Մինիմալիզմն ինտերիերում
Շատերը մինիմալիստական ոճն ինտերիերում համարում են չափազանց խիստ ու ոչ այնքան հարմարավետ: Ճիշտ է, այս ոճը բոլորը չէ, որ նախընտրում ու գնահատում են, սակայն այն ունի իր գեղեցկությունն ու առավելությունները:
Մինիմալիստական ոճն առանձնանում է կահույքի, դեկորների ու գունային տարբեր երանգների հնարավորինս քիչ կիրառությամբ: Սա չի նշանակում, որ պետք է մեզ զրկենք այն իրերից, որոնք հարմարավետություն են ստեղծում մեր շուրջը: Այս ոճը թույլ է տալիս ինտերիերի դիզայնը կատարել առանց ավելորդ զարդարանքների ու ճոխությունների: Կարևորվում է նյութերի բարձր որակը, գործառույթներն ու կիրառումը:
Մինիմալիստական ոճը նախընտրում են կիրառել գրասենյակներում և աշխատասենյակներում, քանի որ այն միմիայն աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն է տալիս: Սակայն այն շատ լավ համապատասխանում է նաև փոքր բնակարանների ինտերիերին: Դրա շնորհիվ կարելի է թաքցնել թերություններն ու սենյակը դարձնել ընդարձակ: Իսկ խոհանոցում այս ոճի կիրառումը ստեղծում է հարմարավետություն:
Գունային երանգներ
Բոլորովին էլ ճիշտ չէ այն տեսակետը, թե մինիմալիստական ոճը ներառում է միայն սևի, սպիտակի և մոխրագույնի երանգները: Դա, իհարկե, ընդգծում է ոճի դասականությունը, սակայն պարտադիր կանոն չէ: Գլխավորն այն է, որ ինտերիերում երկու կամ երեք երանգներից բացի, այլ գունային կիրառումներ չլինեն, և գույները չլինեն շատ վառ ու արտահայտիչ, քանի որ ոճի գլխավոր առանձնահատկությունը կենտրոնանալու հնարավորությունն է: Շնորհիվ ճիշտ ընտրված նյութերի ու գույների՝ մինիմալիստական ինտերիերը կարելի է դարձնել ջերմ ու հարմարավետ:
Ոճերի միախառնում
Եթե մինիմալիստական ոճը վանում է իր խստությամբ, կարելի է երկու ոճերի միախառնումով հետաքրքիր լուծում տալ ինտերիերին: Այս դեպքում հետաքրքիր տարբերակ է սկանդինավյան մինիմալիզմը, էկո մինիմալիզմն ու ճապոնական մինիմալիզմը: