։ Օնիքսը բավականին փխրուն նյութ է, այդ պատճառով ցանկալի չէ օգտագործել որպես հատակի ծածկույթ։

Գրանիտը նույնպես բավականին գրավիչ տեսք ունի և ավանդաբար օգտագործվում է որպես երեսպատման և ձևավորման նյութ, սակայն հիմնականում դասական դիզայնով սենյակներում։ Գրանիտն ի տարբերություն մարմարի կամ օնիքսի շատ ավելի դիմացկուն է և խնամքի նկատմամբ պահանջկոտ չէ, բայց այնքան ծանր է կշռում, որ դրա տեղափոխման և տեղադրման աշխատանքները կարող են այնքան թանկ արժենալ, որքան բուն ապրանքը, բայց դրա դիմաց կունենաք այնպիսի մի պարագա ձեր ինտերիերում, որը կարող է ծառայել դարերով։

Տրավերտինը բավականին տարածված քար է հարավային Եվրոպայի շատ երկրներում ու նաև Հայաստանում։ Առավել հաճախ այն օգտագործում են արտաքին երեսպատման համար, սակայն տրավերտին կիրառելի է նաև ներքին պատերի երեսպատման, պատուհանագոգերի, բուխարու ձևավորման համար։

Ինտերիերում բնական քարը, անկասկած, շատ թանկ հաճույք է, սակայն. թերևս, միակ տարբերակն է համադրելու ներկայացուցչական շքեղությունը, լավ ճաշակն ու ոճի զգացողությունը։ Բացի այդ բյուրեղների բնական գեղեցկությամբ կարելի է հիանալ ամենևին էլ ոչ շատ մեծ ծախսերով։

Բնական բյուրեղներից դեկորներ և աքսեսուարներ

Եկեք անկեղծ լինենք. որքան էլ մարդիկ միներալներին տարատեսակ բուժական ու միստիկական հատկություններ չվերագրեն, նրանց առաջին հերթին գրավում է քարերի գեղեցկությունը։ Բնականաբար, ամբողջ պատը բնական քարերով ձևավորել կամ քարից պատրաստված սեղան ունենալը ամենևին էլ ոչ բոլորին է հասանելի, սակայն մի քանի նմուշ ունենալ աշխատասենյակում, դարակի վրա կամ սուրճի սեղանին կարող են շատերը։

Որպես դեկոր վաճառքում ավելի հաճախ կարելի է տեսնել ագաթի ոչ մեծ կտորներ, ամեթիստի մանուշակագույն բյուրեղախումբ, ծովի ալիքներ հիշեցնող ֆտորասպաթ (флюорит), կվարցի թափանցիկ կամ վարդագույն բյուրեղներ, խայտաբղետ հասպիս։ Այսպիսի ոչ մեծ իրերը կամ չղհկված միներալները գնային առումով բավականին մատչելի են։

Խորհուրդ

Որոշ միներալներ զգայուն են արևի ուղիղ ճառագայթների և ջերմաստիճանի տատանումների նկատմամբ, սակայն պահպանման հատուկ պայմաններ պետք չեն և սենյակային ջերմաստիճանում իրենց բավականին լավ են զգում։

Բնական միներալներից պատրաստված դեկորատիվ տարրերը ունակ են ցանկացած իր թարմացնել. դրանցից հաճախ պատրաստում են բռնակներ կահույքի համար, լուսամփոփներ, կնքամամլիչ (пресс-папье), հայելու շրջանակներ և այլ ոչ մեծ աքսեսուարներ։ Այդպիսի իրեր կարելի է գտնել շատ արտադրողների հավաքածուներում և բավականին հարմար գներով։

Բնական միներալները բազմազան են ու զարմանահրաշ, այդ պատճառով ստանդարտ ծաղկամանները կամ արձանիկները դժվար թե կարողանան իրենց գեղեցկությամբ մրցակցել բնական միներալների հետ, առավել ևս, որ դրանց բյուրեղները միշտ բացառիկ են։ Քարերը միշտ էլ նորաձև են և դժվար է պատկերացնել այնպիսի ոճ, որտեղ դրանք տեղին չեն` դասականից մինչև մինիմալիզմ, բոհեմականից մինչև էթնիկ։

Բյուրեղների հատկությունները

Մարդիկ հնուց բյուրեղները համարում են մոգական թալիսմաններ, որոնք ազդում են տիրոջ հաջողության, հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա։ Մեր օրերում էլ այդ հավատալիքները մնում են և անգամ մեծ ժողովրդականություն են վայելում. շատերը աքրեր են ընտրում ըստ կենդանակերպի նշանի, ծննդյան ամսաթվի կամ էլ տվյալ քարին վերագրվող հատկությունները հաշվի առնելով։ Շատերն ընտրված բյուրեղը մշտապես կրում են իրենց վրա կամ պայուսակում, պնդելով` որ այն ժամանակի ընթացքում սկսում է բարերար ազդեցություն ունենալ կյանքի ու ինքնազգացողության վրա։ Այդպես է թե ոչ, դժվար է ասել, բայց մի բան հաստատ է. ձեռքին ունենալ գեղեցիկ ինչ-որ բան, որը դրական զգացմունքներ է առաջացնում, կարող է օգնել նյարդերը հանգստացնել կամ անհրաժեշտ տրամադրվածություն առաջացնել։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ