Գույների համադրությունն ինտերիերում
Գունային ճիշտ համադրությունը ներդաշնակ ինտերիեր ունենալու ամենակարևոր նախապայմանն է: Կատարյալ լուծումներ ստանալու համար փորձենք ծանոթանալ միմյանց համադրվող գունային երանգների հետ:
Միագույն երանգներ
Միագույն համադրությունը ենթադրում է ինտերիերում միևնույն գույնի տարբեր երանգների կիրառություն՝ սպիտակի, սևի ու մոխրագույնի հնարավոր հավելումներով: Այն համարվում է պարզ ու դասական, և արդյունքում ստացվում է հանգիստ ու շատ ներդաշնակ ինտերիեր:
Միագույն երանգները կարող են լինել թե՛ տաք, թե՛ սառը: Սառը գույներն ինտերիերը դարձնում են ավելի ընդարձակ՝ ի տարբերություն տաք գույների, որոնք սենյակը փոքրացնում են, սակայն դարձնում են վառ ու էներգետիկ:
Հանգիստ ու հարմարավետ ինտերիեր ստանալու համար կարելի է համադրել նաև չեզոք գույներն ու նուրբ երանգները: Օրինակ սենյակի համար որպես հիմնական գույն կարելի է ընտրել մարմնագույնը, սպիտակը՝ որպես լրացնող գույն, ինչպես նաև օգտագործել երկնագույնի նուրբ երանգները:
Համանման գույներ
Սա ենթադրում է երկու կամ երեք համանման գույների կիրառություն, որտեղ մի գույնը համարվում է գերակշռող, իսկ մյուս երկուսը՝ լրացնող: Դա իրականացնելու համար կարելի է համադրել թե՛ տաք, թե՛ սառը գույները:
Լրացուցիչ գույներ
Սա հիմնված է երկու հակադիր գունային համադրությունների վրա: Եթե ուզում եք ստանալ հակադիր գունային համադրություններով ինտերիեր, ապա կարող եք ընտրել երկու հագեցած հակադիր գույներ: Ավելի հանգիստ ինտերիեր ստանալու համար կարելի է կիրառել մեղմ գույն, իսկ շեշտադրման համար՝ դրան հակադիր գունային երանգ ընտրել:
Կան բազմաթիվ գունային երանգների համադրություններ, որոնք իմանալով, կարող եք ինքնուրույն ընտրել ու համադրել ցանկացած, թեկուզ միմյանց հակադիր գույներ: