Նարնջագույնն ինտերիերում

նարնջագույնն ինտերիերում

Եթե ուզում եք ձեր կյանքը գունավորել նոր ու վառ երանգներով, ապա բնակարանի ինտերիերում փոփոխություններ անելու ժամանակն է։

Վառ գույները բնակարանն ավելի ջերմ ու յուրօրինակ են դարձնում։ Այսօր կխոսենք նարնջագույնի առանձնահատկությունների և բնակարանի ինտերիերում դրա կիրառությունների մասին։

Նարնջագույնն ամենաջերմ ու էներգետիկ գույներից է, որի միջոցով նույնիսկ ամենասառը բնակարանը վերածվում է արևոտ կղզու։ Հոգեբանները վստահեցնում են, որ նարնջագույնը կարողանում է բարձրացնել տրամադրությունն ու վերացնել դեպրեսիվ մտքերը։ Չնայած առավելություններին՝ այս գույնի կիրառումն ինտերիերում հատուկ մոտեցում է պահանջում, ինչը պայմանավորված է վառ գույնով։

Նարնջագույնի բազմաթիվ երանգները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր սենյակին համապատասխան ընտրություն կատարել։ Ըստ դիզայներների՝ այս գույնը համապատասխանում է աշխատասենյակի, խոհանոցի, ճաշասենյակի ու մասամբ նաև՝ մանկական սենյակների ինտերիերին։

նարնջագույն ննջասենյակ

Խոհանոց

Խոհանոցը նարնջագույնով հարդարելիս չպետք է մոռանալ հավասարակշռության մասին։ Եթե կահույքը վառ գույնի է, ապա հատակն ու առաստաղը պետք է մնան չեզոք գույների մեջ՝ մարմնագույն, կաթնագույն, սպիտակ կամ բաց կանաչ։

 

Մանկական սենյակ

Ըստ հոգեբանների՝ նարնջագույնն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Հենց միայն այդ պատճառով որհուրդ է տրվում մանկական սենյակի աշխատանքային հատվածը հարդարել նարնջագույնի երանգներով։

 

Աշխատասենյակ

Սա տան ամենահանգիստ սենյակներից մեկն է, որտեղ նարնջագույնը կարելի է օգտագործել պատերի կամ կահույքի դեպքում։ Այդպես սենյակը ոչ միայն գեղեցիկ կլինի, այլև կստեղծի աշխատանքային տրամադրվածություն։

 

Լոգասենյակ

Լոգասենյակում նարնջագույնի կամ որևէ այլ վառ գույնի ներմուծումը փոքրացնում է սենյակի տարածքը։ Լավագույն լուծումն այս դեպքում սպիտակի ու նարնջագույնի համադրությունն է մոզաիկայի տեսքով կամ վառ գույնի պահարանների օգտագործումը։

 

Ննջասենյակ

Եթե  ձեզ դուր են գալիս տաք գույները և ամեն կերպ ուզում եք ննջասենյակը հարդարել այդ երանգներով, ապա կարող եք նախապատվությունը տալ մանդարինագույն վարագույրներին կամ ջահերին։

 

Նախասրահ

Շատ դեպքերում նախասրահները լինում են փակ, առանց պատուհանների, ուստի այս դեպքում նարնջագույնի կիրառումը կստեղծի խաղաղ մթնոլորտ։ Իսկ վառ գույնի պատերը կամ կահույքն ավելի ընդարձակ ու լուսավոր կդարձնեն սենյակը։

Նարնջագույնը վառ տրամադրություն, գեղեցիկ ու լուսավոր ինտերիեր ստեղծելու լավագույն տարբերակներից մեկն է։ Այնպես որ մի վախեցեք այս գույնը ձեր բնակարանում կիրառելուց։

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ