Ինչպես են գույներն ազդում տրամադրության վրա
Interier.am-ի հետ փորձեք պարզել, թե գույներն ինչ ազդեցություն կարող են ունենալ մարդու տրամադրության վրա:
Սպիտակ և մոխրագույն
Մարդկանց մեծամասնության կարծիքով սպիտակ գույնը թեթևություն ու թարմություն հաղորդող նշանակություն ունի, մինչդեռ կան մարդիկ, ովքեր սպիտակը դասում են տխուր գույների շարքին: Չնայած դրան՝ սպիտակի ու մոխրագույնի համադրությունը տարածված է: Դրանց շնորհիվ ընդարձակվում է տարածությունը, ինտերիերը դառնում է թեթև ու ոճային:
Սև
Սև գույնը շատ հաճախ բացասական զգացողություններ է առաջացնում, բայց միևնույն ժամանակ այս գույնը նրբագեղության ու բարձր ճաշակի վառ արտահայտություն է: Սև գույնը նպատակահարմար է օգտագործել այն բնակարաններում, որտեղ հարմարավետություն ստեղծելու անհրաժեշտություն կա: Բացի այդ, այս գույնը պետք է չափավոր կիրառել, քանի որ զգալիորեն փոքրացնում է տարածությունը և հոգեբանական առումով բացասական ազդեցություն է ունենում:
Մարմնագույն և շագանակագույն
Այս տաք ու բնական գույները հանգստացնում են ու անվտանգության զգացողություն են առաջացնում: Համապատասխանում են բոլոր տեսակի սենյակներին՝ ի տարբերություն շագանակագույնի, որն այնքան էլ հաջող ընտրություն չէ փոքր ու մութ բնակարանների համար: Այս գույնը ստեղծում է անպետք իրերով լի սենյակի տպավորություն:
Կարմիր և նարնջագույն
Այս գույները հիանալի լիցքավորիչներ են, կարողանում են բարձրացնել արյան մեջ ադրենալինի մակարդակը, ազդում են արյան ճնշման վրա: Այս գույները նպատակահարմար է կիրառել հյուրասենյակներում և ճաշասենյակներում, քանի որ նպաստում են շփմանն ու գրգռում են ախորժակը:
Դեղին
Դեղինը ուրախություն ու լավատեսություն խորհրդանշող գույն է, որը պահանջում է գունային ճիշտ երանգների ընտրություն: Եթե բաց երանգներն ինտերիերն ավելի պայծառ ու թեթև են դարձնում, ապա մուգ գույները ժամանակի ընթացքում սկսում են ճնշել: Այս գույնը կարելի է օգտագործել խոհանոցում, ճաշասենյակում, լոգարանում: Փորձեք խուսափել մանկական սենյակներում ու ննջասենյակներում օգտագործելուց կամ համադրեք չեզոք գույների՝ օրինակ բաց մոխրագույնի հետ:
Կանաչ
Կանաչ գույնը համարվում է ամենահաճելի գույներից մեկը: Այն ստեղծում է կենդանի բնության մթնոլորտ և իջեցնում է սթրեսը: Այն իր մեջ պարունակում է դեղինի՝ մոտիվացնող և կապույտի՝ հանգստացնող հատկանիշները:
Երկնագույն և կապույտ
Այս գույները հանգստություն ու խաղաղություն են հաղորդում, իջեցնում են ճնշումն ու ազդում են ախորժակի վատթարացման վրա: Երկնագույնի բաց երանգները ընդարձակում են տարածությունը: Կարելի է օգտագործել լոգարաններում, աշխատասենյակներում, քանի որ օգնում են կենտրոնանալ: Եթե ուզում եք նիհարել, ապա երկնագույնը հիանալի ընտրություն է խոհանոցի կամ ճաշասենյակի համար:
Մանուշակագույն և վարդագույն
Մանուշակագույնի և վարդագույնի նուրբ երանգները հանգստացնող նշանակություն ունեն, իսկ մուգ երանգները ստեղծում են շքեղ ու խորհրդավոր մթնոլորտ: