Ինտերիերում գույնի կարևորությունը

 

Գույնն իր համադրություններով ունակ է անկրկնելի ու հարմարավետ ինտերիեր ստեղծել:

 

Սպիտակ գույնն ինտերիերում ցանկացած դեպքում գեղեցիկ ու ազնվազարմ է դիտվում: Չնայած մտավախություններին` այն ձանձրալի ու սառը չի լինի, ինչին կօգնի տարբեր ֆակտուրաների, զարդանախշերի, երանգների օգտգործումը: Դասական ոճի ննջարանն իդեալական կլինի տաք երանգներи դեպքում (կաթնագույն, բաց բեժագույն), իսկ վարագույրների  դեղին աստառը «կջերմացնի» արևի ներթափանցող լույսն ու միայն կուժեղացնի ջերմ էֆեկտը:

Սպիտակ գույնն իր մեջ միշտ կատարելություն ու ավարտունություն է կրում:Այն նկար ընտրելիս տարածություն կպարգևի: Եթե նույնիսկ պատերին տարբեր պաստառներ սոսնձեք, զարդարման համար տարբեր կտորներ ընտրեք. դա չի խախտի ընդհանուր ներդաշնակությունը: Համարձակորեն վերցրեք փայլուն ծրար` բարձի համար, թավիշ` պուֆերի համար, մետաքսե թավշամահուդ (վելյուր)` բազկաթոռի համար, փափուկ ծածկոց` անկողնու համար:

Սպիտակ ինտերիերը լրացրեք ապակե-մետաղյա սեղանիկով. այն չի խախտի սպիտակ ինտերիերի ջերմությունն ու գույնը: Նման ննջարանի կենտրոն պետք է դառնա սպիտակ սնարով մահճակալը: Ի դեպ` այդ գույնը շտկում է տարածքը` տեսողականորեն ընդլայնում սենյակի ծավալը, լուսավորում: Անպայման շղարշ քաշեք: Այն սենյակին խորհրդավորություն ու զգայականություն կհաղորդի: Իդեալական կլինի, եթե նրա վրա պատկերված լինեն ծաղիկներ. ի դեպ ծաղիկները գերազանց կնայվեն նաև նկարների վրա:

Խորհուրդ ենք տալիս ներկել ննջարանի պատերը ու ավելի լավ կլինի` կտորով պաստառել: Կարմիր գույները ձեզ հատկապես դուր կգան ձմռանը և առավոտյան վաղ վեր կենալիս, երբ փողոցում դեռ մութ է: Առաստաղի պարագծով լուսավորություն ստեղծեք: Իսկ մգդակած վերմակներն ու իրեր պահելու համար նախատեսված հյուսովի զամբյուղը գյուղական ոճի էֆեկտ կստեղծեն:

Սև գույնն արդեն վաղուց մռայլ չեն համարում դիզայներները: Իրականում այն հարուստ է, շատ երանգներ, կիսատոներ  ունի, որոնք անկրկնելիորեն բացահայտվում են ճիշտ լուսավորության դեպքում: Սև կարող է լինել կահույքը, առաստաղը, սանհանգույցի ու խոհանոցի սալիկը. ու ամեն ինչ թանկարժեք ու շքեղ տեսք կունենա:

Ընդհանուր գունային ձևավորումը կարելի է հետաքրքիր դարձնել հենց շնորհիվ տարբեր հակադիր գույների համադրմամբ: Դրան հետևել պետք է և’ կահավորելիս, և’ հարդարելիս:

Տարբեր լուսամփոփների օգտագործումը տարբեր լույս է ստեղծում, ինչը կարող է օգնել օրվա մութ ժամերին կողմնորոշվելուն, կարդալուն կամա աշխատելուն, կամ էլ դառնալ ձեր տան զարդը: Լույսն այսօր դարձել է տարածքների  դիզայնի ամենավառ միտումներից մեկը: Լույսի աղբյուր կարող է դառնալ ամեն ինչ` քիվերից մինչև պատեր, նոր տեխնոլոգիաներ: Նյութերի ու ձևերի խառնումը համարձակորեն մտնում է ժամանակակից ինտերիեր` ստեղծելով ճախրող բազմոցի կամ բացակայող առաստաղի էֆեկտ:

Շոկոլադի, կակաոյի երանգները հիրավի ամենահարմարներից են ինտերիեր ձևավորելիս: Այս գույները լավ են համադրվում նաև այլ «համեղ» գույների հետ` շոկոլադի, սերուցքի, մեղրի, կարամելի, նուգայի և այլն: Բայց հետևեք, որ գործի դրվեն բոլոր երանգները` թող բացերը հիմնական ֆոն լինեն, իսկ մուգերով շեշտադրումներ արեք:

Ժամանակակից դասականում նախընտրելի է միագույնն օգտագործել: Հրաշալի կնայվի բեժը` համադրված թխագույն ու կաթնագույն երանգներով: Եթե ուզում եք շքեղություն ավելացնել, որպես երանգներ ավելացրեք անփայլ ոսկեգույն ու արծաթագույն: Նոր մոդայիկ թրենդ է դարձել պողպատե, պլատինե, փիրուզե երանգների ավելացումը: Սրանք թույլ են տալիս ինտերիերն ավելի թեթև դարձնել ու եթերայնության զգացողություն  ստեղծել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ