Նկարների դերը հյուրասենյակի ինտերիերում
Բնակարանի պատերի հարդարումն ամենակարևոր հիմքն է դիզայնի համար։ Պատերը հարդարվում են բնակարանի ոճին համապատասխան։ Դեկորներից ամենատարածվածն ու կիրառելին նկարներն են։
Interier.am-ը ներկայացնում է կտավների տեսակների ու դրանց կիրառության առանձնահատկություններն ինտերիերում։
Երբեմն նկարը մեզ այնքան է դուր գալիս, որ ուզում ենք այն ունենալ մեր բնակարանում։ Այս դեպքում նկարն է թելադրում սենյակը հարդարելու բոլոր կանոնները։ Նկարը կարող է գույն ու տրամադրություն հաղորդել բնակարանին։ Այդ իսկ պատճառով պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել նկարների ընտրության հարցում։
Հյուրասենյակը նկարներով հարդարելու ամենատարածված տարբերակն է, բայց հարդարելիս պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝
Գեղեցիկի ընկալում
Սենյակի չափերը
Պատերի չափերն ու հարդարումը
Այլ դեկորների առկայությունը
Տարածության գունային լուծումները
Ինտերիերի ոճը
Մեծ նկարները գեղեցիկ չեն լինում 10 մ2 մակերես ունեցող սենյակում։ Կտավի ձևն ու ժանրը պետք է համապատասխանի սենյակի ոճին։ Օրինակ՝ ոսկեգույն շրջանակով բնապատկերը ծիծաղելի կլինի լոֆթ ոճով հարդարված բնակարաններում։
Ընտրելիս պետք է նաև ուշադրություն դարձնել նկարների տեխնիկային, նյութին։ Դրանք կարող են նկարված լինել ջրաներկով, յուղաներկով, արհեստական կամ բամբակե կտավի վրա, կարող են պատված լինել լաքով և այլն։ Շրջանակները կարող են պատրաստված լինել պլաստիկայից կամ բնափայտից և այլն։
Պատերը կարելի է հարդարել ինչպես սեփական այնպես էլ այլ լուսանկարներով, գոբելենով, պաննոներով, վերարտադրանկարներով, ասեղնագործություններով, պոստերներով։ Դրանց շնորհիվ ընդգծվում է Ձեր անհատականությունն ու կենդանություն է հաղորդվում ինտերիերին։
Գունային լուծումներ
Ինչպես գիտենք, գույները մարդու հոգեբանության վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ, ուստի ընտրելիս պետք է հաշվի առնել այս հանգամանքը։ Գույների ազդեցության մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինչպես են գույներն ազդում տրամադրության վրա» հոդվածում։
Գունային ճիշտ համադրություններ ստեղծելու համար պետք է հիմնվել սենյակում առկա երեք հիմնական գույների վրա ու ըստ դրա կատարել ընտրությունը։ Սակայն սա չի նշանակում, որ այս գույները պետք է գերիշխեն կտավի վրա, մի փոքր կիրառումն էլ բավական է ճիշտ համադրության համար։
Եթե ինտերիերը միագույն է, ապա կարելի է կիրառել վառ գույնի գեղանկարներ։
Վառ գույներով հարդարված բնակարանները լրացուցիչ ընդգծումների կարիք չեն ունենում, ուստի այս դեպքում պետք է կարողանալ գեղանկարը ներմուծել ինտերիեր՝ պահպանելով սենյակի գունային համապատասխանությունը։