Գեղեցիկ ինտերեր Ար նուվո ոճով
Ար նուվո ոճը ծագել է ինդուստրիալ դարաշրջանի դաժանությանն ի պատասխան: Այս ոճի կարգախոսն էր՝ «գեղեցկությունն ընդդեմ մեքենաների»: Մեր ժամանակներում ար նուվո ոճի ինտերիերն ստեղծում է հիանալի ապաստարան, որտեղ կարելի է թաքնվել արտաքին աշխարհի ագրեսիայից:
Փորձենք հասկանալ տերմինները: Երբ կրթված մարդը կահույքի խանութում լսում է «մենք ամեն ինչ ունենք՝ դասականից մինչև մոդեռն» արտահայտությունը, ուզում է ականջները փակել, քանի որ ավելի մեծ գովազդային անգրագիտություն չի կարող լինել: Մոդեռնը ամենևին էլ ժամանակակից կահույքը չէ, ինչպես մտածում են որոշ վաճառողներ: Մոդեռնը նախավերջին (ար դեկոյից առաջ) Մեծ Ոճն է, որն իշխում էր Եվրոպայում 1890-1910 թվականներին և դրսևորվեց ճարտարապետության, ինտերիերի, ապակեղենի, կահույքի, հագուստի ու փորագրության մեջ:
Ավստրիայում այս ոճն ամենից առաջ հայտնվեց ու կոչվեց «Սեցեսիոն»: Գերմանիայում դրա համար օգտագործվում էր «յուգենդշտիլ» տերմինը: Ֆրանսիայում այն կոչվում էր «ար նուվո» (նոր արվեստ): Ռուսները այն կոչեցին «մոդեռն»՝ անգլերեն Modern Style Floreale անվանումից ելնելով, թեև Անգլիայում այն ավելի հաճախ կոչում էին «լիբերթի»:
Ոճի հիմնական բնութագրիչը սահուն, ճկված ձգվող գծերն են: Բազկաթոռների արմնկակալները ձուլվում են ձեռքի հետ ու ասես ներքև ձգում, սեղանները ոչ մի սուր անկյուն չունեն, ջահերն ու լուսամփոփները նման են ցանցերի մեջ խճճված ճպուռների:
Ար նուվո ինտերիերի ոճ ունեցող տանն ասես չի գործում ձգողականության ուժը, ամեն բան ձգվում է ու թռչում, ինչպես մոդեռնի նախնիների՝ նախառաֆայելյանների կտավներում:
Մոդեռնը նուրբ, բայց համապարփակ արվեստ է: Տան միայնակ իրերը կենդանանում են, կամացուկ նայում տանտիրոջն ու ստիպում վերափոխել ամբողջ ինտերիերը: Այդպես էր 20-րդ դարի սկզբում: Այդ ոճի առանձնատուն կառուցելիս մոդեռն պետք է լիներ ամեն ինչ՝ դռան բռնակի ու բազրիքների տեղադրման ձևից մինչև գորգերն ու տանտիրուհու զգեստը:
Ի դեպ, մոդեռնի երկրպագու տանտերերը սովորաբար ունենում էին յուրահատուկ բնավորություն. թեթևակի դեկադենտություն՝ ընդհանուր երազկոտության ֆոնի վրա 🙂 Մոդեռն ոճի տիկինը հանելուկային ջրահարս է՝ գունատ դեմքով, կորսետով ձգած ու երեսունութ սանտիմետր դարձրած իրանով:
Մոդեռնի խորհրդանիշերի ու գծերի հիմնական աղբյուրը Ճապոնիան է: Ծագող արևի երկրով էին տարված եվրոպացի այն նկարիչները, որոնք ցանկանում էին նպաստավոր հող ստեղծել նոր ոճի համար:
Այդ դարաշրջանում Վան Գոգն անդադար կրկնօրինակում էր Օգաթա Կորինայի «հիրիկները»՝ մոդեռնի խորհրդանիշ ծաղիկը: Ուիլյամ Մորիսը հաճախակի էր նկարում ճապոնական քրիզանթեմներ: Ճապոնական քանդակների ամենամեծ հավաքածուն իր սև ու սպիտակ ոճավորմամբ վարակեց հետագա ողջ գծանկարչությանը: Բոլոր արվեստագետների մոտ անխտիր նկատվում է Ուտագավա Հիրոսիգեի քանդակներից վերցրած S-աձև ալիքավոր գիծը, որը մոդեռնի խորհրդանիշն է:
Ստանդարտ բնակելի մակերեսի վրա հնարավոր է «մոդեռն» ինտերիերի ոճ ստեղծել, որի հիմնական գույներն են բաց կանաչը, մանուշակագույնն ու դրանց բոլոր երանգները, «մորեխի» ու «ճպուռի» գույնը, «Կասպից ծովի» գույնը, «գլիցինիայի գույնը» և այլն: Լավ համադրվում են նաև մոխրագույնը, կրեմագույնն ու երկնագույնը, և որքան բաց, այնքան լավ:
Կահույք ընտրելիս պետք է նախապատվությունը տալ սահուն ձևերին ու բաց գույնի բնափայտին, իսկ ավելի լավ է պատվիրել մոդեռնի վարպետների մոտ: Կամ էլ կարելի է անտիկվար գնել:
Ինտերիերի հարդարման հիմնական նյութը կերամիկան է: Նախընտրելի են ձեռքի աշխատանքները: Վիտրաժներն ու լամպերը մոդեռն ոճի ինտերիերի կարևոր բաղադրիչներ են: Խրախուսվում է երկու տարբերակ՝ Լուիս Կոմֆորտ Տիֆֆանիի (ԱՄՆ) վիտրաժային լամպերն ու Էմիլ Գալեի (Ֆրանսիա) բազմաշերտ լամպերը 🙂