Հատակի ու դռների գույնն ինտերիերում
Դռների ընտրությունը սովորաբար կատարվում է վերանորոգումից հետո: Դրանց գույնը, նյութն ու կառուցվածը պետք է համապատասխանի տան ինտերիերին՝ հատկապես ուշադրություն պետք է դարձնել տան պատերին, հատակին, պատուհաններին և կահույքին:
Շատ կարևոր է հաշվի առնել այն նյութը, որից պատրաստված է հատակը, քանի որ այն ընդգծում է սենյակի առավելություններն ու թաքցնում թերությունները: Դրանով է պայմանավորված նաև դռների ընտրությունը: Ինչպե՞ս ընտրություն անել, որպեսզի դռներն ու հատակը ներդաշնակ լինեն:
Սպիտակ դռներ
Սպիտակ դռները բոլոր դեպքերում գեղեցիկ են. դրանք կարող են համապատասխանել այն սենյակներին, որոնք ունեն վիկտորիանական, նյույորքյան, ռետրո, սկանդինավյան և մինիմալիստական ոճ:
Ռիսկային է սպիտակ դռների համադրությունը սպիտակ հատակներին: Դա երբեմն ստեղծում է հիվանդանոցային պատկեր և բացի այդ, սառն է ու տհաճ:
Սպիտակ դռները հիանալիորեն համադրվում են մանրատախտակե հատակի, լամինատի հետ:
Փայտե դռներ
Ամենատարածվածը փայտե դռներն են. դրանք կարող են լինել ինչպես մասամբ, այնպես էլ ամբողջապես փայտից պատրաստված: Երբեմն փորձում ենք հատակի ու դռների գույնը ամբողջովին համապատասխանեցնել հատակին: Այդ դեպքում դրանք կորցնում են իրենց տեսքը՝ ինտերիերը դարձնելով ծանր ու ձանձրալի:
Հետաքրքիր տարբերակ է միևնույն գույնի բաց և մուգ երանգների կիրառումը:
Մուգ դռներ
Խորհուրդ չի տրվում մուգ դռների ու հատակների համադրությունը, քանի որ դրանք կրճատում են տարածությունը: Ինչպես բաց գույնի դռների դեպքում, այնպես էլ այս դեպքում հարկավոր է կիրառել մուգ ու բաց գույների համադրությունը:
Գունավոր դռներ
Շատ կարևոր է, որպեսզի գունավոր դռները համապատասխանեն ամբողջ տան ինտերիերին: Երբ պատերն ու հատակը միագույն են լինում, դռների գույնը կենդանություն է տալիս բնակարանին:
Հետաքրքիր տարբերակ է նաև դռների ու պատերի միանմանությունը գունային առումով: Դրանք ևս լայն տարածում ունեն:
Բոլոր դեպքերում ընտրություն կատարելիս հարկավոր է մանրամասն ուսումնասիրել, որպեսզի համադրությունները լինեն ճիշտ ու ներդաշնակ և ամենակարևորը՝ գեղեցիկ: