Արժե՞ արդյոք գնել ինդուկցիոն սալօջախ
Անկախ Ձեր խոհարարական կամ ինտերիերային հակումներից՝ նույնիսկ փոքր խոհանոցը հնարավոր չէ պատկերացնել առանց սալօջախի կամ գազօջախի: Այսօր էլեկտրական սալօջախից ու գազօջախից բացի շուկայում առաջարկվում է ինդուկցիոն սալօջախ: Փորձենք հասկանալ, թե որո՞նք են վերջինիս առավելություններն ու թերությունները, ինչպիսի՞ լրացուցիչ ծախսեր են հնարավոր ինդուկցիոն սալօջախ գնելու դեպքում:
Ինդուկցիոն և էլեկտրական սալօջախների հիմնական տարբերությունը ջերմության հաղորդման եղանակն է:
Էլեկտրական սալօջախի դեպքում տաքանում է սալօջախի աչքն ու ջերմությունը փոխանցում վրան դրված կաթսային, իսկ ինդուկցիոն սալօջախի աչքը մնում է սառը՝ անմիջապես կաթսային հաղորդելով ջերմությունը: Սա տեղի է ունենում ապակեկերամիկական պանելի տակ գտնվող ինդուկցիոն կոճի միջոցով, որը գեներացնում է բարձր հաճախականությամբ մագնիսային դաշտ: Վերջինս ջերմությունն անմիջապես փոխանցում է ոչ թե սալօջախին, այլ մետաղյա տարային ու նրա պարունակությանը:
Ինդուկցիոն սալօջախ. թվարկում ենք առավելությունները
Անվտանգ են
Նույնիսկ միացրած ինդուկցիոն սալօջախը չի տաքանում առանց հատուկ կաթսաների, և կարելի է չանհանգստանալ փոքր երեխաների ու ընտանի կենդանիների համար, չվախենալ հրդեհից: Կարելի է նաև գդալը կամ պատառաքաղն առանց վախենալու դնել միացրած ինդուկցիոն սալօջախի վրա, քանի որ մանր առարկաները նրա վրա չեն տաքանում:
Հեշտությամբ են մաքրվում
Գազօջախներն ու էլեկտրական սալօջախները կերակրի այրված մնացորցներիդ ու բծերից մաքրելու խնդիրը ծանոթ է բոլորին, իսկ ինդուկցիոն մակերևույթի վրա սնունդը չի այրվում: Ինդուկցիոն սալօջախը մաքրելու համար բավական է խոնավ կտորով սրբել փոշին:

Հիշեցում. Չի կարելի ինդուկցիոն սալօջախը մաքրել մետաղյա սպունգով ու հղկանյութերով, ցանկալի է օգտագործել հատուկ մաքրող միջոցներ:
Խնայող են
Ինդուկցիոն սալօջախն ավելի քիչ էլեկտրաէներգիա է ծախսում, քան սովորական էլեկտրական սալօջախը:
Արագ է տաքանում
Բոլորս գիտենք, որ գազօջախն ավելի արագ է տաքացնում մակերևույթը, քան էլեկտրական սալօջախը: Ինդուկցիոն սալօջախը նույնպես բավական արագ տաքացնում է մակերևույթը: Այսպես, օրինակ, 1.5 լ ջուրը ինդուկցիոն սալօջախի վրա տաքանում է 3-4 րոպեում, իսկ էլեկտրական սալօջախի վրա՝ մոտ տասը րոպեում:
Բուստեր
Շատ ինդուկցիոն սալօջախներ ունեն այս լրացուցիչ ֆունկցիան, որը թույլ է տալիս առավելագույնս արագ տաքացնել ու եփել կերակուրը: Բուստերը որոշ ժամանակով մի աչքի հզորությունը փոխանցում է մյուսին՝ ուժեղացնելով նրա աշխատանքը:
Ինդուկցիոն սալօջախի թերությունները
Ինդուկցիոն սալօջախի հիմնական թերությունը բարձր գինն է, ինչպես նաև հատուկ տարաներ ձեռք բերելու համար անհրաժեշտ ծախսերը:

Հարկավոր է նաև հիշել, որ չի կարելի ինդուկցիոն սալօջախը մոնտաժել ջեռոցի, սառնարանի, միկրոալիքային վառարանի կամ այլ մետաղյա մակերևույթի վերևում: Փաստորեն ինդուկցիոն սալօջախ գնելիս հարկավոր է նաև համապատասխան տեղ գտնել այն տեղադրելու համար:
Ինդուկցիոն սալօջախի սպասք
Ինդուկցիոն սալօջախ գնելիս ստիպված կլինեք լուրջ մոտենալ նաև սպասք ընտրելու հարցին: Սպասքն անպայման պետք է պատրաստված լինի ֆեռոմագնիսական համաձուլվածքից, այսինքն՝ ենթարկվի մագնիսական դաշտի ազդեցությանը: Այդպիսի տարաները կարող են լինել չուգունից, չժանգոտվող պողպատից, պղնձից, արծնապատ պողպատից, սակայն հարկ է ուշադրություն դարձնել որոշ նրբությունների:

Խորհուրդ. Դուք հեշտությամբ կարող եք ստուգել, թե տվյալ կաթսան հարմա՞ր է արդյոք նոր սալօջախի համար: Հարկավոր է տարային մագնիս մոտեցնել, ու եթե մագնիսը փակչի տարային, նշանակում է այն կարելի է օգտագործել ինդուկցիոն սալօջախի համար:
Ինդուկցիոն սալօջախի համար նախատեսված սպասքի բնութագրերը
- պետք է պատրաստված լինի ֆեռոմագնիսական նյութից,
- հաստությունը պետք է լինի 2-6 մմ,
- անպայման պետք է ունենա հարթ ու մեծ մակերեսով հատակ (նվազագույնը 12 սմ պարագիծ),
- կերամիկական ու ապակե տարաները ինդուկցիոն սալօջախի համար հարմար չեն, սակայն կարելի է օգտագործել մետաղյա ինդուկցիոն սկավառակ ու վրան դնել ունեցած տարաները:
Խորհուրդ. Չուգունե տարաներն ավելի թանկ են, քան չժանգոտվող մետաղե տարաները, սակայն վերջիններս կարող են արձակել առողջության համար վտանգավոր նիկել, բացի դրանից, չունեն հակաայրուկային (антипригарный) հատկություններ: Հետևաբար լավ կլինի գնել հենց չուգունե տարաներ:
Վերն ասվածից անենք հետևություն. ինդուկցիոն սալօջախն ամենևին էլ մատչելի չէ, սակայն շահագործման առավելություններն անվիճելի են: