Ինչպես ընտրել ներկ
Եթե վերանորոգում եք սկսել, ապա այս խորհուրդները Ձեզ շատ կօգնեն: Interier.am-ը կպատմի Ձեզ այն, ինչի մասին, սովորաբար, խանութում լռում են 🙂
Գնագոյացում
Շուկայում գոյություն ունեն տարբեր գնային կատեգորիաների ներկեր, բաց հարց է՝ ո՞րն ընտրել:
Ներկգնելիս պետք է ուշադրություն դարձնել, թէ որ երկրում է այն արտադրվել: Հաճախ այն չի համապատասխանում իրականությանը, օրինակ, ամերիկյան ներկերի անվան տակ վաճառում են ռուսական կամ ԱՊՀ երկրների արտադրության ներկեր:
Արտասահմանյան ներկերն արտադրվում են ստանդարտներին համապատասխան, իսկ, եթե ընկերությունը խախտում է դրանք, ապա ենթարկվում է պատասխանատվության: Ներկերը ստեղծվում են էկոլոգիապես մաքուր նյութերից, նրանք մաշվածակայուն և դիմացկուն են լինում, ինչը չենք կարող ասել ռուսական արտադրության ներկերի մասին:
Գների համեմատության համար պետք է ուշադրություն դարձնել և համեմատել ոչ թե տարայի, այլ քառակուսի մետրի արժեքը:
Ի՞նչ է հարկավոր իմանալ ներկի գույնի մասին
Համաձայնեք, որ ներկ ընտրելիս ուշադրություն եք դարձնում ոչ թե որակին, այլ գույնին, և թե այդ ներկն օգտագործելու դեպքում ինչ տեսք կունենա սենյակը: Այս ամենը հաշվի առնելով շատ արտադրողներ այդ հանգամանքից օգտվում են աշխատելով ոչ թե ներկի որակի, այլ գունային բազմազանության վրա:
Ինչու՞մ կարող են խաբել.
Սովորաբար, խանութում ասում են, որ ներկը հնարավոր է միայն նույն ներկի կոլերով կամ կոլերային մեքենայով գունավորել: Բայց դա այդպես չէ, քանի որ ոչինչ չի պատահի, եթե ներկը գունավորեք մեկ այլ բրենդի կոլերային մեքենայով:
Սպիտակ ներկ
Հաճախ խանութում վաճառվող սպիտակ ներկերն ամենևին էլ սպիտակ չեն լինում և ներկելուց որոշ ժամանակ անց խամրում են:
Այս դեպքում պետք է ուշադրություն դարձնել պիգմենտին: Սպիտաիկության աստիճանի և որակի վրա ազդում է պիգմենտի տեսակը, որակը և քանակությունը: Ամենաորակյալ պիգմետը տիտանի դիոքսիդն է, որը չի թողնում, որ ներկը ժամանակի ընթացքում դեղնի կամ մոխրագույն դառնա: Սկզբունքորեն կարևոր է նաև պիգմենտի խտությունը, որը պետք է լինի մինչև 13%:
Պատերի և առաստաղի ներկ. անփայլ ներկն ընդդեմ փայլունի
Մակերևույթը փայլուն կամ անփայլ ներկելը միայն ճաշակի հարց չէ: Առաջատար դիզայներներն ու հոգեբանները կարծում են, որ տանը հանգիստ և հարմարավետ միջավայր ստեղծելու համար պետք է խուսափել փայլուն մակերևույթներից, քանի որ վերջինս հարմար է միայն էքսցենտրիկ դիզայնի համարձակ սիրահարների համար: Բացի այդ, փայլուն ներկը պրակտիկ չէ, քանի որ լվանալուց կամ շատ շփումից կարող է փայլը կորցնել:
Եթե անփայլ ներկ եք ընտրել, ապա պետք է իմանաք, որ ոչ բոլոր ներկերն են լրիվ անփայլ: Ամբողջությամբ անփայլ մակերևույթ ստանալու համար ներկի մեջ օգտագործում են շատ մանր աղացած մարմար կամ բարձրակարգ յուղազրկող հավելումներ: Բայց, քանի որ, արտադրողների մեծամասնությունը որպես կապակցանյութ վինիլացետատ է օգտագործում, դա խնդիրներ է առաջացնում, որի արդյունքում ստացվում է հաստ շերտով ներկ, որն ավելի շատ է ծախսվում:
Եզրակացություն: Ընտրեք ակրիլ-սթիրոլ կապակցանյութով ներկեր, որն անփայլ է ու բարակ շերտով, այսինքն, տնտեսապես ավելի շահավետ է և պատը գերազանց է ներկում:
Մեզանից շատերը չեն էլ կարող պատկերացնել, թե որքան վտանգավոր կարող են լինել շինանյութերը: Հաճախ արտադրողներն արտաքին մակերևույթների համար օգտագործվող ներկերը որպես ներքին հարդարման ներկ են ներկայացնում: Իսկ երբեմն էլ՝ առաջարկում են ունիվերսալ ներկեր, որոնք իբրև թե հարմար են թե´խոհանոցի, թե´լոգասենյակի, թե´ ննջասենյակի համար:
Պետք է հիշեք, որ տեխնոլոգիապես շատ բարդ է այնպիսի ներկ ստանալ, որը բոլոր խնդիրները կարող է լուծել, այնպես որ այդ ամենը մեկտեղելիս, կորչում է որակը:
Այստեղից հետևություն. պետք է ընտրել տարածքին համապատասխան, ճիշտ ներկեր: