Լոֆթ ոճն ինտերիերում

Լոֆթն ինտերիերի ոճերի մեջ ամենանորաձևն է, առաջադեմն ու նորը: Այն անվանում են 21-րդ դարի տարածություն: Արդեն գրաված լինելով Արևմուտքը՝ այն սրընթաց տարածում է ստանում աշխարհի մյուս մասերում: Փորձենք հասկանալ՝ ինչ է այն:

    

Եթե ճիշտ բնորոշելու լինենք՝ լոֆթը ոչ մի ոճ էլ չէ, այլ կացարանի յուրահատուկ տիպ՝ կյանքի համար վերասարքավորված նախկին գործարանային կամ պահեստային տարածք:

Երևույթը ծագումով ամերիկյան է: Ամեն ինչ սկսվեց 20-րդ դարի 40-ականներին՝ Նյու Յորքում, երբ արտադրության ընդլայնման պատճառով հին գործարաններն ու ֆաբրիկաները տեղափոխվեցին քաղաքամերձ վայրեր: Երիտասարդ նկարիչներն ու այլ բոհեմականներ, որոնք չէին կարող իրենց լիարժեք բնակարարան թույլ տալ քաղակի կենտրոնում, սկսեցին կոպեկների դիմաց վարձել ազատված ֆաբրիկայի տարածքները: Ժամանակի ընթացքում բնակարանի այս տիպն ավելի ու ավելի տարածվեց: Աստիճանաբար ձևավորվեցին հին արտադրամասերի բնակեցման գեղագիտական սկզբունքներն ու այսպես ի հայտ եկավ լոֆթ ոճը, որով սկսեցին ձևավորել ամենատարբեր ինտերիերները, որոնք երբեմն անցյալում գործարան էլ չէին եղել:

    

Ներկայումս լոֆթը նորաձև ու պատկառելի բնակարանի տիպ է ու հարցն այստեղ քառակուսի մետրերը չեն: 21-րդ դարում մարդիկ պատրաստ են թանկ վճարել ընդարձակ պայմաններում և որ ավելի կարևոր է՝ ստեղծարար ու ազատության շունչ ունեցող մթնոլորտում ապրելու շքեղության համար: Նման ինտերիերում ապրելը մարտահրավեր է տնային հարմարավետության մասին ունեցած համընդհանուր պատկերացումներին:

  

Եվ այսպես՝ հնարավո՞ր է արդյոք տունը կամ բնակարանը նորաձև լոֆթի վերափոխել:

Միայն ցանկությունը քիչ է: Ձեր տրամադրության տակ պետք է լինի շատ ընդարձակ, սենյակների չբաժանված տարածություն՝ այսպես ասած՝ open space: Անչափ անհրաժեշտ են բարձր առաստաղներ ու մեծ պատուհաններ, քանի որ լոֆթի գեղեցկությունը գլխավորապես գալիս է տարածության, լույսի ու օդի առատությունից: Եթե այդ ամենն առկա է, անցնում ենք հաջորդ կետին:

Այս գործում գլխավոր դերը խաղում են մակերեսները: Ենթադրվում է, որ լոֆթում դրանք պետք է կոպիտ, անմշակ մնան կամ նվազագույն ներքին հարդարմամբ՝ եթե ոչ ամբողջ տարածքը, ապա գոնե տեղ-տեղ: Իդեալական կլինի աղյուսաշարը, զուտ բետոնը, գունաթափ սվաղը, տախտակե հատակը: Բազում հնարքներ կան կոպիտ ծածկերի ու լքվածության հետքերի տպավորություն ստեղծելու համար. օրինակ՝ «անդրբետոնյա» պաստառ կամ քերծվածության էֆեկտով դեկորատիվ սվաղ:

    

Ինչ վերաբերում է պատերի գույնին՝ չմոռանաք՝ լոֆթի գլխավոր զարդարանքըհեռացման համակարգերն են: Օդատարները, խողովակները, հեծանները,օդափոխության թափքերը գիպսաստվարաթղթի տակ չեն թաքցնում, այլ հպարտորեն ի ցույց են դնում, երբեմն նույնիսկ ներկում վառ գույներով, որ նկատելի լինեն:

Նույնը վերաբերում է առաստաղի հեծաններին ու սյուներին: Եթե դրանք կան՝ պահում ենք, եթե ոչ՝ նորն ենք ստեղծում: Այս բոլորը լոֆթ ոճի պարտադիր նշաններ են՝ արդյունաբերական անցյալի կարևոր մաս:

Թերևս պարտադիրն այսքանով սպառվում է: Թե ինչով լցնել լոֆթը՝ ճաշակի հարց է: Դա համընդհանուր տարածք է, որում հնարավոր են տարբեր դարաշրջանների, մշակույթների ու ոճերի իրերի ամենավայրի համադրությունները:

Իհարկե, ավելի շատ լոֆթին համապատասխանում է արդյունաբերական կահույքն ու մետաղե լուսատուները, «սթիմպանկ» ոճի իրերը կամ, ասենք, նորովի օգտագործման հին իրերը: Որպես աքսեսուար կարելի է օգտագործել ճանապարհային նշանները, ավտոմեքենաների համարանիշները, տպագրամեքենաները:

    

Կարևոր է շատ չտարվել ու չափից դուրս չկոպտացնել հարդարանքը: Վերջիվերջո նորաձև բնակարանում ենք մտադիր ապրել, եծոչ թե գործարանում: Լավ կլինի, եթե արդյունաբերական իրերի հարևանությամբ լինեն մարդկային ու հարմարավետ իրեր: Ողջունելի է փափուկ կահույքը, պուֆերը ու նույնիսկ լուսամփոփները:

Կոպիտ մակերեսների ֆոնին լավ են դիտվում բարդ, հմուտ պատրաստված իրերը՝ արևելյան գորգերը, հախճապակե ջահերը, բարոկկո ոճի կահույքը: Էլ չխոսելով ժամանակակից դիզայնի դասականի մասին, որը հատուկ ստեղծված է լոֆթում ապրելու համար:

Նույնիսկ եթե ջեռուցման խնդիր չկա, լոֆթն իր տրամադրությամբ սառն է: տաք մնալուն կօգնեն գորգերը, մորթիները, վառ «տաք» գույների ամուր գործվածքները, բուխարիները, վառարաններն ու այլ ջերմացնող առարկաներ:

    

Քանի որ խոսքը վերաբերում է բաց նախագծմամբ տարածքին, հատուկ ուշադրության է առնվում գոտիավորումը: Միջնորմեր, գահավիժումներ, բազմոցների խմբեր՝ օգտագործեք ողջ «զինպահեստը»:

Ամենաբարդը լոֆթում ննջարանը կազմակերպելն է: Նույնիսկ ամենաշփվող մարդիկ երբեմն առանձնանալու կարիք են զգում: Այնպես որ՝ ի հեճուկս լոֆթի միասնական ու անքակտելի տարածության սկզբունքի՝ ննջարանները հաճախ տեղադրվում է կից տարածքում:

Թեև իրականում այս ոճում ոչ մի կանոն չկա ու չի կարող լինել: Այն պատճառով, որ լոֆթն ազատության տարածությունն է…

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ