Ինչպես դասավորել հյուրասենյակի կահույքը
Հյուրասենյակն իրավամբ համարվում է տան «ամենաակտիվ» սենյակը: Այստեղ են սիրում երեկոներն անցկացնել տան բոլոր անդամները` զրուցելով կամ պարզապես հեռուստացույց դիտելով: Հենց այս տարածքում են հյուրեր ընդունվում: Հետևաբար այս սենյակը կահավորելիս հարկ է հատուկ ուշադրություն դարձնել հարմարավետությանը: Դրա համար պետք է կազմակերպել նրա 3 գլխավոր գոտիները` ճաշասենյակը, ընդունարանը և հանգստի անկյունը:
Հանգստի անկյունը ճիշտ կլինի տեղավորել այնտեղ, ուր լուսավորությունն ամենաքիչն է: Հյուրասենյակի այս մասում սովորաբար դրվում է բազմոցը կամ խոր հարմարավետ բազկաթոռները: Այս ամենը կարելի է լուսավորել պատի կամ վերհատակյա լուսամփոփի մեղմ լուսավորությամբ:
Որպես ճաշասենյակի հատված, ընդհակառակը, հատկացվում է սենյակի ամենալուսավոր մասը: Շատ հաճախ սեղանը դրվում է ջահի ուղղությամբ ներքևում` հյուրասենյակի կենտրոնում: Սակայն սենյակի փոքր չափերի դեպքում սխալ կլինի նրա կենտրոնը ծանրաբեռնել ծավալային առարկաներով։ Այս դեպքում ճաշասենյակային իրերի խումբը ճիշտ է պատուհանին մոտ տեղավորել:
Թե ինչպես կահույքը դասավորել ընդունարանի հատվածում` կհուշի սենյակի նախագծումն ու նրա տարածքը: Առհասարակ այս հատվածում ցանկալի չէ խոշոր պահարաններ տեղավորել: Իսկ եթե գտնում եք, որ առանց ավանդական պատի կահույքի չեք կարող յոլա գնալ, ապա ձեռք բերեք ոչ խոր հատվածներով կահույք:
Աքսեսուարներից այստեղ կարելի է տեղավորել հատակին դրվող սկահակներ, գեղեցիկ լուսամփոփներ, էլեգանտ ծաղկամաններ և այլն:
Եվ այսպես` հյուրասենյակում կահույք տեղավորելիս առաջնորդվեք հետևյալ քայլերով:
Տարածություն ազատեք, հեռացրեք ավելորդ կահույքը
Այստեղ պետք է կահույքի միայն որոշ խոշոր տարրեր լինեն, որոնք պետք է լրացվեն ավելի մանր տարրերով` լրագրերի սեղանիկ, պուֆեր և այլն: Իսկ եթե որոշել եք այնուամենայնիվ խոշոր կահույք ընտրել` բազմոց, բազկաթոռ կամ գրապահարան, ապա աշխատեք, որ բոլոր առարկաները միասնական գունային լուծում ունենան:
Շեշտող կետ ստեղծեք
Նման կետ կարող է ծառայել բուխարին, պատուհանը կամ հեռուստացույցը: Նրանց շուրջը կարելի է տեղավորել նստելու տեղեր, ընդսմին` տեղավորել դրանք ոչ թե ուղիղ անկյամբ, այլ փոքր-ինչ թեքված դեպի շեշտող կետը: Իսկ եթե շեշտող կետ չկա ապա պարզապես կազմակերպեք շփման տեղ: Դրա համար բավական է խիստ համաչափ տեղավորել կահույքը:
Անցումներ ստեղծեք
Կահույքի տարրերը չպետք է խանգարեն մեկը մյուսին, նրանց միջև պետք է գոնե մեկ մետրանոց անցում լինի: Պատից ետ քաշեք բազմոցը, նրա հետևում լուսամփոփ տեղադրեք ու հեշտությամբ ազատ տարածության պատրանք կստեղծեք նույնիսկ ամենափոքր սենյակում:
Կահույքը դասավորեք ըստ հարմարության
Այստեղ կարևոր է հաշվի առնել և’ ընտանիքի անդամների ֆիզիկական առանձնահատկությունները` հասակը, տեսողական որակը և այլն, և’ սենյակի չափը, և’ անհատական նախընտրությունները:
Եթե հանգստացնող ինտերիեր է պետք, օգտագործեք համաչափությունը
Առարկաների նման դասավորությունը միշտ կոկիկ տեսք ունի: Դժվար է սա ստեղծել. դրա համար անհրաժեշտ է մտովի գիծ անցկացնել սենյակի կենտրոնով ու մի կեսի դասավորվածությունը հայելանման դարձնել մյուս կեսին:
Կահույքի յուրաքանչյուր առարկա առանձին-առանձին տեղադրեք
Հարկ է սկսել առավել ծավալային իրերից. դա կօգնի կողմնորոշվել` ինչպես դասավորել մնացած կահույքն ու անհրաժեշտության դեպքում շտկել դասավորությունը: