Ինչպես տեղադրել լամինատը
Վերջին ժամանակներում լամինատե հատակները լայն տարածում են ստացել, ինչը պայմանավորված է գեղեցիկ արտաքին տեսքի, ցածր գնի և արագ տեղադրման հետ։ Այսօր մենք Ձեզ կծանոթացնենք տեղադրման ճիշտ տեխնոլոգիայի հետ, որին տիրապետելով կարող եք ամբողջ աշխատանքն ինքնուրույն իրականացնել։
Տեղադրման պայմանները
Եթե ցանկանում եք հարթ և երկարադիմացկուն հիմք ստանալ, նախքան լամինատե հատակի տեղադրումը, պետք է ապահովել հետևյալ պայմանները.
- Տարածքում օդի խոնավությունը պետք է 40-70 տոկոսի սահմաններում լինի, իսկ ջերմաստիճանը` 15-30 աստիճան։
- Լամինատն այդ պայմաններում պետք է 48 ժամ թողնել, որից հետո միայն տեղադրել։ Դա անում են, որպեսզի լամինատե հատակը սենյակի օդի խոնավությանը հարմարվի և հետո չափերը կտրուկ չփոխի։
- Պետք է մետրային ուղղաձողով կամ հարթաչափով հատակի հարթությունը ստուգել: 1 մետրի մեջ անհարթությունները 2 մմ-ը պետք է չգերազանցեն։
- Հիմքը պետք է ամուր լինի։ Լամինատը գորգածածկույթի կամ ճռճռացող փայտե հատակների վրա չի կարելի տեղադրել։
- Լամինատե ծածկույթով չի կարելի պատել էլեկտրական տաքացվող հատակը:
- Լամինատե հատակ ընտրելիս հետևեք, որ փաթեթավորումը վնասվածքներ չունենա։ Դրանք պետք է կնքված լինեն և անկյուններում կոտրվածքներ չունենան:
- Փականներով լամինատը չի կարելի տեղադրել ամրակայման հատուկ միջոցներով` պտուտակներով, սոսնձով կամ մեխերով: Ծածկույթը պետք է <<լողացող>> լինի. դրա համար սենյակի պարագծով մեկ պետք է 10-15 մմ արանք թողնել:
- Լամինատե հատակը խոնավ տարածքների համար չէ. այն չի կարելի տեղադրել լոգասենյակում: Կան որոշ խոնավադիմացկուն մոդելներ, որոնք միջանցքի և խոհանոցի համար կարող են օգտագործվել: Որպեսզի կանխենք միացման հատվածներով խոնավության ներթափանցումը, դրանք կարելի է մշակել հատուկ հերմետիկներով:
- Լամինատը տեղադրվում է միայն հատուկ պաշտպանիչ շերտի վրա: Այն մեծացնում է հատակի ջերմա և ձայնամեկուսացումը:
- Գոլորշուց և խոնավությունից պաշտպանության համար խորհուրդ է տրվում պաշտպանիչ շերտի տակ նաև բարակ պոլիէթիլենային թաղանթ փռել:
Հիմքի նախապատրաստումը
Ինչպես տեղադրել լամինատը … վերը նշել ենք, լամինատի տեղադրումը հատուկ պայմաններ է ենթադրում հիմքի որակով նախապատրաստման առումով: Ճիշտ նախապատրաստման դեպքում որպես հիմք կարող է ծառայել բետոնե երասասվաղը, փայտե հատակը, լինոլեումը և հատակի սալիկը:
Բետոնե հատակի նախապատրաստումը
Բետոնե նոր երեսասվաղի վրա լամինատե հատակը կարելի է տեղադրել միայն լիովին չորանալուց հետո` 30 օր անց:
Եթե փոխում եք պատրաստի երեսասվաղի վրա եղած հատակը, ապա անհրաժեշտ է համոզվել դրա ամբողջականության մեջ: Երեսասվաղի վրայի ոչ մեծ անհարթություններն ու ճաքերն անհրաժեշտ է լցնել հատակի ինքնահարթվող խառնուրդով: Ավելի մեծ վնասվածքների դեպքում պետք է նոր երեսասվաղ անել:
ՈՒշադրություն դարձրեք: Բետոնե հատակի վրա անպայման անհրաժեշտ է պոլիէթիլենից շոգեմեկուսիչ շերտ փռել: Միացման հատվածներն անհրաժեշտ է մեկը մյուսի վրա դնել և ամրացնել ինքնակպչուն ժապավենով, իսկ եզրերը մի փոքր թողնել պատի վրա: Չոր երեսասվաղի վրա այդ շերտը փռելու անհրաժեշտությունը չկա, քանի որ չոր երեսասվաղի թերթերը արդեն իսկ ունեն այն:
Փայտե հատակի նախապատրաստումը
Եթե հիմքը տախտակներից է պատրաստված` անհրաժեշտ է ապահովել դրանց հարթ և ամուր լինելը, որպեսզի քայլելիս չճկվեն: Դրա համար պետք տախտակները պտուտակներով ամրացնել: Եթե խնդիրը լավ չամրացված հիմնակմախքի մեջ է, պետք է ամբողջ հատակը նորից սարքել: Եթե տախտակների ներքին կողմն անհարթություններ ունի , դա կարելի շտկել ռանդայի կամ հաստոցի օգնությամբ: Դուրս պրծած ոչինչ պետք է չլինի, անհրաժեշտ է հանել նաև դուրս ցցված մեխերը: Վնասված տախտակները կարելի է փոխել:
Փայտե հատակը կարելի է հարթեցնել նաև 6 մմ-ը գերազանցող նրբատախտակի կամ նմանատիպ այլ նյութերի օգնությամբ:
Ուշադրություն: Հաշվի առեք նրբատախտակի, պաշտպանիչ շերտի և լամինատի գումարային հաստությունը: Հակառակ դեպքում տեղադրումից հետո դռները կարող են չբացվել: Հենց այդ պատճառով բնակարանը նորոգելիս միջսենյակային դռները տեղադրում են ամենավերջում:
Եթե հիմքը պատված է լինոլեումով կամ սալիկով, ապա տեղադրման համար որպես հիմք կարող է ծառայել ցանկացած հարթ մակերևույթ, այդ պատճառով եթե լինոլեումով կամ սալիկներով պատելը իրականացվել է ճիշտ տեխնոլոգիայով, ապա հանգիստ կարելի դրանք չհեռացնել: Այդ պարագայում նաև շոգեմեկուսացման անհրաժեշտություն չի լինի, պետք է միայն պաշտպանիչ շերտը փռել:
Անհրաժեշտ նյութերն ու գործիքները
Նախքան տեղադրման աշխատանքները սկսելը պատրաստեք անհրաժեշտ գործիքներն ու նյութերը.
- Գծանշման գործիքներ. մատիտ, անկյունակ, մետր:
- Տախտակների ամուր միացման համար մուրճ: Այն պետք է օգտագործել միայն մուրճի և լամինատի արանքը միջնաշերտ դնելով, որպեսզի փականները չվնասվեն:
Ինչպես տեղադրել լամինատը … Աշխատանքը հեշտացնելու համար կարելի է գործիքների հատուկ հավաքածու գնել, որում ներառված են սենյակի պարագծով մեկ հատակի և պատի միջև հավասարաչափ հեռավորություն ստանալու համար նախատեսված սեպեր, վերջին տախտակը ամրացնելն ավելի հարմար դարձնող բռնակ և շաբլոն, որպեսզի փականները մուրճով հարվածելիս չվնասվեն:
Պետք է ձեռքի տակ ունենալ նաև լամինատը կտրելու գործիք` էլեկտրական կամ ձեռքի մանրասղոց: Անկյունագծով տեղադրման դեպքում անկյունային կտրվածնքերի համար ևս հատուկ գործիք կարող է անհրաժեշտ լինել:
Չմոռանաք անհրաժեշտ նյութերի մասին` շրիշակ, շրիշակի անկյունակներ, խողովակների օղագոտիներ: Որպեսզի սենյակից սենյակ միացման հատվածը չերևա, շեմք է ամրացվում: Եթե միացումը սալիկի հետ է, պետք է հատուկ ճկուն միացնող պրոֆիլ գնել:
Տեղադրման եղանակները
Լամինատե պանելների միացման մի քանի եղանակներ կան.
- սոսնձվող
- Click փական
- Lock փական
Պանելների սոսնձման եղանակը շատ նման է սովորական մանրահատակի տեղադրման տեխնոլոգիային: Եզրին սոսինձ է քսվում, և երկու պանելները կիպ դրվում են մեկը մյուսի մեջ: Այս տարբերակն օգտագործվում է մեծ ծանրաբեռնվածությամբ տարածքներում, երբ անհրաժեշտ է ստանալ ամուր միացում և խոնավությունից պաշտպանություն: Այնուամենայնիվ, այս եղանակը հազվադեպ է կիրառվում աշխատատարության պատճառով: Այն նաև հնարավորություն չի տալիս անհրաժեշտության դեպքում ծածկույթը հավաքելու, իսկ սոսինձն էլ ժամանակի ընթացքում չորանում է և պոկվում:
Այսօր ամենատարածված տարբերակը Click տեսակի փականով պանելներն են: Դրանք նույնպես միացվում են ելուստը փորվածքի մեջ դնելով, միայն թե` 30 աստիճան անկյան տակ: Պանելն իջեցնելիս փականները հուսալիորեն միանում են: Սա միացման ամենաժամանակակից մեթոդն է. լավ որակի լամինատի դեպքում միացման հատվածները գրեթե նկատելի չեն:

Lock փականները ավելի զգայուն են մակերևույթի անհարթությունների նկատմամբ: Բացի այդ, անզգույշ լինելու դեպքում փականները կարող են վնասվել: Այսպիսի միացումը քանդելը նույնպես բարդ է, իսկ հավաքելիս մուրճով հարվածելը` պարտադիր: Կարդացեք նաև խցանե ծածկույթով լամինատի տեղադրման մասին:
Ինչպես տեղադրել լամինատը. տեղակայման ձևերը
Լամինատե հատակը սովորաբար հավաքում են լույսի ուղղությամբ, բայց հնարավոր է նաև ուղղահայաց կամ անկյունագծով տարբերակը:
Բացի այդ կա հավաքման մի քանի սխեմա:
- Դասական. ավելի հաճախ օգտագործվում է բնակարաններում և գրասենյակներում, քանի որ ամենախնայողականն է: Հավաքումն սկսվում է պատուհանի մոտից: Եթե պանելների երկարությունը գերազանցում է 30 սմ-ը, շարքն ավարտելուց հետո կտրվածքն օգտագործվում է նոր շարքի համար: Եթե մահճակալ կամ պահարան պետք է դրվի, շարքի սկզբում կամ վերջում կտրվածքը կարելի ավելի կարճ անել խնայողության նկատառումով: Այս սխեմայով թափոնները ընդհանուր նյութի 5 տոկոսը չեն գերազանցում:
- Աղյուսանման (շախմատաձև). սա աղյուսի շարվածք է հիշեցնում: Յուրաքանչյուր նոր շարք սկսվում է պանելի մեջտեղից միախառնումով: Այսպիսի մեթոդը ամենամեծ ամրությունն է ապահովում, բայց ծախսը մոտ 15 տոկոսով ավելանում է:
- Անկյունագծով. Այս տարբերակը նման է դասականին, պարզապես հավաքվում է 45 աստիճան անկյան տակ: Այս մեթոդը ամենագեղեցիկ արդյունքն է ապահովում, հատկապես եթե սենյակում անկյունային դուռ կա: Թափոնները մոտավորապես 15 տոկոս են կազմում, իսկ եթե սենյակը նեղ և երկար է, ապա` ավելի շատ:
Անկախ ձեր ընտրած սխեմայից, անհրաժեշտ է նոր շարքն սկսել եզրային փականների միախառնումով, որպեսզի միացումը ավելի ամուր լինի: Միախառնումը պետք է լինի նախորդ շարքի համեմատ նվազագույնը 20 սանտիմետրով:
Ինչպես տեղադրել լամինատը. լամինատի տեղադրման հրահանգներ
Աշխատանքներն սկսելուց առաջ հատակը պետք է լավ մաքրել, ցանկալի է` փոշեկուլով: Առաջինը փռում ենք պոլիէթիլենային թաղանթը, հետո` պաշտպանիչ շերտը: Շարքերը մեկը մյուսին միացնում ենք ինքնակպչուն ժապավենով, որպեսզի հիմքը լինի հերմետիկ և ամուր: Ցանկալի է պաշտպանիչ շերտը ամբողջ սենյակով միանգամից չփռել, որպեսզի աշխատելիս չկեղտոտենք: Առաջին շարքը տեղադրելու համար պատի և պանելի միջև դնում ենք սեպերը կամ լամինատի ոչ պետքական կտորները, որպեսզի հավասար արանք ապահովենք ամբողջ պարագծով: Բացի այդ անհրաժեշտ է պահել խողովակների կամ այլ խոչընդոտների միջև արանքը: Այս դեպքում եթե պանելը իր չափերը փոխի, չի հպվի պատին և դեպի վեր փքվի: Փայտե դռներ ունեցողներին լավ ծանոթ է այս երևույթը. սեզոնի փոփոխության հետ դրանք հաճախ մեծանում են և դժվար են փակվում կամ ընդհակառակը, փոքրանում են:
Պանելները մեկը մյուսի մեջ են դրվում անկյան տակ, ամուր միացվում են և իջեցվում: Անհրաժեշտության դեպքում փականներին կարող ենք հերմետիկ քսել: Սկզբում միացնում ենք կողային փականները, այնուհետև միացնում ամբողջ շարքի հետ: Հաջորդ շարքը տեղադրվում է պանելի երկարության կեսից 20 սանտիմետրի վրա:

Ավելի լավ է սկսել անկյունից, որտեղ տեղադրված են խողովակներն ու ջեռուցման մարտկոցը: Խողովակների համար անհրաժեշտ է գայլիկոնիչով խոշոր անցքեր անել և կտրվածք խողովակների կենտրոնի ուղղությամբ: Հետո պանելները սովորական ձևով պարզապես տեղադրվում են նախորդ շարքի վրա, իսկ խողովակների շուրջ մնացած անցքը փակվում է պլաստիկե օղագոտիներով:
ՈՒշադրություն: Եթե սենյակի դռներն արդեն տեղադրված են, ապա լամինատե հատակի հավաքումը պետք է սկսել հենց դրանց մոտից, հակառակ դեպքում հարկադրված կլինեք դուռը սռնիներից հանել: Բացի այդ հաշվարկեք պանելների լայնությունը, որպեսզի դռան մոտ նեղ շերտ չմնա. այն տգեղ կնայվի:
Շարքն ավարտելու համար պանելը պետք է համապատասխան չափով կտրել` հաշվի առնելով նաև պատի և պանելի միջև արանքը: Վերջին շարքն ամրացնելու համար կարող է անհրաժեշտություն առաջանալ պանելը պատի կողմից երկայնակի կտրելու: Հաճախ բնակարաններում պատերն ուղիղ չեն լինում, այդ պատճառով չափեք սկզբի և վերջի միջև տարածությունը, որպեսզի շրիշակի մոտ արանք չմնա: Առավել ուշադիր պետք է լինել, եթե նեղ փայտյա շրիշակներ են օգտագործվում: Ամրացումն իրականացվում է նույն կերպ, միայն թե հարմարության համար օգտագործվում է Z-անման բռնակ:
Աշխատանքների վերջին փուլը պլաստիկե շրիշակների տեղադրումն է: Ամենաէժան շրիշակները պատին ամրանում են խցաբութակների ու պտուտակների օգնությամբ: Մի քիչ ավելի թանկ տարբերակները պատին ձգվող հատուկ ամրակներ ունեն, որոնց վրա հագցվում է շրիշակը: Ամենապրակտիկը փորվածքով շրիշակներն են , որոնց մեջ կարելի է թաքցնել էլեկտրալարերը: Եթե մի քանի սենյակներ միաժամանակ եք լամինատապատում, ապա դրանց միջև պետք է պարտադիր դեֆորմացիոն կար թողնել, որը ծածկվում է շեմքով:
Այս ամենից հետո կարելի է անմիջապես վայելել մեր աշխատանքի արդյունքը: Իսկ եթե ընտրել եք սոսնձմամբ տարբերակը, ստիպված եք սպասել մինչև միացումները լիովին չորանան: