Լամինատ, թե լինոլեում

laminat-te-linoleum-5

Լինոլեում

Ժամանակակից լինոլեումը միանգամից ասոցացվում է արհեստական նյութի հետ, սակայն այս ծածկույթի գյուտարար Ֆրեդերիկ Վոլտոնն այն ի սկզբանե մտահղացել էր որպես բնական ծածկույթ:  Ստեղծումից հետո անցած շուրջ 150 տարիների ընթացքում լինոլեումից դուրս է մղվել  դրա հիմնական բաղադրիչը` կտավատի ձեթը: Բնական լինոլեում այսօր էլ է օգտագործվում, բայց առավել հաճախ հանդիպում են  պոլիվինիլքլորիդային (ՊՎՔ) հումքով լինոլեումները: Բնական լինոլեումի համեմատությունը լամինատի հետ անիմաստ է, այդ պատճառով մենք կդիտարկենք ՊՎՔ հիմքով տարբերակը: Այն պայմանականորեն կարելի է բաժանել 3 դասի:

laminat-te-linoleum-1

  • Կենցաղային: Հաստությունը չի գերազանցում 4 մմ-ը: Այն ունի բարդ կառուցվածք` առավել հաճախ փրփրացված նյութ է, որը ծածկված է դեկորատիվ շերտով, իսկ դրա վրայից ոչ հաստ պաշտպանիչ շերտն է:  Դիմացկունությամբ աչքի չի ընկնում, դրա փոխարեն էժան է, իսկ հիմքը` փափուկ:
  • Առևտրային: Ամենախիտ տեսակն է, առավելագույնս մաշակայուն: Դեկորատիվ կողմին այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձված, այդ պատճառով լայն ընտրության հնարավորություն չկա:  Մակերևույթը կարող է հատուկ մշակման ենթարկվել, որպեսզի չսահի:
  • Կիսաառևտրային: Կառուցվածքը կենցաղայինի նման է, սակայն պաշտպանիչ շերտը հաստ է և ունի նվազագույնը 0.7 մմ հաստություն:

Նյութի գնի վրա էականորեն ազդում է ջերմամեկուսիչ շերտի առկայությունը կամ բացակայությունը. Այս շերտը որոշակիորեն նաև ձայնամեկուսիչ դերակատարում ունի:

laminat-te-linoleum-2
                                                              Լինոլեումը բնակարանում

Լինոլեումի տեսակներից շատերը բնական նյութերի նմանողությամբ են և պարտադիր չէ, որ դա լինի փայտ: Դեկորատիվ շերտը կարող է քարի կամ կերամիկական սալիկների տեսք ունենալ, իսկ ծածկույթը `լինել ռելիեֆային, ինչը մակերեսը պակաս սայթաքուն է դարձնում, իսկ տեսքը` ավելի բնական:  Հատակը լինոլեումով պատելու համար, սովորաբար, վարպետ չեն հրավիրում, քանի որ գործընթացը շատ պարզ է:  Լինոլեումը թողարկվում է գլանափաթեթներով: Փաթեթի երկարությունը տատանվում է 6-ից 45 մ-ի միջև լայնությունը` 0,5-ից 5 մ-ի: Լինոլեումապատումն իրականացվում է մի քանի փուլով:

  • Նախապատրաստում. հին ծածկույթը հեռացնում ենք և հատակը հարթեցնում:
  • Լինոլեումը փռում ենք և եզրերը կտրատում (ցանկալի է պատի և լինոլեումի միջև 1-2 մմ արանք թողնել, որպեսզի ծածկույթը ընդարձակվելու տեղ ունենա):
  • Լինոլեումը կպցնում ենք սոսնձի կամ երկկողմ ինքնակպչուն ժապավենի օգնությամբ:

Խորհուրդ:  Նախքան ամրացումը ցանկալի է լինոլեումը մի քանի օր թողնել այն սենյակում, որտեղ պետք է փռվի: Այդ ընթացքում գլանափաթեթի չափերը կկայունանա և հետագայում շերտերի միջև գոյացած արանքների խնդրին չեք բախվի:

Քանի որ, ՊՎՔ լինոլեումի գինը բարձր չէ, այն հաճախ օգտագործում են որպես այլ ծածկույթների կայունացնող հիմնաշերտ: Լինոլեումի վրա կարելի է լամինատ փռել և, նույնիսկ, մանրահատակ:

Լամինատ

Ժամանակակից այս ծածկույթը մեկտեղում է բարձր (իհարկե,  ոչ հարյուրտոկոսանոց) էկոլոգիական մաքրությունը և ամրությունը, որը մեծ խտության և պաշտպանիչ շերտի առկայության շնորհիվ է:  Լամինատն այսպիսի կազմվածք ունի. փայտամանրաթելային սալի վրա արժեքավոր փայտանյութի պատկեր է սոսնձված, որը իր հերթին պատված է ամուր, մաշակայուն  պաշտպանիչ շերտով: Այս երեք շերտերից բացի լամինատը կարող է ունենալ ևս մեկ ` լրացուցիչ շերտ, որը ձայնամեկուսիչ նշանակություն ունի:

laminat-te-linoleum-3
Ժամանակակից լամինատը   կարող է ունենալ ցանկացած գունավորում

Լամինատ կամ լինոլեում ընտրելիս պետք է հաշվի առնել, որ դրանք նախատեսված են լինում տարբեր նպատակների համար: Լամինատը դասակարգում են ըստ մաշվածակայունության աստիճանի:

  • Դաս 31- սա ոչ առևտրային տարբերակն է` նախատեսված ցածր ծանրաբեռնվածությամբ տարածքների համար (պահեստային տարածք, ննջարան): Տնային պայմաններում կարող է ծառայել 10-12 տարի:
  • Դաս 32- միջին ծանրաբեռնվածությամբ սենյակների հատակի համար: Առևտրային տարածքներում հազվադեպ է կիրառվում: Որպես տան հատակի ծածկույթ կարող է ծառայել 12-15 տարի:
  • Դաս 33- նախատեսված է առևտրային հաստատությունների և հատակին մեծ ծանրաբեռնվածություն ունեցող տարածքների համար (հյուրանոցներ,մարզադահլիճներ):
  • Դաս 34- առևտրային տներ, պարահրապարակներ: Այսպիսի հատակը տան պայմաններում իր տեսքը չի կորցնի անգամ 30 տարի անց:

Լամինատապատումը մի փոքր ավելի բարդ է, բայց նույնպես կարող եք իրականացնել ինքնուրույն:  Այստեղ ամենակարևոր խնդիրը հարթ մակերես ունենալն է (տե´ս նաև «Ինչպես փայտե հատակը նախապատրաստել լամինատապատման» հոդվածը): Հատակը պետք է կատարյալ հարթ լինի, ավելի նախընտրելի է երեսասվաղի և լամինատի միջև կայունացնող լրացուցիչ շերտի և սովորական պոլիէթիլենային թաղանթի առկայությունը: Թաղանթը շոգեմեկուսիչ դեր է կատարում (բետոնը կարող է խոնավությունը ներծծել և հետագայում հաղորդել), իսկ լինոլեումը լամինատի տակ փռում են որպեսզի վերացնեն մանր անհարթությունները, ինչը իր հերթին զգալիորեն նվազեցնում է ճռճռոցի առաջացման հավանականությունը, բարելավում է ջերմա և ձայնամեկուսացումը:  Ինչպես տեղադրել լամինատե հատակը` այս մասին կարող եք իմանալ մեր հոդվածում:

Նյութերի համեմատությունը

Եթե ձեզ հարց եք տալիս` ինչ ընտրել, լամինատ, թե լինոլեում, ապա սկսեք հատակի ծածկույթի վրա ծանրաբեռնավածության ինտենսիվությունը և բնույթը պարզելուց: Չնայած լինոլեումի վրայի պատկերները կարող են իսկապես շատ գեղեցիկ լինել` իրենց գրավչությամբ դրանք լրջորեն զիջում են լամինատին: Բացի այդ, լամինատը միշտ հնարավոր է նորացնել քանի որ դրա կառուցվածքը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում փոխել առանձին տախտակներ: Այսուհանդերձ, լինոլեումն էլ ունի իր հաղթաթղթերը:

Երկարակեցությունը

Պոլիվինիլքլորիդային լինոլեումը լամինացված մակերևույթից զգալիորեն փափուկ է: Լինոլեումի վրա աթռոի ոտքը կամ բարձր կրունկը հեշտությամբ կարող են հետք թողնել: Դրա արտաքին տեսքը կարող են փչացնել նաև տաք առարկաները: Կահույքը գրեթե հետք չի թողնում լամինատի վրա` չնայած շատ բան կախված է դրա դասից: Բացի այդ, լինոլեումի շահագործման առավելագույն ժամկետը 10-15 տարի է, իսկ լամինատը, ճիշտ շահագործման դեպքում, կարող է զգալիորեն երկար ծառայել:

Հատկանիշներից մեկով լինոլեումի մի քանի անգամ գերազանցում է լամինատին. խոսքը խոնավության նկատմամբ կայունության մասին է: Պլաստիկը ոչ մի կերպ չի արձագանքում ջրի հետ շփմանը, իսկ ահա լամինատի համար դա կարող է շատ տխուր հետևանքներ ունենալ: Եթե ձեր սենյակի հատակին երբևէ  կարող է սպառնալ հեղեղումը կամ տարածքը խոնավ է, ապա նախընտրությունը պետք է տալ հիմքի մեծ խտություն ունեցող տախտակներին  (HDF-ի բնորոշիչների մասին կարելի իմանալ վաճառողներից կամ արտադրող ընկերության կայքից ): Լամինատի շատ տեսակներ թողարկվում են խոնավակայուն ծածկույթով, բայց արժե ընդգծել, որ անկախ դրա առկայությունից, լամինատե հատակները խոնավության ազդեցությունից շատ ավելի քիչ են ուռչում և ձևափոխվում, քան փայտե մանրահատակը, իսկ մի թեթև թրջվելուն առհասարակ չեն արձագանքում:

Ջերմամեկուսացում

Եթե կանգնել եք լինոլեում թե լամինատ ընտրության առաջ, պետք է հաշվի առնել, որ սովորաբար լինոլեումն ամենասառը ծածկույթներից է:  Այս հարցում լինոլեումը զգալիորեն զիջում է լամինատին: Միաժամանակ պետք է չմոռանալ, որ լինոլեումի թանկ տեսակների ջերմամեկուսիչ հատկությունները ավելի բարձր են, քան լամինատի էժանագին տարբերակներինը: Այս գործոնը որոշիչ չի կարող լինել այն դեպքում, եթե հատակը լավ ջերմամեկուսացված է կամ տաքացվող է:

Արտաքին տեսքն ու խնամքը

Բնական նյութի նմանողության հարցը լամինատը մի քանի անգամ ավելի լավ է լուծում: Լամինատե հատակները բավականին գրավիչ տեսք ունեն: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ  առանձին տախտակներով կառուցվածքը նմանություն է ստեղծում մանրահատակի հետ: Եթե խոսքը փայտի նմանողության մասին չէ, ապա լամինատի և լինոլեումի միջև տեսքի առումով էական տարբերություն չկա:

laminat-te-linoleum-4
Լուսանկարում փայտի հաճելի նմանակում է, սակայն լամինատը զգալիորեն էժան է բնական մանրահատակից

Լամինատի սկզբնական տեսքը պահպանելը բավականին դժվար գործ է: Այն, թեև, արևից չի խունանում, սակայն հետևողական խնամք է պահանջում:  Լամինատը մաքրելու համար հատուկ միջոցներ են անհրաժեշտ, իսկ լինոլեումը կարելի է սովորական ջրով լվանալ: Տախտակների համար ևս մեկ խնդիր են կցակարերը: Ժամանակակից կողպեքները հնարավորություն են տալիս տախտակները մեկը մյուսին միացնել գրեթե առանց արանքի, բայց փոքրիկ խորություններում անգամ կեղտի կուտակումն անխուսափելի է:

Գինը

Որն է ավելի էժան` լինոլեումը, թե լամինատը:  Կախված ձեր ընտրած չափորոշիչներից` այս հարցի պատասխանը կարող է տարբերվել: Որակյալ լինոլեումը գնով լամինատին  գրեթե չի զիջում, բայց միջին դասում լինոլեումը սովորաբար ավելի էժան է: Լամինացված տախտակներում բնական նյութերի առկայությունը բարելավում են էկոլոգիական ցուցիչները, բայց զուգահեռ աճում է նաև գինը:

Երկու նյութերն էլ բացառիկ հատկություններ ունեն, և դրանցից յուրաքանչյուրը լավ լուծում կարող է լինել կոնկրետ իրավիճակներում: Հենց այդ պատճառով տարբեր տարածքներում նախընտրելի է տարբեր ծածկույթներ օգտագործել: Եթե խոսքը պատշգամբի մասին է, ապա տրամաբանական կլինի լինոլեումի ընտրությունը, եթե գործ ունենք սենյակի կամ հյուրասենյակի հետ, ապա լամինատն ավեի նախընտրելի է:Ցանկցած դեպքում ընտրությունը ցանկալի է կանգ չառնի ամենաէժանագին տարբերակների վրա, քանի որ խնայողության գլխավոր չափորփշիչը ընտրված նյութի երկարակեցությունն է:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ