Ինչպես ճիշտ օգտագործել սանդուղքի ազատ տարածությունը
Բազմահարկ առանձնատների մեծ մասն ունենում է սանդուղքներ, որոնք տանում են դեպի մյուս հարկեր։ Բոլորս էլ նկատած կլինենք, որ սանդուղքներն ունենում են ազատ տարածություններ, որոնք կարելի է օգտագործել ըստ ցանկության։
Interier.am-ը ներկայացնում է այդ հատվածները ճիշտ ու տեղին օգտագործելու մի քանի տարբերակներ։
Մինչ այդ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք․
Սանդուղքի չափերը
Կառուցվածքի առանձնահատկությունները
Սանդուղքի գտնվելու վայրը
Աշխատասենյակ
Սանդուղքի ազատ տարածությունը հնարավորություն է տալիս ունենալու փոքրիկ աշխատասենյակ․ չէ որ բոլորս էլ ուզում ենք ունենալ աշխատելու անկյուն, որը կլինի հարմարավետ ու բացի այդ, հնարավոր կլինի ապահովել լրացուցիչ լուսավորվածությամբ։
Փոքրիկ պահեստ
Բոլորս էլ տանն ունենում ենք այնպիսի ապրանքներ, որոնք օգտագործում ենք ժամանակ առ ժամանակ։ Դրանցից են՝ փոշեկուլը, հատակը մաքրող փայտը, դույլեր, կտորներ և այլն։
Սանդուղքի ազատ տարածությունն ամենահարմար վայրն է նման իրերը տեղավորելու համար։
Պահարան
Սա գերազանց տարբերակ է փոքր որմնախորշերով սանդուղքներն օգտագործելու համար։ Կարելի է պատրաստել ոչ մեծ կոմոդ կամ առանձին դարակաշարերում տեղավորել սեզոնային իրերը։
Գրադարան
Ընթերցասերների համար սա կարող է լինել տան ամենասիրելի անկյունը։ Եթե գրադարարանն աչքի չի ընկնում մեծությամբ, ապա սանդուղքների բաց հատվածներն ամենալավ տարբերակն են որպես գրադարան օգտագործելու համար։ Դարակաշարերը կարող են լինել բաց և փակ՝ պայմանավորված ձեր ցանկությամբ։
Բար կամ մառան
Փոքրիկ բար կամ մառան կարելի է ունենալ նաև տանը՝ օգտագործելով սանդուղքների բաց հատվածները։ Գինիները պահպանելու համար կատարյալ վայր կլինի, եթե օդափոխիչի կամ օդորակիչների միջոցով կարողանաք ապահովել նաև համապատասխան ջերմաստիճանը։
Խաղասենյակ
Ինչը կարող է ուրախություն պատճառել փոքրիկներին, եթե ոչ գաղտնի խաղասենյակը։ Այն առանձնանում է ոչ մեծ չափերով ու թաքնվելու հնարավորությամբ, ինչը շատ են սիրում անել փոքրիկները։ Իսկ մի քանի հավելում անելու դեպքում (տանիք, դռնակ և այլն) այն կվերածվի իսկական անտառային տնակի։