Օրիգինալ պաստառներ մանկական սենյակի համար
Մանկական սենյակը ոչ միայն խաղերի, այլև պարապելու և հանգստանալու վայր է: Սա երեխայի հարմարավետ անկյունն է, որտեղ նա պետք է իրեն ապահով ու անկաշկանդ զգա: Եթե մեծերի համար կարևոր է ինտերիերի ոճն ու ֆունկցիոնալությունը, ապա երեխաները միանգամայն այլ պատկերացում ունեն իդեալական սենյակի մասին: Մանկական սենյակի համար պաստառներ ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի հետաքրքրությունները:
Այժմ մանկական սենյակի ձևավորման տարածված երևույթ են մուլտֆիլմների հերոսների կերպարներով ֆոտոպաստառները: Տղաների համար՝ մեքենաներ ու ռոբոտներ, աղջիկների համար՝ ծաղիկներ ու արքայադուստրեր:
Թվում է, թե ամեն ինչ շատ հեշտ է, սակայն մանկական սենյակի դիզայնը նույնպես մանրակրկիտ աշխատանք է պահանջում: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր ու ոչ ստանդարտ գաղափարներ:
Հոգեբանները խորհուրդ չեն տալիս մանկական սենյակի համար ընտրել հարդարման վառ գույներ: Պատերի համար պաստառներն կամ ներկերի գույները պետք է պաստելային հանգիստ երանգների մեջ լինեն, իսկ ինտերիերը պետք է թարմացնել մանր առարկաներով ու աքսեսուարներով: Մանկական սենյակում պայծառ ու գունագեղ պետք է լինի պատը, կահույքը, լուսամփոփը կամ խաղալիքները: Եթե սենյակն ամբողջությամբ պայծառ ու ճչացող գույներով լինի, ապա երեխան դժվարությամբ կքնի կամ չի կարող լիարժեք կենտրոնանալ ուսման վրա:

Մանկական սենյակի պատերի դիզայն. օրիգինալ պաստառներ
Ձեզ ենք ներկայացնում մանկական սենյակի պատերի ձևավորման պարզ գաղափարներ, որոնք հեշտությամբ կարելի է կյանքի կոչել առանց ավելորդ ծախսերի:
Մանկական սենյակն այն վայրն է, որտեղ կարելի է առավելագույնս ազատություն տալ երևակայությանը: Օրինակ՝ պաստառի փոխարեն կարելի է պատերին փակցնել թղթե քարտեզներ: Ապագա ճանապարհորդներն ու նորը բացահայտել սիրողները կգնահատեն այսպիսի օրիգինալ պաստառները:
Երեխաները սիրում են ուշադրությամբ զննել մանր դետալները, և այդպիսի դիզայնը նաև ճանաչողական դեր կունենա: Կարելի է այդպիսի սենյակը հնաոճ դարձնել՝ սեղանի փոխարեն ռետրո-նստարան դնելով, ինտերիերում կթագավորի «գիտական» հմայքը:
Եվս մեկ հետաքրքիր գաղափար քարտեզի օգնությամբ: Ստեղծեք ժայռադրոմի նման մի բան, որտեղ երեխաները հաճույքով կմագլցեն ու կճանաչեն աշխարհը: Միայն թե չմոռանաք փափուկ գորգ փռել հատակին: Եթե երեխան չի սիրում նստել, վազվզում է տնով մեկ, թռչկոտում է մահճակալների վրա ու մագլցում պահարաններին, նրա համար սենյակում «Տարզանի որջ» ստեղծեք:

Իսկ եթե Ձեր տանը մեծանում է ապագա նկարիչ, ով սիրում է նկարել պատերին, գունավորման նկարներով պաստառներն իսկական նվեր կլինեն նրա համար ու կկանխեն մյուս սենյակների պատերին նկարելու սովորությունը:
Գրատախտակի համար նախատեսված ներկը երեխաների ստեղծագործական մտածողության զարգացման բավականին շատ հնարավորություններ կտա: Պատի մի մասը կարելի է ներկել այդ ներկով գամ գնել պատրաստի փակչող ծածկույթ, որի վրա էլ երեխան կարող է կավիճով գրել ու նկարել:

Այլ սենյակների վերանորոգումից հետո ավելացած սովորական պաստառներից կարելի է կենդանիների ֆիգուրներ կտրել ու փակցնել մանկական սենյակի պատերին: Այս տարբերակը կնմանակի մեր օրերում տարածված վինիլային փակչող նկարներին:
Վինիլային փակչող պաստառների առավելությունն այն է, որ կարելի է դրանք պոկել պատից ու նորից փակցնել:
Մանկական սենյակի ինտերիերում օրիգինալ պաստառներ ունենալու համար կարելի է պատերը ներկել բաց գույնի չեզոք ներկով ու երեխայի աճին զուգահեռ փոխել փակչող նկարները՝ ըստ նրա նախասիրությունների:
Մետաղացված պաստառները նույնպես հարմար են մանկական սենյակի համար: Թղթյա հիմքը պարունակում է հատուկ մագնիսային շերտ, իսկ կոմպլեկտում կան դեկորատիվ մագնիսներ: Պատի վրա նկարները տեղափոխելը հաստատ դուր կգա երեխաներին: Մագնիսային պաստառները կարելի է նաև փոխարինել մետաղյա գրատախտակով, որը հաճախ են օգտագործում երեխաներին կարդալ սովորեցնելիս:
Դե իսկ միագույն ձանձրալի պաստառները կարելի է կենդանացնել վրան գույնզգույն թիթեռներ կամ այլ պատկերներ փակցնելով: Պատկերները կարելի է կտրել ու սոսնձել երեխայի հետ՝ կոսմետիկ վերանորոգումը վերածելով գրավիչ ստեղծագործական խաղի 🙂