Ինչպես ընտրել պաստառ

ինչպես-ընտրել-պաստառ-1

Տունն այն վայրն է, որտեղ մարդն իրեն հարմարավետ է զգում։ Հին պաստառները մաշվում են և փոխելու անհրաժեշտություն է առաջանում, ինչը ստիպում է վերանորոգում սկսել: Իհարկե, կարելի է վերանորոգման համար դիզայներ հրավիրել, բայց ծառայությունը թանկ կարժենա, այնպես որ, ավելի լավ է ամեն ինչ անել ինքնուրույն։ Այդ հարցում interier.am-ը կփորձի օգնել Ձեզ:

Ինչպես ընտրել պաստառ

Պաստառներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, թե ո՞ր սենյակներում եք փակցնելու դրանք: Կարևոր է ընտրել սենյակին համապատասխան գույնը, նախշը և կազմությունը: Ճիշտ ընտրության համար պետք է հաշվի առնել նաև սենյակի արևկող լինելը։

Ինչպես հայտնի է, կապտականաչավուն երանգներով պաստառապատած սենյակներն ավելի զով են լինում, իսկ դեղնանարնջագույն երանգներովն՝ ավելի տաք։ Հետևաբար, նպատակահարմար չէ արևկող սենյակները պաստառապատել դեղին պաստառներով:

Ինչպիսի նախշերով պաստառ ընտրել

Շատ կարևոր է նաև պաստառների նախշի ընտրությունը։ Խոշոր նախշերով պաստառները լավ կլինի փակցնել փոքրիկ սենյակներում, որպեսզի սենյակը տեսողականորեն մեծանա, իսկ մանր նախշերով պաստառներն ավելի հարմար են ընդարձակ սենյակների համար։ Բարձր առաստաղի տպավորություն ստեղծելու համար հարմար են ուղղահայաց գծերով պաստառները:

inchpes-yntrel-pastar-2

Տարածքին համապատասխանող պաստառի ընտրություն

Սենյակներից յուրաքանչյուրում պետք է փակցնել սենյակի նշանակությանը համապատասխանող պաստառներ. մանկական սենյակում` մուլտֆիլմերի հերոսներով պաստառներ, ննջարաններում` նուրբ երանգներով, իսկ հյուրասենյակում՝ զուսպ և հարուստ նախշերով։

ինչպես-ընտրել-պաստառ-3

Խոհանոցում և լոգասենյակում ցանկալի է ընտրել ջրակայուն պաստառներ։ Ընդ որում, սենյակից- սենյակ սահուն անցումներն ու ներդաշնակությունը պահպանելու համար պետք է օգտագործել այնպիսի պաստառներ, որոնց գույներն էականորեն չեն տարբերվում:

Թղթե պաստառներ

Թղթե պաստառները կազմված են մեկ կամ մի քանի շերտ թղթից. որքան շատ են շերտերն, այդքան ամուր է պաստառը։ Դրանց միակ առավելությունն այն է, որ գնային առումով մատչելի են և ներկվոըն են, այդ իսկ պատճառով թղթե պաստառները շատ են փակցնում մանկական սենյակներում։

inchpes-yntrel-pastar-4

Սակայն, թղթե պաստառներն արևից շատ շուտ խամրում են, և նկարը մաքրվում է։ Բացի այդ, այդպիսի պաստառները լինում են հարթ և ռելիեֆային, ինչի պատճառով ռելիեֆային նախշերի արանքներում փոշի է կուտակվում։ Կա ևս մեկ թերություն. դրանք խոնավակայուն չեն։

Ֆիզելինային պաստառներ

Ֆլիզելինային պաստառները հիմնականում պատրաստվում են ֆլիզելինից, բայց նաև պարունակում են ցելյուլոզա և տեքստիլե թելքեր։ Այս պաստառների առավելությունն այն է, որ ամրացնելիս սոսինձը քսվում է միայն պատին, ինչի շնորհիվ խնայում ենք սոսինձը և, իհարկե, ժամանակը:

Ֆլիզելինային պաստառները հարմար են հյուրասենյակի և հատկապես մանկական սենյակի համար, քանի որ դրանք կարելի է ներկել ջրաէմուլսիոն ներկերով։

Վինիլային պաստառներ

Վինիլային պաստառները մարմարի, կաշվի, թավշյա ծածկույթների տպավորություն են ստեղծում, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել հյուրասենյակում և նախասենյակում։

inchpes-yntrel-pastar-6

Վինիլային պաստառները նույն թղթե պաստառներ են, որոնց վրա վինիլային շերտ է քսվում, ինչի շնորհիվ դրանք դառնում են բավականին խիտ և փափուկ։ Վինիլային պաստառները խոնավակայուն են, ինչը թույլ է տալիս դրանք փակցնել նաև խոհանոցում։

Ապակեթելքավոր պաստառներ

Ապակեթելքավոր պաստառների արտադրության մեջ օգտագործում են սոդա, կվարցային ավազ, կիր և դոլոմիտներ։ Դրանք ունեն հրակայուն և ջրակայուն հատկություններ։ Ապակեթելքավոր պաստառները հարմար են հանրային տարածքներում փակցնելու համար։

Թավշյա և տեքստիլե պաստառներ

Թավշյա պաստառները խոնավակայուն չեն, բայց փոխարենը շատ շքեղ տեսք ունեն։

Ինչպես սոսնձել պաստառները

Նախքան պաստառները սոսնձելը, պետք է կարգի բերել պատերը. հեռացնել մեխերը, ուղղել սվաղը և հեռացնել հին պաստառները: Այս ամենին հաջորդող փուլը նախաներկումն է:

Այս բոլոր փուլերը շրջանցելու դեպքում վերջնական արդյունքը գոհացուցիչ չի լինի, ուստի պետք է մանրակրկիտ քողարկել բոլոր թերությունները և ընտրել ճիշտ պաստառ: Պաստառներ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել դրանց բաղադրությանը, քանի որ վերջիններիս արտադրության մեջ հաճախ օգտագործվում են քիմիական միացություններ, ինչը առողջությանը կարող է վնաս պատճառել։

Բավականաչափ պատկերացում ունենալով պաստառների տեսակների, նշանակության և գույների մասին կարող եք գործի անցնել և նոր շունչ հաղորդել պատերին:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ