Ինչպես ճիշտ ընտրել խոհանոցի համար օդակլանիչ
Օդակլանիչը ժամանակակից խոհանոցի անփոխարինելի պարագաներից մեկն է: Այն հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել սննդի պատրաստման ընթացքում տարածվող հոտի ուժգնությունը, օգնում է խոհանոցը մաքուր պահել և ապահովել տարածքի լավ օդափոխությունը: Այս անգամ կքննարկենք, թե ի՞նչ բնորոշիչների պետք է ուշադրություն դարձնել օդակլանիչն ընտրելիս:
Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե օդակլանիչի որ տեսակն է մեզ անհրաժեշտ (ստանդարտ, գմբեթավոր կամ ներկառուցվող): Ավանդական մոդելի առավելությունն այն է, որ այն ամենակոմպակտն է, ամրանում է պատին և հարմար է խոհանոցների մեծամասնության դեպքում: Գմբեթավոր օդակլանիչներն ավելի հզոր են և դիզայնի ավելի մեծ ընտրությւոն կա: Ներկառուցվող օդակլանիչների առավելությունն այն է, որ մերվում են խոհանոցի ինտերիերին` չխախտելով դրա ոճը:
Օդակլանիչի ամենաէական բնորոշիչը արտադրողականությունն է, որը չափվում է 1 ժամում մղվող օդի ծավալով (մ3/ժ): Սանիտարական նորմերի համաձայն խոհանոցային սալիկի կամ եփող մակերեսի 1 ժամ աշխատանքի ընթացքում սենյակում օդը պետք է փոխվի նվազագույնը 12 անգամ: Հետևաբար` օդակլանիչն ընտրելիս պետք է հաշվի առնել խոհանոցի ծավալը: Եթե օդատարը տարածքից դուրս է բերված, ապա ոչ մեծ խոհանոցում հարմար կլինի նվազագույն 300 մ3/ժ արտադրողականությամբ օդակլանիչը: Ստանդարտ օդակլանիչների արտադրողականությունը տատանվում է 300-450 մ3/ժ-ի սահմանում: Գմբեթավորները ավելի հզոր են. դրանց արտադրողականությունը սկսվում է 600 մ3/ժ-ից:
Խոհանոցային օդակլանիչները երկու հիմնական աշխատանքային ռեժիմներ ունեն. օդի հեռացման և շրջապտույտի: Օդափոխման տեսանկյունից ավելի նախընտրելի է օդի հեռացման տարբերակը, երբ բոլոր արտանետումները հեռացվում են տարածքից: Սարքը այդ ռեժիմում ավելի անձայն և արդյունավետ է աշխատում ֆիլտրների բացակայության շնորհիվ: Այդուհանդերձ, օդի դուրս մղման համար օդատար պետք է անցկացնել, ինչը նյութերի և աշխատուժի համար լրացուցիչ ծախսեր է պահանջում: Շրջապտույտի ռեժիմում ներմղվող օդն անցնում է մեկ կամ մի քանի ֆիլտրների միջով, մաքրվելով ծխից, յուղից, տհաճ հոտերից, և վերադառնում սենյակ:
Որպես կանոն, օդակլանիչներում օգտագործվում է ֆիլտրների երկու տեսակ` յուղակլանիչ (ալյումինե) և ածխի: Յուղակլանիչ ֆիլտր կա բոլոր մոդելների վրա, որպեսզի ներքին մասերը պաշտպանի յուղի մասնիկներից: Այդպիսի ֆիլտրը պետք է պարբերաբար փոխել կամ լվանալ, որպեսզի կանխեք տաքանալու դեպքում ինքնաբռնկումը: Ածխի ֆիլտրը հոտերը կլանում է ակտիվացրած ածխի շնորհիվ. այն աշխատանքի ընթացքում աստիճանաբար խցանվում է, այդ պատճառով պարբերաբար փոխելու կարիք է առաջանում: Այս ֆիլտրը կարող է ներառված լինել հավաքածուում կամ վաճառվել առանձին:
Օդակլանիչի կառավարումը կարող է լինել ինչպես մեխանիկական, այնպես էլ՝ էլեկտրոնային: Կառավարման մեխանիկական վահանակը պարզ է, իսկ արտադրման ինքնարժեքը`ցածր, այդ պատճառով այն օգտագործվում է բյուջետային և միջին դասի մոդելներում: Մեխանիկական կառավարման տիպի թերություններից է ոչ մեծ հուսալիությունը (երբեմն կարգավորման կոճակները արագ շարքից դուրս են գալիս) և արագ կեղտոտվելը:
Էլեկտրոնային կառավարումը օդակլանիչի ինքնաբերաբար աշխատանքի լայն հնարավորություններ է բացում: Էլեկտրոնային կառավարման վահանակ ունեցող սարքերի վրա հաճախ թվանշային կամ հեղուկ-բյուրեղյա դիսփլեյ է լինում, որի վրա պատկերվում են սարքի աշխատանքի բնութագրիչները: Կառավարման այսպիսի վահանակի մակերեսը հեշտ է օգտագործել և նաև մաքրել:
Օդակլանիչն ընտրելիս ոչ պակաս կարևոր հանգամանք է լուսավորության առկայությունը, քանի որ հաճախ հիմնական լուսամփոփները տեղադրված են լինում առաստաղին, հետևաբար` սալօջախի մոտ կանգնած մարդու թիկունքում: Ներկառուցված լուսավորության տարբերակները մի քանիսն են. շիկացման լամպեր (էներգախնայող չեն և շուտ են շարքից դուրս գալիս), հալոգենային լամպեր (չափերով մեծ չեն, ոչ շատ մեծ էներգածախսի պայմաններում ապահովում են պայծառ և հավասար լուսավորություն), լուսադիոդային լամպեր (գրեթե բոլոր բնութագրիչներով գերազանցում են լուսավորության մյուս տեսակները, շատ խնայող են և դիմացկուն):
Կարևոր է նաև հաշվի առնել օդակլանիչի աշխատանքի աղմուկի բարձրությունը: Ըստ նորմայի` 40 դբ-ը գերազանցող աղմուկը մարդու համար անհարմարություններ է առաջացնում: Այդ մասին կարելի է իմանալ սարքի տեխնիկական անձնագրից: Պետք է հաշվի առնել, որ խանութում ու տանը նույն սարքը կարող է տարբեր բարձրության աղմկել: Ցանկալի է առավելագույն արտադրողականության դեպքում սարքի աղմուկը չգերազանցի 55 դբ: