Ինչպես երկար պահպանել ծաղիկների թարմությունը
Հաճելի է, երբ տանը մշտապես ծաղիկներ կան. Նշանակություն չունի նվեր եք ստացել, թե՞ ինքներդ եք որոշել թարմություն մտցնել բնակարանում:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի միջոցներ, որոնք կօգնեն երկար պահպանել ծաղիկների թարմությունը:
Առաջին ու կարևոր պայմանը ծաղկամանի մաքրությունն է: Դա չի թողնում, որ հիվանդաբեր ու վնասակար մանրէները փչացնեն ծաղիկները: Շնորհիվ կատարյալ մաքրության՝ ծաղիկները կմնան թարմ:
Հաջորդ կարևոր քայլը պոչերը ճիշտ կտրելն է: Նախքան ծաղիկները ջրի մեջ դնելը, հարկավոր է կտրել ծայրերը շեղությամբ, որպեսզի ծաղիկները շնչելու հնարավորություն ունենան:
Պետք է հաշվի առնել այն, որ ծաղկամանները նույնիսկ լավ լվանալու դեպքում ժամանակի ընթացքում դրանցում առաջանում են մանրէներ: Իհարկե, ոչ ոք ամեն օր ծաղիկներով լի ծաղկամանը նորից չի ցնականա լվանալ, դրա համար լավագույն միջոցը ջրի մեջ պղնձե մետաղադրամ գցելն է: Այն օգնում է դուրս մղել ծաղիկների համար վնասակար բոլոր մանրէները:
Եթե ուզում եք, որ ծաղիկները պահպանեն իրենց արտաքին տեսքն ու հաջորդ օրը ծաղկաթերթերը չթափվեն, ապա կոկոնի ներքևի հատվածը պատեք մազերի համար նախատեսված լաքով:
Ծաղիկները պետք է դնել հնարավորինս սառը տեղում, քանի որ դա օգնում է պահպանել խոնավությունն ու ապրել ավելի երկար: Իսկ ջերմությունն, ինչպես գիտենք, կլանում է խոնավությունը:
Հետևեք ծաղիկները խնամելու առաջարկված քայլերին և տարվա բոլոր եղանակներին բնակարանում կունենաք թարմ ու գեղեցիկ ծաղիկներ: