Հայտնի մարդկանց խոհանոցները
Հայտնիները շատ բան փորձում են խնամքով թաքցնել հասարակությունից ու խուսափել ավելորդ քննադատություններից, սակայն միշտ չէ, որ հաջողվում է։
Interier.am-ը ներկայացնում է հայտնի մարդկանց խոհանոցներն ու դիզայնի առանձնահատկությունները։
Բիլլի Ջոել
Ամերիկացի հայտնի երգահան ու դաշնակահար Բիլլի Ջոելի ծովափնյա տունն առանձնանում է մի շարք առավելություններով ու հատկապես՝ խոհանոցի մեծությամբ։ Խոհանոցային տարածքը բաժանված է մի քանի առանձին հատվածների․ ներառում է պատրաստելու շատ մեծ մակերես, իսկ աթոռների քանակությունն ապացույցն է այն բանի, որ տանտերը շատ հյուրեր է ունենում։
Խոհանոցի առանձնահատկություններից է նաև ներկառուցված կենցաղային տեխնիկան, որը խոհանոցն ու հյուրասենյակը բաժանող դեր է կատարում։
Ջերարդ Բաթլեր
Դժվար է պատկերացնել, որ այս մուգ գույներով խոհանոցը պատկանում է հոլիվուդյան դերասան Ջերարդ Բաթլերին։
Մակերեսների ծածկի համար օգտագործվել է քար, փայտ և սվաղ, ինչպես նաև հնություն հաղորդող փայտե սյուներ։ Խոհանոցին յուրահատկություն են հաղորդում հատակի ծածկն ու սենյակի կենտրոնում դրված սև ու հնամաշ տեսք ունեցող կահույքը։
Ջենիֆեր Լոպես
Գլամուրային, սակայն նրբաճաշակ ու ոճային երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երկու տներն էլ գտնվում են ուշադրության կենտրոնում իրենց գեղեցիկ ու ոճային ինտերիերով։
Առանձնատներից մեկը, որը գտնվում է Նյու Յորքի Մանհեթեն կղզում, աչքի է ընկնում իր ճոխությամբ ու նրբաճաշակությամբ՝ շնորհիվ մարմնագույն և մոխրա-երկնագույն երանգների՝ ընդգծված մուգ շագանակագույնով։ Խոհանոցն առանձնանում է նաև իր մեծությամբ, հարմարավետությամբ՝ ներառելով նախաճաշելու, ճաշելու և աշխատելու համար նախատեսված առանձին գոտիներ։ Դիզայներին հաջողվել է առաստաղի օգնությամբ անել այնպես, որպեսզի այդ երեք հատվածները միմյանցից առանձնանան։
Բացի այդ, բաց երանգների շնորհիվ խոհանոցն առանձնանում է լուսավորվածությամբ։ Այն հիանալի վայր է ընտանեկան ճաշկերույթների և երեկույթների համար։
Քեմերոն Դիաս
Հայտնի ամերիկյան դերասանուհի և մոդել Քեմերոն Դիասի բնակարանն իր յուրօրինակ ու ոճային խոհանոցով ևս արժանի է ուշադրության։ Խոհանոցն այնքան կոկիկ է, որ թվում է՝ այնքան էլ հաճախակի չի օգտագործվում։ Շատ գեղեցիկ է վառ կանաչի և մեղրագույնի համադրությունը։ Առաջին հայացքից խոհանոցը շատ մութ է թվում, սակայն կահույքի ոսկեգույն շրջանակները և խոշոր ջահիր առկայությունը ստեղծում են գունային հավասարակշռություն։
Նաոմի Ուոթս
Բրիտանա-ավստրալացի հայտնի դերասանուհի Նաոմի Ուոթսի խոհանոցն առանձնանում է կենդանությամբ, գեղեցկությամբ, ջերմությամբ ու նրբաճաշակությամբ։ Խոհանոցն աչքի է ընկնում մտածված լուծումներով ու ոճային հարդարումով։ Հատկապես ուշադրություն է գրավում այն, թե դիզայներն ինչպես է համադրել փայտն ու շախմատային տախտակի նմանությամբ դասավորված հատակի սալիկները։
Հավասարակշռությունը վերականգնվում է՝ շնորհիվ մոխրա-երկնագույն երանգ ունեցող կահույքի և մուգ շագանակագույն շրջանակներով թափանցիկ պահարանների։