Մոդեռն ոճը խոհանոցում
Վերանորոգում իրականացնելիս կամ ինտերիերում փոփոխություններ կատարելիս մենք շատ հաճախ փորձում ենք ընտրություն կատարել դասականի ու ժամանակակիցի միջև: Այսօր կփորձենք ներկայացնել ժամանակակից ոճերից մեկի՝ մոդեռնի դրսևորումները խոհանոցի ինտերիերում:
Ընտրություն հօգուտ մոդեռնի
Որքան էլ մարդիկ խոսեն նորաձևության մասին, միևնույն է հարմարավետությունը գնահատողներն ի վերջո կանգ են առնում պարզ ու հեշտ տարբերակների վրա: Այս դեպքում խոհանոցը հարմարավետություն պահանջող սենյակներից ամենագլխավորն է: Մոդեռն ոճի ընտրությունը թույլ է տալիս մատչելի նյութերով ստանալ գեղեցիկ ու հարմարավետ խոհանոց:
Մոդեռն ոճով խոհանոցը հիանալի ընտրություն է ոչ շատ մեծ բնակարանների համար: Այս ոճին բնորոշ են կոկիկ ու կոր գծերը, հարթ անկյունները, որմնախորշերն ու խորը դռնակները: Դա թույլ է տալիս ճիշտ օգտագործել տարածությունն ու տեսողական առումով ընդարձակել բնակարանը:
Մոդեռն ոճով խոհանոցի առանձնահատկությունները
- Կահույքի նյութ- մետաղ, ապակի, պլաստիկական զանգված
- Կահույքը պատրաստվում է հարթ ու փայլուն մակերեսով
- Օգտագործվում են մի քանի հիմնական գույներ
- Կիրառվում են քիչ դեկորներ
Մոդեռն ոճի առավելությունները
Մոդեռն ոճը հարմարավետ է այն առումով, որ համապատասխանում է ցանկացած մեծության բնակարաններին: Եթե այս ոճով հարդարված խոհանոցը ձանձրույթ է առաջացնում, ապա այն կարելի է կահավորել խոհանոցային սպասքով: Վերջին ժամանակներում հիմնական ձևավորումը կատարվում է լուսավորող պարագաների միջոցով: