Մանրահատակի ճիշտ խնամք
Ինչպես գիտենք, մանրահատակը գեղեցիկ է ու նաև երկար է ծառայում, սակայն պահանջում է հատուկ խնամք՝ կախված տեսակից: Ի տարբերություն հախճասալիկների՝ մանրահատակի խնամքը ենթադրում է ոչ միայն կանոնավոր թաց մաքրում, այլև պետք է այնպես անել, որ մանրահատակը մշտապես փայլի ու պահպանի իր նախկին տեսքը:
Մանրահատակի լաքը խնամքի ամենահիմնական միջոցներից մեկն է: Այն մանրահատակը պաշտպանում է վնասվածքներից, կեղտից, ջերմության ու խոնավության ազդեցություններից:
Մանրահատակը մշակվում է լաքով արտադրման ընթացքում: Այն իրականացվում է ձեռքով, հետևաբար խուսափել անհարթություններից կամ փոշու առկայությունից ուղղակի հնարավոր չէ: Կատարյալ հարթ մակերես ստանալու համար մանրահատակը հղկում ու լաքապատում են, որից հետո կոկելով փայլեցնում են:
Որքան էլ որակյալ լինի լաքը, ժամանակի ընթացքում մաշվում է, և լաքապատ մակերեսի վրա հայտնվում են վնասվածքներ, որոնք փչացնում են մանրահատակի արտաքին տեսքը:
Մանրահատակի խնամքը չի սահմանափակվում միայն լաքի գործածությամբ: Կան նաև հատուկ լվացող միջոցներ՝ լաքերի ու յուղերի տեսքով:
Կան նաև մանրահատակը վնասվածքներից բուժող միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս խուսափել ամբողջական վերականգնումից:
Մանրահատակի պահպանման համար լուրջ վտանգ են ներկայացնում կահույքն ու մարզական սարքերը: Դրա համար նախքան կահույքը տեղադրելը, հարկավոր է դրանց ոտիկներին սոսնձել թաղիքե կտորներ:
Եթե կահույքը երկաթե անիվներով է, ապա պետք է փոխարինել մանրահատակի համար նախատեսված անիվներով, որոնք չեն վնասի այն:
Չի կարելի մանրահատակը մաքրել չափազանց խոնավ կտորով. ջուրն ամենամեծ թշնամին է:
Հետևեք այս խորհուրդներին և երկար ժամանակ կպահպանեք մանրահատակի գեղեցիկ տեսքը: