Հետաքրքիր դիզայն մտքեր պատուհանների ձևավորման համար
Պատուհանները հետաքրքիր ձևավորելով կարող եք այդ հատվածը տան ամենասիրելի մասը դարձնել։ Ինչպես ասում են, պատուհանները տան աչքերն են, իսկ աչքերը` հոգու հայելին։ Նախքան դեկորին անցնելը, պետք է հասկանալ արդյոք փչում է պատուհաններից, թե ոչ։ Եթե փչում է, ապա պետք է այս խնդիրը լուծել որակյալ ապակեփաթեթների միջոցով:
Պատուհանագոգը կարելի է հարմարավետ բազմոցի կամ աշխատանքային հատվածի վերածել, բայց դա կախված է պատուհանի բացվածքի բարձրությունից։
Դիզայն մտքեր փոքր պատուհանների ձևավորման համար
- Հրաժարվեք բազմաշերտ և ծանր վարագույրներից, դրանք անհարմար են փոքր պատուհանների համար,
- հիշեք, որ երկար վարագույրներն ու ուղղահայաց գծերը երկարացնում են պատուհանի տարածությունը,
- շրիշակները տեղադրեք առաստաղի տակ, իսկ պատուհանի բացվածքի վերևի հատվածը քողարկեք դեկորատիվ վարագույրով. այդպիսով պատուհանն ավելի մեծ կերևա,
- նախընտրությունը տվեք միատոն կտորներին կամ մանր նախշերով տեքստիլին,
- հունական վարագույրներն ու շերտավարագույրները հատկապես հարմար կլինեն խոհանոցի փոքր պատուհաններին։
Խորհուրդ. Եթե ցանկանում եք պատուհանները տեսողական մեծացնել, ապա պատուհանների բացվածքների ճակատային հատվածներում ամրացրեք հայելիներ և կստանաք հիանալի արդյունք։
Իհարկե մեծ պատուհանները առավելություն են, սակայն դրանք ձևավորելու համար պետք է լուրջ մտածել:
Դիզայն մտքեր մեծ պատուհանների ձևավորման համար
- Արևից պաշտպանվելու համար կարելի է ընտրել ռոլետային վարագույրներն, որոնք հեշտությամբ կքողարկվեն քիվերի տակ և կօգտագործվեն որպես հիմնական դեկորի լրացում։
- Կարող ենք օգտագործել նաև տարբեր տեակի կտորներով և ծալքերով բազմաշերտ կոմպոզիցիաներ:
- Շատ մեծ պատուհանների համար լավ կլինի վերցնել շերտավարագույրներ:

Խոհանոցի պատուհաններ
Պատուհանագոգն ու պատուհանի բացվածքը կարելի է ավելի ֆունկցիոնալ օգտագործել և չսահմանափակվել վարագույրների կամ շերտավարագույրների ձևավորմամբ։
Պատուհանագոգի փոխարեն կարելի է անմիջապես պատուհանի դիմաց տեղադրել լվացարան կամ սեղան։ Այսպիսի ձևավորումը թույլ կտա խնայել բավականաչափ տարածք և կապահովի բնական լուսավորություն։

Փոքր խոհանոցներում կարելի է լայն պատուհանագոգ տեղադրել, ինչը թույլ կտա այն որպես սեղան օգտագործել։

Հիշեցում. Գեղեցիկ ձևավորում ստանալու համար պլաստիկ պատուհանագոգերից բացի կարելի է օգտագործել նաև սալիկներ և խճանկարներ:
Աշխատանքային հատված պատուհանագոգի վրա
Պատուհանագոգը ֆունկցիոնալ դարձնելու համար կարելի է այն աշխատանքային հատվածի վերածել։ Եթե ստանդարտ պատուհանագոգի փոխարեն լայն սեղաներես տեղադրենք, ապա կխնայենք կահույքի վրա և լավ լուսավորություն կունենանք: Այս դեպքում կպահանջվի տեղադրել շերտավարագույրներ, որպեսզի պայծառ լույսը աշխատելիս չխանգարի, և վարդակներ, որպեսզի տեխնիկան միացնելու հնարավորություն ունենանք։
Ընթերցանության անկյուն
Ընթերցանությունն ավելի հաճելի դարձնելու համար պատուհանագոգին կարելի է բարձերով փափուկ նստատեղ ստեղծել, դրա տակ պահարաններ տեղադրել կամ մարտկոցը քողարկել փայտյա էկրաններով:

Խորհուրդ. Այդպիսի նստատեղ պատրաստելու համար բավական է մեծ հարթ բարձ դնել, իսկ երկար և նեղ բարձը դնել պատուհանի շրջանակի մոտ, որպեսզի ճեղքերից չփչի։
Վիտրաժներ և ինքնակպչուն նկարներ
Պատուհանից բացվող վատ տեսարանը կարելի է ապակին քողարկել վիտրաժային ներկերով կամ ինքնակպչուն նկարներով, որպեսզի ավելորդ անգամ չնյարդայնանանք։
Հիշեցում. Վերջնական տեսք ապահովելու համար կարելի է պատուհանագոգերին սենյակային ծաղիկներ կամ բույսեր տեղադրել։
Կեղծ պատուհան
Եթե սենյակը պատուհաններ չունի, ապա ճիշտ կլինի պատի մեջ մի քանի սանտիմետր փորվածք անել, այդ հատվածում պաստառ փակցնել և լուսավորություն տեղադրել: Կարելի է նաև վարագույրներ կախել և ներքին լուսավորության շնորհիվ պատուհանի տեսք հաղորդել։
Պատուհանների ձևավորումը ինտերիերի շատ կարևոր մաս է, ուստի հարմարավետ բնակարան ունենալու համար պետք չէ անտեսել պատուհանները: