Մուգ գույնի դռներն ինտերիերում
Ճիշտ է, բաց գույնի դռները կրկին դառնում են նորաձև, սակայն դա չի նշանակում, որ մուգ դռները զիջում են իրենց դիրքերը։ Դրանք սովորաբար հանդիպում են ժամանակակից ինտերիերում՝ չնայած ավելի դժվար են ներմուծվում ինտերիեր, քան բաց գույնի դռները։ Վերջինների դեպքում հաշվի են առնվում գունային համադրությունները, ինչն առանց մասնագիտական մոտեցման այնքան էլ ճիշտ չի լինի։
Interiеr.am-ը ներկայացնում է մուգ գույնի դռների առանձնահատկություններն ու դրանց համադրությունները, ինչը կօգնի կողմնորոշվել ու ճիշտ ընտրություն կատարել։
Մուգ գույնի դռներ տեղադրելիս հաշվի են առնվում շրիշակների, կահույքի ու դեկորների հետ համապատասխանությունը։
Սև դռներ
Սև գույնի դռները բաց գույնի դռների նմանությամբ առանձնանում են իրենց չեզոքությամբ և ունիվերսալությամբ։ Ի տարբերություն բաց գույնի դռների՝ դրանք տարբեր են իրենց կառուցվածքով ու ծանրացնում են տարածությունը։ Սակայն բնակարանը բաց գույներով հարդարելու դեպում կստեղծվի հավասարակշռություն ու ներդաշնակություն։
Մուգ փայտից պատրաստված դռներ
Ինտերիերում շատ հաճախ հանդիպում է փայտի հետևյալ տեսակներից պատրաստված կահույքը՝ վենգ, մերբաու, պալիսանդր, պադուկ, կարմիր փայտ, կաղնեփայտ, ընկույզի փայտ և այլն։
Ընկույզի փայտը լավագույն լուծումն է, քանի որ այս դեպքում գույնը հեշտորեն համադրվում է հատակի ծածկի և կահույքի հետ։
Վենգը նույնպես կահույք պատրաստելու լավ տարբերակ է և ունի գունային լայն ընտրություն։
Մոխրագույն երանգներով դռներ
Մոխրագույնի հարուստ երանգները հնարավորություն են տալիս ստեղծելու հետաքրքիր համադրություններ, որոնք հիմնականում կիրառվում են հայ-թեք, լոֆթ, շեբի-շիկ և այլ ոճերում։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել երանգների համադրություններին։
Մուգ դռների համար պետք է ընտրել բաց գույնի շրիշակներ։ Իսկ սևի ու մոխրագույնի համադրությունը կարող է ճնշող լինել, հետևաբար մոխրագույնի հետ պետք է համադրել մանուշակագույնը կամ կապույտը։
Գույների խաղ
Պարտադիր չէ կանգ առնել միայն բաց ու մուգ դռների ընտրության առջև։ Կարելի է ընտրել նաև վառ գունային երանգներով դռներ՝ վառ կանաչ, կապույտ, մանուշակագույն, մուգ կարմիր, սալորագույն։
Այս գույները հիանալիորեն ներմուծվում են ֆյուժն ու մոդեռն ոճով հարդարված բնակարանների ինտերիեր։ Վառ գույնի դռները կարելի է համադրել գործվածքների հետ՝ կահույքի պաստառներ, վարագույրներ, գորգեր։
Կարելի է նաև դռների երկու կողմերը երեսպատել տարբեր գույներով և ունենալ ցանկացած սենյակի ինտերիերին համապատասխան գունային երանգ ունեցող դռներ։
Կարելի է դռները երեսպատել նաև 3 D նախշերով, որոնց շնորհիվ սենյակը տարածական առումով ընդարձակվում է։