Ինչպե՞ս պատրաստել կավե մոմակալ կամ սկահակ
Փոքրիկ սկահակները շատ հարմար են տարբեր մանրուքներ պահելու համար: Դրանց մեջ կարելի է պահել նաև զարդեղեն: Այս հոդվածում կպատմենք, թե ինչպես կարելի է սովորական կավից պատրաստել նրբագեղ մոմակալ կամ սկահակ: Դրանք տերևների տեսք կունենան և շատ գեղեցիկ կսազեն ցանկացած ինտերիերի: Սրանց ևս մեկ առանձնահատկությունն էլ այն է, որ պատրաստվում են շատ մատչելի նյութերով:
Ծանոթություն. սկահակներն ու մոմակալները կարող են տարբեր չափսերի լինել: Ամեն բան կախված է որպես շաբլոն օգտագործվող տերևներից:
Կավե մոմակալ կամ սկահակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- տերևներ,
- թրծման կարիք չունեցող կավ կամ գիպս,
- գրտնակ,
- շինարարական դանակ կամ,
- փայլուն լաք,
- ներկարարական վրձին,
Պատրաստում ենք կավե մոմակալ ու սկահակ
Վերցնում ենք կավի մի փոքր կտոր ու բարակ գրտնակում: Որքան բարակ գրտնակենք, այնքան բարակ կլինեն սկահակի պատերը: Բայց հաստությունն, այնուամենայնիվ, պետք է թույլ տա, որ տերևների ջղերն արտատպվեն կավի վրա՝ այն չդարձնելով շատ փխրուն:
Գրտնակած կավի վրա դնում ենք տերևը՝ երեսը դեպի վերև: Պետք է ուշադիր լինել, որ տերևն ամբողջությամբ տեղավորվի կավի վրա: Զգուշությամբ գրտնակում ենք կավը:
Եզրերից բռնելով՝ տերևը զգուշությամբ հանում ենք կավի վրայից: Մակերևույթին պետք է հստակ արտատպված լինեն տերևի ջղերը:
Շինարարական դանակի օգնությամբ տերևի եզրերից կտրում ենք կավի ավելորդ մասերը: Սա պետք է անել շատ զգուշությամբ, որպեսզի դեռ չպնդացած կավի վրա մատնահետքեր չմնան:
Զգուշությամբ բարձրացնում ենք կավե տերևը, դնում կաթսայի մեջ, որպեսզի անհրաժեշտ գոգավորություն ստանա: Թողնում ենք այդպես ողջ գիշեր, որպեսզի կավը չորանա: Առավոտյան ամանի միջից հանում ենք, դնում շրջած ամանի հատակին, որպեսզի տակի շերտը նույնպես չորանա:
Կավի չորանալուց հետո արդեն կարելի է սկահակը կամ մոմակալը ներկել կամ լաքապատել: Ցանկալի է ներկել կամ լաքապատել 2-3 շերտով՝ ամեն շերտից հետո թողնելով, որ լավ չորանա:
Ահա և վերջ։