Դիզայնի դեմքերը. Կայետանո Պեշե
Իտալացի ճարտարապետ, մանկավարժ ու տեսաբան Կայետանո Պեշեն ծնվել է 1939 թ. Իտալիայի Սպեցիա քաղաքում: 1959-65 թթ. ուսումնասիրել է ճարտարապետություն և դիզայն Վենետիկում: 1962 թվականից սկսում է զբաղվել կահույքի դիզայնով: Հետագայում դասախոսություններով ելույթ է ունեցել Ամերիկայի ու Եվրոպայի շատ համալսարաններում:
Նրան միջազգային ճանաչում է բերել 1969թ. ստեղծված Up 5 բազկաթոռը: Դիզայները ստեղծել է 7 տեսակի բազկաթոռների շարք պենոպոլիուրետան կոչվող նյութով:
Հետագայում Պեշեն տարվում է էքզիստենցիալիստական մտքերով ու դառնում է դիզայներ-էքզիստենցիալիստ՝ փորձելով առարկաներում մարմնավորել մարդկային զգացմունքները՝ անհանգստություն, տագնապ, մահ ու վախ: Պեշեն ինքն իրեն ու իր հետ աշխատողներին անվանում է խելագար ճարտարապետներ:
Նրա հայտնի նախագծերից է Մոսկովյան սենյակը, որն առաջին անգամ ցուցադրվել է 2002 թվականին Միլանի կահույքի սրահում հատուկ ծրագրի շրջանակներում, որին մասնակցում էին աշխարհի 10 խոշոր դիզայներներ ու ճարտարապետներ:
Կայետանո Պեշեի գործերն առանձնանում են իրենց յուրօրինակությամբ: Ահա հետաքրքիր գրապահարան, որն իր դիզայնով արտասովոր աշխատանք է:
Հայտնի դիզայների ձեռագիրն առանձնանում է զգացմունքայնությամբ, քաղաքական ենթատեքստով, գունային ներկապնակի ու նյութերի բազմազանությամբ:
Կայետոնո Պեշեի հայտնի հավաքածուներից մեկը՝ Fish Design-նն առանձնանում է տան իրերի յուրօրինակ ու բազմազան տեսականիով: Դրանք մեկը մյուսից տարբերվում են անկրկնելիությամբ:
Ըստ նրա՝ ավանդական կահույքն ունի հարմարավետություն ու պրակտիկություն, մինչդեռ իր ցանկությունը զգացողություններ հաղորդելն է: Ոչ ավանդական կահույքը ստիպում է մարդկանց բացվել: Նրա կարծիքով իրերը պետք է կարողանան դեպի լավը փոխել մարդկանց կյանքը, ավելացնել ջերմություն, գույներ ու զգացողություններ: