Ինչպես և որտեղ պահպանել իրերը մանկական սենյակում
Ձևավորման տեսակետից մանկական սենյակը տան ամենաբարդ սենյակն է: Հաճախ անհրաժեշտ է լինում փոքր տարածությունում կազմակերպել ննջելու տեղը, ուսման ու խաղերի հատվածը՝ միաժամանակ հոգալով այն մասին, որ շորերը, գրքերը, խաղալիքներն ու այլ պիտույքները պահելու տեղ լինի: Հնարավորության դեպքում ցանկալի է ստեղծել նաև սպորտային անկյուն:
Բոլոր այս խնդիրները հոգալն այնքան էլ հեշտ չէ, այդ իսկ պատճառով ստորև ներկայացնում ենք դիզայներների խորհուրդներն այն մասին, թե մանկական սենյակում ինչպես կարելի է պահպանել իրերը:
Հաճախ մանկական սենյակում ավելի շատ տեղ է լինում, քան թվում է առաջին հայացքից. անհրաժեշտ է ուղղակի խնամքով տեղավորել բոլոր իրերն ու խաղալիքները: Բնականաբար, խելամիտ չի լինի երեխայից իդեալական կարգուկանոն պահանջելը, սակայն իրերը պահպանելու հարմար համակարգը կօգնի կարգուկանոն սովորեցնել երեխային և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ գտնել այս կամ այն իրը:
Օգտագործեք հորիզոնական հատվածները
Հատակը լավ կլինի թողնել խաղերի համար, իսկ պատերին միշտ կարելի է տեղ գտնել դարակների, տեքստիլ ծրարների համար: Մանկական իրերը պահպանելու համար տեքստիլ ծրար կամ գրպանիկներով պաննո կարելի է կարել նաև ինքնուրույն՝ առանց կողմնակի ծախսերի:
Իսկ եթե ցանկանում եք պահպանել իրերը հատուկ կահույքի մեջ, տեղին կլինեն բազմահարկ պահարանները, դարակներով ու պահարաններով մահճակալները:
Ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, որ դարակներն ու արկղիկները տարբեր մակարդակների վրա են, բայց երեխային հեշտ հասանելի
Տուփերի կամ բեռնարկղերի մեջ նույնպես կարելի է պահպանելի իրերը
Խանութներում վաճառվում են բազմազան տուփեր ու բեռնարկղեր, որոնք կարելի է օգտագործել մեծ խաղալիքները պահելու համար: Դասավորեք դրանք ըստ գույների ու թեմաների՝ միաժամանակ սովորեցնելով փոքրիկին, թե որ արկղի մեջ ինչ պետք է դնի: Արկղերն ու տուփերը կարելի է շարել դարակներին կամ պարզապես դնել հատակին, թաքցնել մահճակալի տակ:
Ընտրությունը մեծ է. թափանցիկ պլաստիկե արկղերը շատ հարմար են, քանի որ հնարավոր է անմիջապես տեսնել պարունակությունը: Հյուսկեն զամբյուղները կսազեն ցանկացած ինտերիերի, իսկ ինքնաշեն արկղերը կարելի է ստեղծագործաբար ձևավորել՝ երեխային նույնպես ընդգրկելով այդ պրոցեսի մեջ:
Տեքստիլ պարկերի օգնությամբ կարելի է կարգուկանոն հաստատել զգեստապահարանում կամ սպիտակեղենի պահարանում:

Մի՛ մոռացեք նաև գրենական պիտույքները պահելու և գրասեղանին կարգուկանոն հաստատելու մասին. բազմազան դարակները, պայծառ գույներով թղթապանակներն ամենայն հավանականությամբ դուր կգան ձեր երեխային:

Օգտագործեք բոլոր հավանական ու անհավանական տեղերը և կահույքի տարրերը:
Հաճախ իրերով լի արկղը կարող է տեղավորվել մահճակալի տակ կամ պահարանի հատակին: Բացի դրանից, մանկական կահույքի շատ բաղկացուցիչներ, օրինակ՝ աթոռներն ու փափկաթողները ունենում են իրերը պահելու համար նախատեսված գաղտնի խոռոչներ, ինչը նույնպես թույլ է տալիս եղած տարածությունը առավելագույնս օգտագործել:
Խորհուրդ. հարմարավետության ու անվտանգության նկատառումներով ձգտեք ձեռք բերել նաև փոքրիկ սանդուղքներ, որպեսզի երեխան կարողանա հասնել վերևի դարակներին: Ի դեպ, այդպիսի սանդուղքների ներսում նույնպես կարելի է թաքցնել խաղալիքների արկղիկ:
Ձեռք բերեք բազմաֆունկցիոնալ կահույք
Ժամանակակից մանկական կահույքի դիզայներներն առավելագույնս օգտագործում են երևակայությունը: Մանկական սենյակում միևնույն առարկան կարող է լինել սեղան, աթոռ, պահարան, բազկաթոռ-ճոճաթոռ և խաղալիք սահարան: Այսպիսի կահույքը միաժամանակ ակտիվ խաղերի առիթ է ստեղծում, զարգացնում է երևակայությունը, զգալի տարածություն և միջոցներ է խնայում: Որոշ առարկաներ կարող են երեխայի աճին զուգահեռ ձևափոխվել և ընդունել անհրաժեշտ չափս:
Հիշեցում. որքան շարժական ու բազմաֆունկցիոնալ լինեն մանկական սենյակի առարկաները, այնքան լավ: Իսկ ահա մանր դեկորների առատության կարիք բնավ չկա:
Մանկական կահույքի հանրահայտ համակցված կոմպլեկտները նախատեսված են տարբեր տարիքների համար, իրերը պահելու հատվածներ կան երկհարկանի մահճակալների տակ, սանդուղքների աստիճանների մեջ կամ բարձրանալու համար նախատեսված շարժական արկղիկներում: Տվյալ դեպքում հորիզոնական տարածությունը հնարավորինս օգտագործվում է, իսկ կոմպակտ կառուցվածքի շնորհիվ յուրաքանչյուր մետրն առավելագույն պիտանի է գործածվում:
Օգտվեք իրերը պահելու մոդուլային համակարգից
Հեշտությամբ ձևափոխվող ու շարժական համակարգերը մանկական սենյակում ավելի անհրաժեշտ են, քան մեծերի ննջասենյակում: Դրանք թույլ են տալիս հնարավորինս վերադասավորել սենյակը՝ ամեն անգամ տարբեր կերպ օգտագործելով մոդուլները: Հավելյալ կախովի դարակներ ավելացնելը կամ պահարանի դուռը գրատախտակի վերածելը լրացուցիչ առավելություններ են:
Մանկական սենյակի համար կահույք ընտրելիս, բնականաբար, առաջին տեղում պետք է լինի անվտանգության և էկոլոգիականության ապահովումը: Դրանից բացի, առանձին առարկաների հնարավորինս շարժուն լինելը և դրանք տարբեր կոմբինացիաներով դասավորելու հնարավորությունը թույլ կտան առանց ծախսերի վերադասավորել սենյակը՝ ելնելով աճող երեխայի տարիքային պահանջներից 🙂