Միջսենյակային դռան տեղադրում սեփական ձեռքերով
Բնակարանի վերանորոգման վերջին փուլերից մեկը միջսենյակային դռների տեղադրումն է: Սովորաբար, դռները տեղադրելու համար մասնագետ են հրավիրում, բայց որոշակի հմտությունների տիրապետելով, ինքներդ էլ գլուխ կհանեք այդ գործից՝ տնտեսելով Ձեր գումարը 🙂
Անհրաժեշտ գործիքներ
Փայտե դռան տեղադրման համար անհրաժեշտ են մի քանի գործիքներ.
- սկավառակային սղոց կամ անկյուններ կտրող գործիք և ձեռնասղոց,
- պտուտակադարձիչ,
- էլեկտրական ֆրեզ կամ դուր՝ փայտի մեջ փորվածք անելու համար,
- հորատիչ՝ մոնտաժային աշխատանքների համար,
- մուրճ,
- հարթաչափ,
- մատիտ,
- մանր գլխիկներով մեխեր, խցաբութակներ, պտուտակներ, շինարարական փրփուր,
- սեպերի համար փայտե չորսուներ:
Նախապատրաստում
- Էլեկտրական ֆրեզի կամ դուրի միջոցով դռան վրա ծխնիների համար փորվածք արեք: Ընդ որում, ծխնու եզրից մինչև դռան փեղկի եզրը՝ վերևից և ներքևից պետք է 20 սմ հեռավորություն լինի:
- Այնուհետև 45 աստիճան անկյան տակ դռան շեպեր կտրեք, որից հետո դրանք մոտեցրեք դռանը և նշեք ծխնիների տեղը: Այս ամենից հետո ֆրեզով կամ դուրով դռան հոդակապերի տակ փորվածք արեք:
- Ծխնիները մտցրեք դռան վրա արված փորվածքի մեջ և գայլիկոնով պտուտակների տակ անցքեր բացեք, որպեսզի փայտը չճաքի: Գայլիկոնի տրամագիծը պետք է պտուտակների տրամագծից փոքր լինի: Այժմ ձգեք ծխնիները:
Մղլակ-կողպեքով բռնակների ամրացումը
- դուռը հորիզոնական շրջեք և 90-120 սմ բարձրության վրա, ծխնիների հակառակ կողմի վրա ավելի մեծ տրամագծի գայլիկոնով մղլակների համար փորվածք արեք:
- մղլակը մտցրեք փորվածքի մեջ և պարագծով մեկ մատիտով անցկացրեք: Ֆրեզի օգնությամբ սողնակի երեսային ձողիկի համար փորվածք արեք:
- Սողնակի պատյանը մտցրեք փորվածքի մեջ: Այն պետք է դռան ճակատային մասի հետ նույն մակարդակի վրա լինի: Եթե ամեն ինչ նորմալ է, հանեք այն:
- Դռան վրա գծանշեք բռնակների անցքերը և գայլիկոնեք:
- Մղլակը ճակատային մասից փորվածքի մեջ մտցրեք և նախապես բացած անցքերի մեջ պտուտակներով ամրացրեք:
- Այնուհետև դռան բռնակներն ու դեկորատիվ զարդակտորները պտուտակներով ամրացրեք (դրանք սովորաբար վեցանիստերով են ամրանում):
Տուփի մոնտաժ
Այժմ պետք է հասկանալ, թե ինչպես հավաքել դռան տուփը: Դրա համար լայնական դռան տուփի վերջավորությունները սկավառակային սղոցով կամ ձեռնասղոցով և անկյուններ կտրող գործիքով 45 աստիճան անկյան տակ կտրեք, որպեսզի միացման հատվածները հավասար լինեն (շեպերով դռան որմնանցքը պետք է դռնից 4-6 մմ լայն լինի): Դռան տուփի հաստությունը տարբեր է լինում, սովորաբար, 2 մետրի դեպքում լայնությունը 60-80 սմ է կազմում, իսկ 1.9 մ բարձրություն ունեցող դռան լայնությունը՝ 55-90 սմ, տուփի հաստությունը՝ 15-40 սմ է:
Գայլիկոնիչով անկյունային կտրածքներում կտրվածքներ բացեք, որպեսզի տուփը միացնեք: Այժմ պետք է սեպերը դռան չափով կարճացնել, ընդ որում պետք է արանքներ թողնել. հատակի և դռան արանքում պետք է 15 մմ արանք մնա:
Տուփի տարրերը П-անման կոնստրուկցիայի տեսքով գետնին դասավորեք և նախապես բացած անցքերի միջոցով պտուտակներով ձգեք: Այն փորակների մեջ, որտեղ հոդակապ է ամրանալու, մեկական միջանցիկ անցքեր բացեք, որպեսզի տուփը պատին ամրանա: 1 հատ մեծ պտուտակի կամ խցաբութակի միջոցով ամրացրեք այն՝ առայժմ միայն վերևից: Տուփը հարթաչափով հարթեցրեք, որպեսզի այն ուղղահայաց դիրքում լինի, որից հետո պտուտակով ներքևից ֆիքսեք:
Ամրակումից հետո պետք է դռան դրանդու և պատի միջև արանք մնա, որի մեջ պետք է փայտե սեպեր տեղադրել: Այնուհետև պետք է պտուտակները ձգել:
Ուշադրություն: Փայտյա տներում դռներ տեղադրելը շատ բարդ է, քանի որ տունը կառուցելուց հետո 6 տարվա ընթացքում փայտը նստում է, իսկ տարվա ընթացքում տան բարձրությունը կարող է մինչև 5 սմ փոփոխվել: Որպեսզի խուսափեք նման երևույթներից, կարող եք դռան բռնակի կողմից տուփի վրա ավելացնել չորսու, որն անհրաժեշտության դեպքում կարող եք հանել և ավելացնել լայնությունը:
Դռան տեղադրումը
Հաջորդ փուլը տուփի մեջ դռան տեղադրումն է: Դուռը պտուտակներով է կախվում, ընդ որում ծխնիները ամրակումները դեպի պատը կքողարկեն: Տեղադրելուց հետո դուռը ինքն իրեն չպետք է բացվի և փակվի: Դռան տուփը ֆիքսելու համար տուփի վերևամասում պետք է փայտյա սեպեր խփել: Այժմ պետք է մղլակի համար փականային ձող ամրացնել: Դրա համար դուռը թեթևակի փակեք և մատիտով նիգի դիմաց գծանշում արեք: Դռան դրանդու մեջ գայլիկոնով անհրաժեշտ չափի անցք բացեք: Այնուհետև պետք է տուփի երկրորդ կողմը ֆիքսել: Դուռը փակեք և արանքի մեծությունը տեսողական ստուգեք, այն պետք է տուփի և փեղկի երկայնքով մեկ հավասար լինի: Նիգի համար գայլիկոնած անցքի մակարդակի վրա դռան և տուփի միջև սեպեր տեղադրեք և խցաբութակով կամ պտուտակով միջաթափանց ֆիքսեք պատին: Այնուհետև տուփը լրացուցիչ սեպերի օգնությամբ հուսալի ֆիքսեք, իսկ փականային ձողը ձգեք իր տեղը՝ ծածկելով պտուտակի ամրակումը:
Արանքները փրփուրով լցնելու գործընթացը
- Ներկարարական ժապավենով բոլոր երեսային ձողերը ծածկեք, որպեսզի փրփուրը լցնելուց չկեղտոտեք:
- Արանքը հեղուկացիրով թրջեք և շրջակապի և պատի միջև բոլոր արանքները մոնտաժային փրփուրով լցրեք: Կարող եք արդյունաբերական փրփուր լցնել, քանի որ այն խիտ է և չորանալուց քիչ է լայնանում:
Խորհուրդ: Որպեսզի կոնստրուկցիան փրփուրը չորանալու ընթացքում չտեղաշարժվի, պետք է դռան փեղկի շուրջ փայտյա սեպեր խփել:
- Փրփուրը չորանալուց հետո ավելցուկները կարելի է կտրել և ներկարարական ժապավենը հանել:
Պարակալների ամրակում
- Պարակալներն իրար մեջ 45 աստիճան անկյան տակ են ծայրակցում ուստի դրանք պետք է սկավառակային սղոցով կտրեք:
- Դրանդիների մակերևույթը, որտեղ պետք է պարակալը ամրանա սիլիկոնե հերմետիկով ծածկեք:
- Կտրված պարակալը փոքր գլխիկներ ունեցող մեխերով ամրացրեք:
- Մեխերի տեղերը պետք է գունավոր մածիկով ծածկել, որպեսզի ամրակումները չերևան:
Եթե դուռ տեղադրելու համար բոլոր անհրաժեշտ գործիքներն ունեք կամ էլ կարող եք վարձակալել դրանք, ապա արժե փորձել ինքնուրույն տեղադրել միջսենյակային դռները: Այս գործում ամենակարևորը չշտապելն է և ամեն ինչ լավ կստացվի 🙂