Մարզասրահ տանը

marzasrah-tan@-1

Եթե որոշել եք տանը մարզասրահ ունենալ, ապա interier.am -ն այդ հարցում Ձեզ անպայման կօգնի:

Մարզասրահի փոքրիկ հավաքածուն իր մեջ ներառում է ուժային շրջանակ, նստարան, սպորտային մարզագնդեր և ֆիտբոլներ`չհաշված ծանրաձողերն ու կշռաքարերը: Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի հավաքածուն կարող է զբաղեցնել տիպային բնակարանի սենյակի ընդհանուր մակերեսի կեսից ավելի տարածություն (նվազագույնը 8մ2):

Այնպես որ, կատարյալ տարբերակն այն է, երբ բնակարանում կամ տանը այդ նպատակի համար առանձին սենյակ ունենաք: Եթե այդպիսի հնարավորություն չունեք, ապա ստիպված եք լինելու օգտագործել բնակարանի ամենամեծ սենյակը: Մարզասարքերի տեղադրման համար ցանկալի է ընտրել սենյակի այն մասը, որը մոտ է պատուհանին: Այդ առումով հարմար կարող են լինել ոչ միայն հյուրասենյակն ու ննջասենյակները, այլև ընդարձակ պատշգամբները:

Տարածքի հարցը որոշակիորեն կարելի է լուծել նաև փոխակերպվող կահույքի օգնությամբ: Եթե ցանկանում եք մարզասրահ ունենալ առանձնատանը, ապա հարմար տարբերակ կարող է լինել ձեղնահարկը: Սովորաբար ձեղնահարկում մեծ պատուհաններ են լինում, և բնական լուսավորությունը շատ լավ պայմաններ է ստեղծում մարզումներով զբաղվելու համար:

marzasrah-tan@-4

Սենյակ մարզասրահի համար

Լիարժեք մարզասրահ ունենալը սովորական բնակարանում այնքան էլ հեշտ չէ, բայց ծալովի մարզասարքերով անկյունը միանգամայն իրատեսական է գրեթե ցանկացած բնակարանում, եթե, իհարկե, ճիշտ մոտենաք մարզասարքերի ընտրությանը: Ներկայումս գոյություն ունենք բազմաթիվ վազքուղիներ և փոքր հեծանիվներ, որոնք ծալվում են և քիչ տեղ են զբաղեցնում: Ինչ վերաբերում է տարածքի ձևավորմանը, ապա ցանկալի է, որ այն առանձնանա բնակարանի մյուս հատվածներից: Դրա համար կարելի է օգտագործել այլ գույնի պաստառներ և ոչ ստանդարտ լուսավորություն: Հնարավորության դեպքում կարելի է նաև վարագույրներ կախել, որոնք կառանձնացնեն մարզական անկյունը և կծածկեն զանգվածեղ մարզասարքերը:

marzasrah-tan@-3

Մարզասրահի ձևավորումը

Գունային գամմայի ընտրության հարցում մեծ նշանակություն ունի տարածքի ձևավորումը: Եթե տնային մարզասրահն առանձին սենյակում պետք է տեղակայվի, ապա նախընտրելի են բաց երանգները: Կատարյալ լուծում կլինի կանաչի, բաց կապույտի, բաց մոխրագույնի, կրեմագույնի և բեժի ընտրությունը: Պետք է խուսափել մուգ և ագրեսիվ գույներից` կարմիրից, սևից կամ դարչնագույնից: Տարածքը տեսողականորեն պետք է շնչի և ստեղծի հարմարավետ մարզումային միջավայր:

Եթե մարզասրահը կամ մարզումների անկյունը պետք է զբաղեցնի սենյակի մի հատվածը, ապա օգտագործվող բաց գույները պետք է ճիշտ համադրել սենյակի մյուս հատվածների ինտերիերի հետ և համապատասխանաբար, խուսափել անհամատեղելի գույների` կարմիրի և կանաչի, սպիտակի ու նարնջագույնի համադրումից:

marzasrah-tan@-5

Մինիմալիզմն ընդդեմ գեղագիտության

Անվիճելի է, որ մարզասրահի ձևավորումը կախված է անձնական նախընտրություններից: Բացի մինիմալիզմից, հաճախ օգտագործվում են նաև մոդերն և հայ-թեք ոճերը:

Հասարակ և հուսալի կահույք, հայելիների առատություն, պայծառ լուսավորություն. այս ամենն օգնում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել մարզումների վրա:  Սպորտով զբաղվելիս մարդու շուրջ ամեն ինչ պետք է հարմարավետության մթնոլորտ ստեղծի, քանի որ բուն մարզման ընթացքում անհարմարություններ ինչքան ասես կլինեն: Պատերին մարզիկների նկարները բավականին լավ կարող են նայվել և մոտիվացնող ազդեցություն ունենալ: Դրանք կարող են լինել ֆոտոպաստառների կամ գրաֆիթիի տեսքով: Գրաֆիթիները կարող են նաև զուգորդվել մոտիվացնող արտահայտություններով:

Հնարավոր չէ պատկերացնել որևէ մարզասրահ, ուր չկա հարմարավետ բազմոց կամ գոնե նստարան, որի վրա կարելի է հանգստանալ մարզման ընդմիջումների ժամանակ: Անհրաժեշտ է մտածել նաև սրբիչի կախիչների և ջուր պահելու վայրի մասին: Եթե բավականաչափ տարածք ունեք, կարելի է մտածել նաև փոքր սառնարանով մինի-բար, մեծ բազմոց ու փոքր սեղան ունենալու մասին: Ավելորդ չի լինի նաև փոքր պահարանը, որում կարելի է մարզահագուստն ու այլ պարագաները պահել:

Վերջին տարիներին բավականին տարածված են տեսադասերը: Դրանցից օգտվելու համար, բնականաբար, մարզասրահում անհրաժեշտ կլինի նաև հեռուստացույց ունենալ: Դրա տեղադրման լավագույն վայրը կարդիո-մարզասարքերի`վազքուղու կամ հեծանվային մարզասարքի դիմացի պատն է: Եվս մեկ կարևոր բաղադրիչ` երաժշտությունը: Այն կարող է վարժություններ կատարելիս անհրաժեշտ ռիթմ ապահովել և նպաստել մարզումների ընթացքին:

Բարդություններ

Բացի տարածքի հետ կապված վերոնշյալ խնդիրներից, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել նաև երեսպատման նյութերին: Հատակին ցանկալի է գորգ փռել: Պատերը պետք է շոգեթափանց հատկություններ ունենան: Լավագույն տարբերակը թղթե պաստառները կամ սվաղն է, իսկ ավելի թանկ տարբերակ են խցանե սալերը:

marzasrah-tan@-2

Ինտերիերի դետալները

Բացի տարածքի գունային լուծումներից, ընդհանուր մթնոլորտի վրա կարող են ազդել նաև մարզասարքերի գույները: Տարբեր մարզասարքերի բազմազան երանգներն օգնում են ստեղծել առողջ ապրելակերպի և մարզական ոճի տրամադրություն:

Ցանկացած մարզասրահի ինտերիերի անբաժան մաս են հայելիները, որոնք որքան շատ են լինում, այնքան ավելի լավ: Միայն թե կա պարտադիր պայման. հայելինները պետք է լինեն ամբողջ հասակով, քանի որ նպաստում են վարժությունները ճիշտ կատարելուն և մոտիվացիայի բարձրացմանը:

Բացի ֆունկցիոնալ խնդիրներ լուծելուց, դրանք նաև տեսողականորեն մեծացնում են տարածությունը: Մարզական գոտիների ձևավորման համար խորհուրդ է տրվում օգտագործել ոչ թե հայելի, այլ անդրադարձնող մակերեսներ, օրինակ, պոլիստիրոլե հայելային սալիկներ: Եթե չի ստացվում տեղադրել այդպիսի հայելի, որը կծածկի պատը մինչև առաստաղ, ապա ցանկալի է այն ձևավորել շրջանակով:

Լուսավորություն

Քանի որ մարզական տարածքը պետք է շնչող լինի, խորհուրդ է տրվում առաստաղի երկայնքով ձգվող լուսավորության սարքեր օգտագործել: Հնարավորության դեպքում պետք է մտածել առավելագույնս մեծ լուսամուտներ ունենալու և բնական լուսավորության մասին: Լամպերի լույսը պետք է սպիտակ լինի: Չի կարելի մեղմ կամ գունավոր լամպեր օգտագործել: Դե իսկ հայելու մոտ գտնվող տարածքը պետք է ընդգծել առանձին լույսով: Դրա համար կարող եք օգտագործել առաստաղի ուղղորդված լուսամփոփներ կամ լուսադիոդային լամպեր:

 

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ