Ինչպիսի՞ տաքացուցիչ ընտրել
Հայաստանի ոչ բոլոր բնակելի շենքերում ու տներում կա կենտրոնացված ջեռուցում, և ցրտերն ընկնելուն պես, դեռ աշնան կեսերից, մենք մտահոգվում ենք բնակարանը կամ աշխատավայրը ջեռուցելու հարցերով:
Այս հոդվածում կխոսենք, թե ինչպիսի տաքացուցիչ է հարկավոր ընտրել բնակարանի համար: Առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե տաքացուցիչների ինչ տեսակներ կան շուկայում:
Դրանք հիմնականում չորսն են՝ յուղային, ինֆրակարմիր, ջերմափոխանցիչներ (կոնվեկտոր) և ջերմաօդափոխիչներ:
Յուղային տաքացուցիչ
Յուղային տաքացուցիչները հաստատ շատերին են ծանոթ: Սրանք բավական ծանր են, սակայն այժմ կան կատարելագործված մոդելներ՝ նախորդներից համեմատաբար ավելի կոմպակտ ու թեթև: Նոր մոդելներն ունեն նաև հետաքրքիր դիզայն ու կարող են դառնալ ինտերիերի հետաքրքիր դետալ: Յուղային տաքացուցիչներն արդյունավետ ու հիմնավոր տաքացնում են բնակարանը, հեշտ են շահագործվում, հուսալի են ու անաղմուկ, նաև՝ մատչելի:
Ինֆրակարմիր տաքացուցիչ
Ինֆրակարմիր տաքացուցիչները համեմատաբար նոր տեսակ են, սակայն շատ արագ տարածվել են սպառողների շրջանում: Սրանց առանձնահատկությունն այն է, որ տաքացնում են ոչ թե օդը, այլ ջերմություն են հաղորդում շրջապատող առարկաներին, որոնք էլ, իրենց հերթին, ջերմությունը վերադարձնում են սենյակի օդին: Այս տաքացուցիչները նաև անաղմուկ են, քիչ էլեկտրաէներգիա են ծախսում և սենյակը տաքացնելու խնդիրը գերազանց են լուծում:
Կոնվեկտորներ
Կոնվեկտորները տաքացնում են օդը: Այսպիսի տաքացուցիչն ունի հատուկ բացվածքներ, որոնց միջով սառը օդը մուտք է գործում սարքի մեջ, անցնում ջեռուցիչ տարրի մեջ, տաքանում ու նորից դուրս գալիս: Եթե մոդելի ջեռուցիչ տարրը կերամիկական է, փոշու և թթվածնի այրման խնդիրը վերանում է: Որոշ մոդելներ ունեն նաև օդափոխակիչ, որը կարող է աղմկել ու խանգարել, սակայն սա լրացուցիչ ֆունկցիա է և կարելի է միացնել միայն ըստ ցանկության: Շատ կոնվեկտորներ ունենում են նաև թերմոստատ:
Ջերմաօդափոխիչ
Եթե ուզում եք այնպիսի տաքացուցիչ ընտրել, որ լինի կոմպակտ և սենյակն արագ տաքացնի, ուրեմն ջերմաօդափոխիչը լավագույն տարբերակն է: Սրանք բավական մատչելի գին ունեն, հաշված րոպեների ընթացքում տաքացնում են սենյակը, կարելի է դնել ցանկացած տեղում: Ջերմաօդափոխիչի թերությունն այն է, որ շատ աղմկոտ է և կարող է նյարդայնացնել զգայուն մարդկանց: Ջերմաօդափոխիչ գնելիս լավ կլինի ընտրել այնպիսի մոդել, որը կարող է նաև պտտվել՝ ավելի լավ տաքացնելով սենյակը: