Ինտերիերի դիզայն. ինչպես փակցնել ապակե պաստառները

Սպառողներից շատերը պատերի ձևավորման համար հասանելի նյութերից նախընտրությունը տալիս են պաստառներին:  Արտադրողների կողմից այսօր առաջարկվող տեսականին այնքան բազմազան է, որ ամենևին էլ դժվար չէ ընտրել սեփական ճաշակին հարմար որևէ տարբերակ: Այս անգամ մենք կներկայացնենք ապակե մանրաթելային պաստառների կամ ապակե պաստառների օգտագործման դրական և բացասական կողմերն ու սոսնձման առանձնահատկությունները:

Ինտերիերի դիզայն. ի՞նչ է ապակե մանրաթելային պաստառը

Անվանումն արդեն հուշում է, որ պատրաստելիս օգտագործվել են այնպիսի նյութեր, որոնք կիրառվում են ապակու արտադրությունում:
Օրինակ, կվարցային ավազ, դոլոմիտ ու կրաքար: Այս երեք բաղադրիչներից բարձր ջերմաստիճանի (1200 ° C) ազդեցությամբ մանվածք է  պատրաստվում և հեղուկ զանգվածից  ստացվում են բարակ, բմբուլի պես թեթև թելիկներ:  Ի դեպ, եթե այդ թելիկները թաց թղթի վրա մամլեն, ապա կստացվի ապակե կտավ, որը  շինարարության մեջ օգտագործվում է որպես ամրացնող նյութ, որով սովորաբար ամրացվում են պատերի մակերեսի ճաքերը:


Ապակե պաստառներն արտադրվում են այլ տեխնոլոգիայով: Ստացված թելերը  նախ մանում են, հետո գործում հաստոցով, որը շատ նման է տեքստիլ գործող հաստոցին:

Ինտերիերի դիզայն. ինչպես կատարել ճիշտ ընտրություն

Կարծիք կա, թե այս տեսակի պաստառը որքան հաստ և խիտ է, այնքան ավելի լավ: Սա թյուր կարծիք է: Արտադրողները հաճախ  մեծ քանակությամբ տոգորող նյութեր են օգտագործում, որը պաստառը խիտ է դարձնում: Բայց պատին սոսնձելուց հետո այս պաստառի վրայի պատկերները  դառնում են անարտահայտիչ, քանի որ  փորձը ցույց է տալիս, որ տոգորող նյութերը պատկերի ֆակտուրայի վրա են ազդում:

Եվս մեկ սխալ կարծիք կա, թե պաստառի գլանափաթեթի վրայի տեքստուրան նույնությամբ պետք է երևա նաև պատի վրա: Շատ հաճախ այս մոտեցմամբ էլ կատարվում է ընտրությունը: Պետք է նշել, որ որոշ արտադրողներ օգտագործում են այսպես կոչված թափված թելեր, որոնք մյուսներից քիչ ավելի լայն են:  Սակայն սոսնձելու ժամանակ օդի պղպջակները դուրս մղելու համար մածկաթիակով սեղմելիս թելերը հարթանում են և կորցնում տարածականությունը: Հարց է առաջանում. ինչպես ընտրել ապակե մանրաթելային պաստառը:

Տարբերակ 1. Վերցնում ենք պաստառի մի փոքրիկ կտոր և սոսնձում պատին: Հետո ներկում ենք և մածկաթիակով անցնում վրայով: Եթե պաստառի մակերևույթը մնում է նույնությամբ, դա որակի նշան է:
Տարբերակ 2. Բայց միշտ չէ, որ նման փորձարկումներ իրականացնելու  հնարավորություն ունենք, այնպես որ կա երկրորդ ճանապարհը: Կարող եք վստահել որակի նշանին, ապրանքանիշին, այսինքն` ապրանքը ձեռք բերել համաշխարհային համբավ ունեցող արտադրողներից. շվեդիականն «JOHNS MANVILLE»  (Oscar, Tassoglas և Wellton), ինչպես նաեւ գերմանական  «Vitrulan Textilglas GmbH», որն արտադրում Vitrulan պաստառները:

Շվեդական ընկերությունը ապրանքաշրջանառությամբ գերազանցում է գերմանացիներին, բայց վերջինները Եվրոպայում ավելի հայտնի են:  Ի դեպ,  «Vitrulan» պաստառները իրենց կատեգորիայում այսօր ամենաորակովն են:  Փորձարկումները ցույց են տալիս, որ այս մոդելը կարող է դիմանալ հսկայական ծանրաբեռնվածությունների, նույնիսկ եթե պաստառը ամբողջությամբ թրջենք:

Հատկությունները

Խոսել երեսպատման այս նյութի մասին բավականին հեշտ է:  Բանն այն է, որ կարելի է վերջինիս դրական  հատկանիշներով հսկայական ցանկ կազմել: Եթե դիտարկենք տեխնիկական բնութագրիչները, ապա կարող ենք նշել մի քանի մեծ առավելություններ:

  •  Բոլոր տեսակի պաստառներից սա ամենաամուրն է:
  • Արտադրված է միայն բնական,  էկոլոգիապես մաքուր նյութերից:
  • •Ունի բարձր անվտանգություն: Այսինքն ջերմաստիճանի և խոնավության տատանումներից մարդու համար վնասակար նյութեր չեն անջատվում:
  • Շփման նկատմամբ ունի կայունության շատ բարձր ցուցիչ:
  • Սա ամրապնդող նյութ է, որն ամրացնում է ճաքերը և փակում մակերեսային թերությունները:
  • Այն դյուրավառ չէ, ինչը  հակահրդեհային անվտանգության կանոնների տեսակետից շատ  կարևոր գործոն է:
  • Երեսպատման այսպիսի նյութի տակ պատերը «շնչում են» : Եվ դա ազդում է այն սենյակի միկրոկլիմայի վրա, որտեղ պաստառը փակցված է:
  • Բացակայում են օրգանական նյութերը, ինչը միկրոօրգանիզմների աճի հնարավորություն չի տալիս:
  • Այս նյութը  ստատիկ էլեկտրական լիցքեր չի կուտակում, ինչը նշանակում է,  որ ապակե պաստառներով պատված պատերը  փոշին դեպի իրենց չեն ձգում:
  • Այսպիսի պաստառները կարելի է ներկել նույնիսկ մի քանի անգամ: Այսինքն, գրեթե բոլոր առումներով, սա ցանկացած տարածքի պատերի երեսպատման հիանալի տարբերակ է:

Սոսնձման տեխնոլոգիան

Ինչպես ցանկացած շինարարական և վերանորոգման գործընթաց, ապակե պաստառների սոսնձումը նույնպես իրականացվում է մի քանի փուլով: Կարեւոր է յուրաքանչյուր փուլին մոտենալ պատասխանատվությամբ: Այս գործընթացում մանրուքներ չկան: Այնպես որ, պետք է  շատ ուշադիր աշխատել:

Փուլ առաջին. նախապատրաստում

Ինչպես միշտ, ամեն ինչ սկսվում է երեսպատման հին նյութերի ապամոնտաժումից: Օրինակ, թղթե պաստառները հեռացնելու  ամենաարդյունավետ միջոցը դրանք թրջելն ու որոշ ժամանակ թողնելուց հետո մածկաթիակով քերելն է:

Եթե պաստառի որոշ հատվածներ լիովին չեն մաքրվել, չի կարելի պատն այդ վիճակում թողնել: Կա մի արդյունավետ միջոց. պետք է արդուկել պաստառի մնացորդները և թրջել ևս մեկ անգամ: Դրանից հետո սովորաբար ոչ մի խնդիր չի առաջանում:

Եթե պատերը ներկված են ջրաէմուլսիոն ներկով, ապա ներկը պետք է պարզապես լվանալ շորով կամ սպունգով, իսկ յուղաներկն այսպես հեռացնել հնարավոր չէ: Սովորաբար այն մաքրում են հղկաթղթով:

Այսպիսով, հին ծածկույթը մաքրված է: Այժմ մենք պետք է պաստառը փակցնելու համար հենք նախապատրաստենք` ամրապնդելով արտաքին շերտը:  Չորանալուց հետո անհրաժեշտ է հարթեցնել պատի մակերեսը և վերացնել փոքր թերությունները: Թեև պետք է հիշել, որ ապակե պաստառներն իրենց խիտ կառուցվածքով կարող են ծածկել մակերեսի փոքր անհարթությունները:

Փուլ երկրորդ. սոսնձի պատրաստում

Պաստառի շահագործման երկարակեցությունը կախված է սոսնձի ճիշտ պատրաստումից: Հիշեք՝ թղթե պաստառների համար նախատեսված սոսնձով չի կարելի ապակե պաստառ կպցնել: Բանն այն է, որ ֆակտուրավորված մակերեսը շատ ավելի ծանր է կշռում, քան սովորական թղթե ծածկույթը: Իսկ թղթի սոսինձը նախատեսված չէ այդպիսի քաշ պահելու համար:

Որպես կանոն, արտադրող ընկերություններն առաջարկում են իրենց սեփական սոսինձները:  Առավել հաճախ օգտագործվում է գունանյութերով  ”Օսկար” սոսինձը, որը մակերեսին քսելուց հետո անմիջապես շատ լավ  երևում են բաց մնացած հատվածները: Կան նաև ապակե պաստառների համար նախատեսված բազմաֆունկցիոնալ ցրտադիմացկուն սոսինձներ (Pufas, Security  GK 10, Kleo Ultra եւ այլն):

Փուլ երրորդ. պաստառը փակցնում ենք պատին

Եթե մենք խոսում ենք գործընթացի մասին, ապա այն ոչնչով չի տարբերվում պաստառապատման սովորական ընթացակարգից: Այս դեպքում ևս պետք է խուսափել միջանցիկ քամուց, բոլոր աշխատանքներն իրականացնել սենյակային ջերմաստիճանում և այնպես անել, որ պատերին արևի ուղիղ ճառագայթներ չընկնեն:

Բայց կան բաև որոշ առանձնահատկություններ.

Ապակե մանրաթելի մասնիկները կարող են մաշկը գրգռել, այդ պատճաով պետք է համապատասխան հագուստ և երկար թևքերով ձեռնոցներ կրել:

Ապակե պաստառի ներքին և արտաքին մակերեսները պետք է տարբերել հետևյալ կերպ: Սովորաբար արտաքին մակարեսը գտնվում է գլանափաթեթիներսի կողմում: Բացի այդ հետին մակերեսը նշված է լինում երկնագույն կամ մոխրագույն շերտով:

Այժմ պաստառները սոսնձում ենք: Անհրաժեշտ է առաջին հերթին շերտերը կտրել այնպես, որ պատկերի համադրությունը ճիշտ լինի: Շերտերը դնում ենք կտրվածքները իրար կիպ հպելով: Կարևոր է դա անել առանց արանք թողնելու: Ի դեպ, սոսինձը պետք է քսել պատի մակերեսին, այլ ոչ թե պաստառին: Այդ նպատակով, սովորաբար, գլանիկ է օգտագործվում:

Յուրաքանչյուր շերտը ուղղում են կամ մաքուր գլանիկով կամ մածկաթիակով, որպեսզի հանեն դրա տակ մնացած օդնն ու դուրս մղեն ավելորդ սոսինձը:  Միացման հատվածները պետք է մաքուր կտորով կամ սպունգով սոսնձից մաքրել:

Փուլ չորրորդ. ներկում

Ապակե մանրաթելային պաստառը կարելի է ներկել միայն այն բանից հետո, երբ լավ չորացել է: Այնպես որ, պետք է սպասել երկու օր: Քանի որ մակերեսի կառուցվածքը ծակոտկեն է, ներկի ծախսը պակասեցնելու համար այն կարող ենք նախապես պատել սովորական պաստառի սոսնձով:

Մեկ քառակուսի մետր մակերեսի համար սովորաբար օգտագործվում է 500 գր ներկ: Ապակե մանրաթելային պաստառը ներկում են երկու շերտով՝ 12 ժամ միջակայք թողնելով:

Բոլորովին վերջերս այս հարդարման նյութն օգտագործվում էր միայն հանրային և գրասենյակային տարածքներում, բայց դրական բնութագրիչների շնորհիվ այն այժմ օգտագործում են նաև բնակելի տարածքներում։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ