Գիպսաստվարաթղթե առաստաղների դիզայն ներկառուցված լուսավորությամբ

Այժմ ներկառուցված լուսավորությամբ գիպսաստվարաթղթե առաստաղները համարվում են դիզայներական ամենատարածված լուծումներից մեկը։

Առաջին հայացքից թվում է, թե հատուկ խորշերում լուսավորություն ստեղծելը բարդ է, բայց ժամանակակից նյութերը թույլ են տալիս անել դա հեշտ և արագ, եթե նույնիսկ էլեկտրականությունից շատ բան չեք հասկանում։

Գիպսաստվարաթղթե առաստաղները իրենց կոնստրուկցիայով լինում են 2 տեսակ.

  • Բաց լուսավորությամբ (լուսամփոփները տեղադրվում են անցքերի մեջ կամ կախվում են),
  • Քողարկված լուսավորությամբ (լուսամփոփները տեղադրվում են նախապես պատրաստված խորշի՝ գիպսաստվարաթղթե երկմակարդակ առաստաղի մեջ):

Առավել տարածված են քողարկված լուսավորությամբ գիպսաստվարաթղթե առաստաղները, որոնց մեջ լույսը հավասարապես է բաշխված, ցրվում է և արտացոլվում առաստաղից։

Լուսավորության ընտրությունը

Եթե որոշել եք գիպսաստվարաթղթե ներկառուցված լուսավորությամբ գեղեցիկ առաստաղների դիզայն ստանալ, ապա պետք է ընտրեք լույսի աղբյուրը, որը կարող է լինել led ժապավեն, լյումինեսցենտային լամպեր, դյուրալայթ կամ օպտիկամանրաթելով լուսապրոյեկտորներ` «աստղային երկինք» առաստաղի համար:

Այժմ լուսավորություն ստանալու ամենատարածված և հեշտ միջոցը լուսադիոդային ժապավենն է, որն ունի մի շարք առավելություններ։

  • Լուսադիոդային ժապավեններն էժան են և միևնույն ժամանակ հավասար լույս են տալիս։ Սենյակի պարագծով մեկ սոսնձված ժապավենը 200 վատտ լամպից ավելի լավ է լուսավորում։ Բայց, որպես հիմնական լուսավորություն այն պետք չէ օգտագործել:
  • Վերջիններս աչքի են ընկնում իրենց բարձր էներգաարդյունավետությամբ և դիմացկունությամբ, հեշտ են մոնտաժվում, ունեն հեռակառավարման, գույների և ռեժիմների փոփոխության հնարավորություն:
  • Գոյություն ունեն ջրակայուն ժապավեններ, ինչը թույլ է տալիս գիպսաստվարաթղթե առաստաղներ տեղադրել խոհանոցում, լոգասենյակում և սանհանգույցում։

Եթե որոշել եք քողարկված լուսավորությամբ գիպսաստվարաթղթե առաստաղի մեջ խորշ ստեղծել, ապա առաջին հերթին պետք է մետաղական պրոֆիլից սարքեք հիմնակմախք:

Ինչպե՞ս մոնտաժել հիմնակմախքը

  1. Առաստաղից բաց թողեք 100 մմ, և սենյակի պարագծով մեկ հորիզոնական գիծ քաշեք` լազերային կամ հիդրոհարթաչափի օգնությամբ։ Գծի երկայնքով պատին ամրացրեք մեկնարկային պրոֆիլը։
  2. Հիմնական պրոֆիլն ամրացրեք մեկնարկայինի մեջ և այն կախոցներով հավելյալ առաստաղին ամրացրեք։ Պրոֆիլը պետք է ամրացվի 40 սմ միջակայքով:
  3. Որպեսզի կոնստրուկցիան ամուր լինի, հիմնական պրոֆիլների միջև մոնտաժում են նույն պրոֆիլից կամրջակներ։

Առաստաղների դիզայն . խորշի մոնտաժ լուսավորության համար

  1. Առաստաղի առաջին մակարդակի վրա գծեք առաստաղի երկրորդ մակարդակի սահմանը։ 4-6 սմ բաց թողեք (քիվի լայնությունը) և մեկնարկային պրոֆիլն ամրացրեք առաստաղին (UD): Թիթեղի մկրատով հիմնական պրոֆիլից երկրորդ մակարդակի բարձրության երկարությամբ կտորներ կտրեք և պտուտակներով ամրացրեք մեկնարկային ուղղորդողի մեջ, որոնք կատարելու են կախոցների դեր։
  2. Ներքևի կողմից կախոցների վրա ևս մեկ UD պրոֆիլ ամրացրեք։ Ստացված հիմնակմախքի մեջ դրեք հիմնական առաստաղային պրոֆիլները և դրանք միասնական կոնստրուկցիայի վերածեք։ Անհրաժեշտ լարերը հանեք և հիմնակմախքն ամրացրեք այնպես, ինչպես առաջինն եք ամրացրել։
  3. Այնուհետև ծեփեք գիպսաստվարաթղթե կցակարերը, պտուտակների գլխիկները և մնացած մասերը։ Կցակարերը ճաքերից պաշտպանելու համար ապակեկտավ «սարդոստայն» օգտագործեք:

Խորհուրդ։ Եթե ցցված քիվը մեծ չի ստացվել, կարելի է մակերևույթի պարագծով մեկ հեղուկ մեխերով գիպսաստվարաթղթե նեղ գիծ սոսնձել, որը կքողարկի լուսադիոդային ժապավենը։

Լուսավորության մոնտաժն ու միացումը

Երբ արդեն հիմնակմախքը պատրաստ է, վերջապես կարելի է տեղադրել լուսավորությունը՝ պահպանելով մոնտաժի հիմնական կանոնները:

Ժապավենը պետք է կտրել միայն հատուկ նշված տեղերից։ Մի քանի ժապավեններն իրար միացնելու համար կարելի է օգտագործել հատուկ led կոննեկտորներ։

Սնուցման բլոկի հզորությունը պետք է լինի led-երի հզորությունից 20-30 տոկոս ավելի, որպեսզի շարքից շուտ դուրս չգա։ Իսկ մետաղական մակերևույթների ամրակումը պետք է լինի մեկուսիչի վրայից։

Այս գործում ուշադիր պետք է լինել, որպեսզի միմյանց չխառնվեն 12 վոլտի և 220 վոլտի վարդակները։

Լուսադիոդային ժապավենի միացում

Սնուցման բլոկից մի  ծայրը պետք է միանա 220 վոլտի լարին, իսկ մյուս ծայրը` լուսադիոդային ժապավենին։ Եթե օգտագործում եք RGB ժապավեն, ապա ուշադիր եղեք, որ բևեռները չխառնեք։ Կարմիր լարը` դրական բևեռն է (плюс), կապույտը կամ սևը` բացասական (минус)։ Դրանք տեղերով չի կարելի փոխել։

Միացրեք և ստուգեք լուսադիոդները սարքին են, թե՝ ոչ։ Եթե ամեն ինչ նորմալ է, ապա կարող եք ինքնակպչուն թղթով սոսնձել այնտեղ, որտեղ պետք է։

Ժապավենի երկար հատվածների հաջորդական միացման դեպքում, լարումը ժապավենի ծայրում իջնում է, իսկ լուսավորությունը տարբեր հատվածներում տարբեր է լինում։ Ավելի ճիշտ և անվտանգ կլինի 5 մետրից բարձր հատվածները զուգահեռ միացնել 1,5 մմ հատվածք ունեցող լարով։ Ընդ որում, պետք է ունենալ հզոր սնուցման բլոկ, իսկ եթե այն չկա, ապա նպատակահարմար է վերցնել 2 հատ, բայց ավելի թույլը։ Այդ դեպքում 220 վոլտի ցանցից լարը երկարացնելու համար կբավականացնի նույնիսկ 0,75 մմ հատվածքը։

Ինչպես համոզվեցիք, լուսադիոդային ժապավենի միացման գործընթացը բավական հեշտ է։ Կարևորը համապատասխան սնուցման բլոկ գնելն ու բևեռները չխառնելն է։ Լուսադիոդային լուսավորությամբ կարելի է 1 օրում սեփական ձեռքերով գեղեցիկ առաստաղների դիզայն ստանալ 🙂

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ