Մաքրություն․ ինչպես անել

Երբեմն սկսում ենք մաքրությունն ու չգիտենք՝ ինչից սկսել ու ինչ անել կատարյալ արդյունք ունենալու համար։ Այս դեպքում կարևոր է ոչ միայն արագությունն, այլև աշխատանքի արդյունավետությունը։
Interier.am-ը ներկայացնում է այն գործողությունների ցանկը, որոնք կօգնեն հեշտ ու արագ անել մաքրությունն առանց ավելորդ ժամանակ կորցնելու։

Հարց է ծագում՝ որտեղի՞ց սկսել մաքրությունը։ Մաքրության սկզբում բոլորս լի ենք ուժով ու եռանդով, հետևաբար մաքրությունը պետք է սկսել տան ամենակեղտոտ սենյակներից, որոնք են` խոհանոցն ու լոգասենյակը։
• Նախապատրաստում ենք բոլոր մաքրող միջոցները
• Առանձնացնում ենք լվացվող իրերը

 

Խոհանոց

• Սկսում ենք գազօջախից՝ սրբելով մակերեսը, ինչպես նաև ճաղաշարերն ու աչքերը։

Անհրաժեշտության դեպքում պատում ենք մաքրող հեղուկով ու մի քանի ժամ այդպես թողնում, որպեսզի ավելի հեշտ մաքրվի։ Լվանում ենք նաև աչքերն ու ճաղերը, ապա սրբում ենք ջեռոցը։ Այս գործողություններից հետո խոնավ ու մաքուր սպունգով հեռացնում ենք հեղուկը, ապա չորացնում ենք մակերեսային շերտն ու տեղադրում բոլոր մասերը։ Չենք մոռանում մաքրել նաև գազօջախի առջևի, ետևի ու կողային հատվածները, որոնք կերակուր պատրաստելու ընթացքում նույնպես կեղտոտվում են։

• Լվանում ենք լվացարանակոնքը։
• Մաքրում ենք սառնարանը, որտեղ պահվող մթերքներն աղտոտում են մակերեսը։ Մաքրելուց առաջ սառնարանն անպայման անջատում ենք։
• Այժմ հերթը թեյնիկինն է։ Այն նույնպես պետք է մաքրել, քանի որ օգտագործելու ընթացքում նստվածք է առաջանում։ Կարելի է թեյնիկը մաքրել կիտրոնաթթվի լուծույթով ու լավ եռացնել այն։
• Չենք մոռանում մաքրել առաստաղն ու վերացնել սարդոստայնները։
• Մաքրում ենք բոլոր մակերեսները՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով մաքրող ու սպիտակեցնող միջոցներ։
• Մաքրում ենք պատուհանները (եթե առկա են), լվանում ենք վարագույրները, իսկ շերտավարագույրի առկայության դեպքում խոնավ կտորով սրբում ենք այն։
• Մաքրում ենք կահույքը՝ հատ առ հատ սրբելով բոլոր դարակները։ Ապա լվանում ենք սպասքն ու տեղադրում դարակներում։
• Լվանում ենք հատակն ու ավարտում խոհանոցի մաքրության աշխատանքները։

 

Լոգասենյակ

Տեղափոխվում ենք լոգասենյակ ու սկսում մաքրության աշխատանքները՝ անպայման կրելով ձեռնոցներ, որպեսզի խուսափենք ձեռքերի չորացումից։ Մեկ խորհուրդ ևս ալերգիայի հակում ունենալու դեպքում փորձեք ավելի քիչ օգտագործել քիմիական մաքրող միջոցներ։
• Նախ լվանում ենք առաստաղը, որպեսզի հետո կեղտը չթափվի ու չկեղտոտի արդեն մաքրված տարածքը։ Առաստաղը չորացնում ենք վերջում, երբ արդեն լոգասենյակն ամբողջովին մաքուր կլինի։
• Անցում ենք կատարում դեպի լոգարանը․ լավ լվանում ենք այն՝ օգտագործելով մաքրող ու լվացող հականեխիչ հեղուկ-միջոցներ, որից հետո ցնցուղի օգնությամբ հեռացնում ենք կեղտը։
• Հաջորդիվ մաքրում ենք լվացարանակոնքը, ապա զուգարանակոնքը թե՛ մակերեսային, թե՛ ներսի կողմից։
• Եթե լվացքի մեքենան գտնվում է լոգասենյակում, ապա մաքրում ենք այն և անցնում դարակաշարերի մաքրությանը։
• Մաքրելուց հետո չորացնում ենք մաքուր կտորով։
• Սրբում ենք հայելին։
• Չորացնում ենք արդեն մաքրված առաստաղը, ապա մաքրում ենք հատակն ու ավարտում մաքրությունը։

Սենյակներ

Նախապատրասվում ենք մաքրությանը՝ սենյակներից դուրս բերելով բոլոր ավելորդ իրերը։
Հանում ենք վարագույրները։
Հանում ենք սպիտակեղենը, կահույքի աստառները, ծածկոցները և այլն։
Գորգերը դուրս ենք բերում սենյակներից ու փոշեկուլի օգնությամբ հեռացնում ենք փոշին։
Վերացնում ենք սարդոստայնները։
Փոշեկուլի օգնությամբ հեռացնում ենք փոշին սենյակի բոլոր հատվածներից ու փափուկ կահույքից։
Մաքրում ենք նաև կահույքը, կոմոդները, աթոռները և այլն։
Լվանում ենք պատուհաններն ու մաքրում պատուհանագոգերը։
Չենք մոռանում նաև մաքրել մահճակալների, վարդակների փոշին։
Կրկին փոշեկուլով մաքրում ենք հատակն ու լվանում այն։
Մաքրության ավարտից հետո արդեն լվացված իրերը, վարագույրները, գորգերը տեղավորում ենք իրենց տեղերում։

Օգտակար խորհուրդներ

Մի մոռացեք կրել ռեզինե ձեռնոցներ։
Պատրաստ եղեք մեկ ամբողջական օր նվիրելու մաքրությանը։
Աշխատեք Ձեր սիրած երաժշտության ներքո․ այն բարձրացնում է տրամադրությունն ու կրկնապատկում ուժը։
Հագեք հարմար հագուստ։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ