Էկո ոճի գորգեր
Ինտերիերում այժմ շատ տարածված են էկոծածկույթները, որոնք արտադրվում են բացառապես բնական նյութերից: Այս անգամ ներկայացնում ենք էկո գորգերը 🙂
Սիսալե խսիրներ
Այսօր մեծ հռչակ են վայելում հարթ հյուսվածքով բուսական գորգերը: Դրանք կոչվում են խսիրներ: Խսիր հյուսելու արվեստը սկիզբ է առնում արևելյան մշակույթից: Ճապոնացի վարպետները խսիրներ էին հյուսում եղեգներից, իսկ Հարավային Ամերիկայում հատակի փռվածքների, ուղեգորգերի, ցանցերի համար ավանդաբար գործածվում էր սիսալը՝ ագավա բույսի մանրաթելը, որն էլ դարձավ ժամանակակից տների էկոլոգիապես մաքուր հատակի ծածկույթների հիմնական նյութը: Նյութն իր անունն ստացել է մեքսիկական Սիսալ նավահանգստի անունից:
Սիսալե խսիրներն իսկական էկոթրենդ դարձան, քանի որ 100% բնական նյութից են պատրաստված: Դրանք ունեն գեղագիտական անգնահատելի հատկություններ, նաև ամուր են ու մաշակայուն: Որպես կանոն, այդպիսի խսիրները պահպանում են բնական գույնը՝ ավազի գույնից ու բեժից մինչև ճահճի ու թրծակավի գույն: Սրանք հիանալի համադրվում են մինիմալիստական կամ էկո ոճի ինտերիերին, նաև արևելյան մոտիվներով շինություններին:
Այս ամենից բացի, սիսալե խսիրը հեշտությամբ է մաքրվում. սովորաբար փոշեկուլով մաքրելը բավական է, որ խսիրը երկար ժամանակ պահպանի տեսքը: Սակայն սիսալի մանրաթելերը չեն դիմանում խոնավությանը, և խսիրի վրա շատ ջուր թափվելու դեպքում անհրաժեշտ է արագ չորացնել ջուրը:
Սիսալի ևս մեկ անառարկելի առավելությունն այն է, որ հիպոալերգեն է և կարող է օգտագործվել այն ժամանակ, ասենք, երբ տնեցիներից որևէ մեկը բրդից ալերգիա ունի: Բոլոր այս առավելությունների հետ մեկտեղ սիսալե խսիրները բավական մատչելի են՝ համեմատած հատակի այլ բնական ծածկույթների հետ:
Ցանկացած չափսի ու ճաշակի գորգեր
Սիսալե խսիրը յուրահատուկ ինտերիերին համապատասխանեցնելու համար կարելի է այն պատրաստել գորգի նման՝ անհատական չափսերով, եզրերը շրջանակելով վուշե, բամբակե կամ այլ նյութից պատրաստված երիզով:
Սիսալե խսիրը տրամաբանական վերադարձ է դեպի բնության ստեղծած էկոլոգիապես մաքուր նյութեր, դեպի հավերժական արժեքներ ու հազարամյա պատմություն:
Գորգեր բուսական նյութերից
Էկոլոգիապես մաքուր գորգեր պատրաստվում են նաև բուսական նյութերից՝ վուշից, եղինջից, կանեփից… Բնական գույները, բացառիկ գեղեցկությունն ու օգտագործման թեթևությունը բնորոշ են ինտերիերի այս առարկաներին: Այսպիսի ամեն մի գորգ յուրովի հատուկ է: Այսպիսի գլուխգործոց գնելով՝ ձեր տուն կբերեք ոչ միայն յուրօրինակություն, այլև բնության կենդանի էներգիա, որը ձեզ կլցնի առողջությամբ, ուժով ու հոգեկան ներդաշնակությամբ:
Վուշե գորգեր
Վուշե գորգերն առաջին հերթին հմայում են իրենց արտաքինով: Նրբագեղությունը, ազնվազարմ փայլն ու բաց բեժագույն երանգները մտածել են տալիս, որ այդ գեղեցկությունը բավական թանկ արժե: Բայց ոչ: Վուշե գորգերը բավական մատչելի գին ունեն:
Վուշե գորգերն արտաքինից նման են մետաքսե գորգերին, իսկ բնական բաց երանգները թույլ են տալիս դրանցով զարդարել ինտերիերների մեծամասնությունը:
Որպես կանոն, վուշե գորգերը հյուսվում են ձեռքով՝ Նեպալում, Հիմայալների շրջակայքում:
Եղինջե գորգեր
Էկո գորգերի ևս մեկ ներկայացուցիչ են եղինջից պատրաստված գորգերը: Դրանք մետաքսի ու էկո ոճի մարմնացում են: Եղինջից պատրաստված գորգերը փափուկ են ու մետաքսանման, ձեռագործ են, հյուսվում են ամենադժվար հանգուցային տեխնիկայով: Եղինջը վաղուց ի վեր հայտնի է որպես օրգանիզմի համար օգտակար բույս, քանի որ ունի առողջարար ու բուժիչ հատկությունների ամբողջական լրակազմ:
Կանեփե գորգեր
Կանեփե գորգերը հիպիական ոճի ու բնականության համադրություն են: Դրանք ունեն ազնվազարմ բնույթ, բայց շոշափելիս փոքր-ինչ կոպիտ են: Այս գորգերը շատ են սազում էկո ինտերիերին, հյուրասենյակին, աշխատասենյակին կամ պատանու սենյակին:
Իսկ ինչպիսի՞ գորգեր եք նախընտրում Դուք 🙂