Ներկում ենք պատերը սպոնժինգի մեթոդով
Վերջին ժամանակներում նորաձև են սպոնժինգի մեթոդով ներկված պատերը: Ի՞նչ է սպոնժինգը և պատերը ներկելու ի՞նչ առանձնահատկություններ ունի: Հենց այս մասին էլ Ձեզ կպատմի interier.am-ը:
Սպոնժինգը սպունգի օգնությամբ դեկորատիվ ներկով պատերը ներկելու միջոց է: Եզրույթը առաջացել է անգլերեն sponge սպունգ բառից: Այն աչքի է ընկնում իր գեղեցիկ նախշերով, որը ստանում են սպունգի օգնությամբ:
Սպոնժինգի համար կարելի է օգտագործել ներկերի տարբեր գույներ ու երանգներ: Նախ անհրաժետ է հարթեցնել պատերը, ներկել պատերի մակերեսը, այնուհետև աշխատել նախշերի վրա: Օրինակ՝ որպես գունային հիմք՝ վերցրել ենք բաց կանաչ գույնը և առաջին շերտը կներկենք հենց այս գույնով:
Առաջին շերտը ներկելուց հետո սպունգը թաթախում ենք ներկի մեջ, որը պետք է լինի ներկված պատի գույնից մի քիչ մուգ: Սպունգով աշխատում ենք պատի վրա՝ ստեղծելով նախշեր, որոնք չպետք է լինեն շատ խիտ, քանի որ ևս մեկ շերտ պետք է լինի:
Առաջին շերտը չորանալուց հետո կարելի է անցնել մյուս շերտին՝ մի փոքր մգեցնելով գույնը, որից հետո սպունգի օգնությամբ նախշեր ենք անում պատի վրա:
Սպոնժինգի համար նախատեսված սպունգով կարելի է նաև ամպեր նկարել առաստաղին: Այս դեպքում երկնագույնով կպատկերենք երկինքը, իսկ ամպերը՝ սպիտակով ու բաց երկնագույնով: Որքան շատ լինեն երանգները, այնքան իրական կլինի պատկերը: