Հետաքրքիր դիզայնով լոգարաններ
Լոգասենյակի համար իրեր գնելիս հաշվի առեք, որ այնտեղ ոչ միայն լվացվելու եք կամ ատամներն եք մաքրելու, այլև կարող եք հանգստանալ լարված աշխատանքային օրվա վերջում:
Ցավոք, շատերը բավականաչափ ուշադրություն չեն հատկացնում լոգարանին, և գրեթե բոլոր տներում հանդիպում են պարզ ու հասարակ սպիտակ մոդելներ:
Սակայն դիզայներները հոգացել են նրանց մասին, ովքեր երազում են արտասովոր լոգարանի մասին:
Ժամանակակից լոգարաններ

Շատերը լոգասենյակը ձևավորելիս նախընտրում են ժամանակակից ոճեր ու լակոնիկ, առանց ավելորդ դեկորների սանտեխնիկա: Վառ գունաբծերն ու նախշերը տվյալ դեպքում օգնում են շեշտադրումներ անել, ստեղծում են դինամիկայի զգացողություն ու ինտերիերին հմայք են հաղորդում:

Լոգարանների մոդելները հիմնականում բավականին ազատ տարածություն են պահանջում, սակայն մեծ ցանկության դեպքում, կարելի է մոդելներ գտնել նաև փոքր տարածության համար:


Շքեղ լոգարաններ
Այս լոգարանների մեջ Դուք շրջապատված կլինեք շքեղությամբ: Օրինակ՝ բարոկկո ոճին բնորոշ է օվալաձև զանգվածեղ լոգարանը՝ առյուծի թաթերի նմանվող ճկված ոտիկներով: Դիզայներները չեն մոռանում պալատական շքեղության մասին ու ստեղծում են չուգունե արվեստի գործեր, որոնք սանհանգույցը վերածում են արիստոկրատական զարդասենյակի:


Փայտե լոգարաններ
Կա կարծիք, ըստ որի, ջրի հետ շփվելիս փայտը շուտ է փչանում, սակայն ճիշտ ընտրության ու ճիշտ մշակման դեպքում փայտյա լոգարանը բավական երկար կդիմանա: Հիշե՛ք նավերը, որոնք տարիներով նավարկում էին ջրերի վրա: Նշենք նաև, որ փայտն ունի առողջարար հատկություններ, այդպիսի լոգարաններում ավելի արագ է անցնում հարբուխը, ապաքինվում են վերքերն ու հանգստանում նյարդերը:

Ուտելու լոգարաններ
Շատերը երազում են շամպայնի լոգանք ընդունել, սակայն քչերը գիտեն, որ դա կարող է հանգեցնել ալկոհոլային թունավորման: Դիզայներներնը ստեղծել են ոչ պակաս շքեղ, բայց առավել անվտանգ լոգարան՝ բելգիական մաքուր շոկոլադից: Դուք չեք կարող սուզվել տաք ջրի մեջ ու կծել շոկոլադը, սակայն ոչ ոք չի արգելում հիանալ հսկայական քաղցրավենիքով:
