Պաստառների համադրություն ինքնատիպ ինտերիեր ստանալու համար
Ինտերիերում յուրահատուկ շեշտադրումներ անելու կամ սենյակը գոտիների բաժանելու ամենահեշտ ու խնայող տարբերակը՝ պաստառների համադրություն ստեղծելն է:
Պաստառների համադրությունը կարող է թարմացնել ինտերիերն ու սենյակին ավելի հետաքրքիր տեսք հաղորդել: Բացի այդ, այն հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են վերանոգորման ժամանակ խնայել միջոցները կամ թաքցնել պլանավորման թերությունները՝ որմնախորշեր, ելուստներ, ցածր առաստաղներ և այլն:
Եվ այսպես, ինչպիսի՞ պաստառների համադրություն են խորհուրդ տալիս դիզայներները:
Պաստառների համադրություն. հիմնական կանոններ
Տարբեր նախշերի համադրությունն ավելի դժվար է, քան թվում է առաջին հայացքից, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել միևնույն արտադրողի միևնույն հավաքածուի պաստառներ: Գոյություն ունեն նաև ընդհանուր բնույթի այլ ցուցումներ, որոնք պետք է հաշվի առնել համարձակ փորձարկումներից առաջ:

Պաստառների համադրության հիմնական կանոններ
- Օգտագործեք միևնույն հաստությամբ պաստառներ, հատկապես, եթե նույն պատի վրա են փակցվելու:
- Ուշադրություն դարձրեք պաստառի լայնությանն ու նյութին. վինիլային ու թղթյա պաստառները ծայրակցելն, օրինակ, հեշտ չէ:
- Եթե չեք օգտվում պատրաստի դիզայներական հավաքածուից, սենյակում երկուսից ավելի զարդանախշեր մի օգտագործեք:
- Վառ գույները նպատակահարմար են համադրել չեզոք երանգների՝ սպիտակի, մոխրագույնի և բեժի հետ:
- Վերջնական ընտրություն կատարելուց առաջ ընտրված պաստառների օրինակները պետք է լուսավոր սենյակում իրար կողք դնել ու համոզվել, որ վերջիններս համապատասխաում են իրար:
- Եթե ուզում եք պաստառների օգնությամբ ընդգծել պատերը, հոգացեք այն մասին, որ պատերն իդեալական հարթ լինեն, իսկ պաստառներն անթերի սոսնձվեն:
Խորհուրդ: Գույների շրջանի օգնությամբ կարելի է ընտրել համապատասխան գույների ու երանգների ճիշտ համադրություն:
Հորիզոնական համադրված պաստառներ
Պաստառների համադրության առավել տարածված ու մատչելի տարբերակ են հորիզոնական համադրված պաստառները: Դրանք հիմնականում ունեն լրացուցիչ հորիզոնական դեկոր՝ բարակ եզրաքար-դարակիկի նմանությամբ:

Եթե ցանկանում եք հորիզոնական կոմպոզիցիայի պաստառն ինքնուրույն ընտրել, հիշե՛ք, որ ստորին հատվածը սովորաբար ավելի մուգ է լինում, իսկ բարձրությունը չափվում է հատակից՝ կախված սենյակի առաստաղի բարձրությունից (սովորաբար հորիզոնական հատվածն ունենում է 1 մ բարձրություն): Որպես կանոն, ստորին հատվածի համար պետք է ընտրել միագույն մուգ պաստառներ, վերին հատվածի համար՝ առավել բաց գունավորուում ունեցող և աբստրակտ կամ բուսական նախշերով պաստառներ:

Պաստառների այսպիսի համադրությունը միանգամայն տեղին է դասական և քանթրի ոճի ինտերիերում, բայց հարմար չէ ժամանակակից ինտերիերին: Բացի դրանից, այս տարբերակը խորհուրդ չի տրվում կիրառել ցածր առաստաղներով փոքր սենյակներում, քանի որ տեսողականորեն փոքրացնում է տարածությունը:
Շեշտված պատ ինտերիերում
Ժամանակակից ինտերիերին բնորոշ է պատերի շեշտադրումը, որը ուշադրության ֆոկուս է ստեղծում և բաշխում է ուշադրությունն ըստ գունային գամմայի: Ինքներդ որոշեք, թե սենյակի ո՞ր պատն է ուշադրության արժանի:
Ընդգծվող պատի համար ընտրեք միագույն վառ, խոշոր ու աչքի ընկնող զարդանախշերով կամ պաննո-պաստառներ, իսկ մնացած պատերը թողեք հնարավորինս չեզոք:
Այս եղանակը հարմար է բոլոր սենյակների համար և թույլ է տալիս միջոցներ խնայել, քանի որ թանկարժեք և ուշադրություն գրավող պաստառը փակցվում է միայն մեկ պատին կամ նույնիսկ պատի մի փոքր հատվածին:

Որմնախորշերի խաղ պաստառների օգնությամբ
Սխալ նախագծված որմնախորշեր ու ելուստներ ունեցող սենյակներում պաստառների համադրությունն անփոխարինելի է: Կարելի է, օրինակ, պաստառի օգնությամբ ստիպել, որ որմնախորշն ավելի խորը թվա՝ այնտեղ փակցնելով մուգ պաստառներ: Կարելի է նաև թարմացնել պատի պահարանը՝ վերջինս ձևավորելու համար ընտրելով վառ զարդանախշերով պաստառներ:

Շեշտված պատերի միջոցով կարող եք ուշադրությունը շեղել պլանավորման թերություններից և ուղղել Ձեր ցանկացած պատին:
Խորհուրդ: Դասական ոճի հետաքրքիր հնարք է զարդանախշերով պաստառի մեծ, քառակուսի կամ ուղղանկյուն կտորը՝ շրջանակով եզրագծված:
Միևնույն գունային գամմայի տարբեր զարդանախշերով պաստառների համադրություն
Եվս մեկ մատչելի հնարք, որն իդեալական է մեկ սենյակում մի քանի ֆունկցիոնալ հատվածներ առանձնացնելու համար. մոտ գույներով, բայց տարբեր զարդանախշերով պաստառներ:
Սովորաբար այսպիսի տարբերակներ հեշտությամբ կարելի է ընտրել մեկ արտադրողի որևէ հավաքածուից:

Սենյակում տարբեր գոտիներ առանձնացնելու համար օգտագործեք ֆլորիստիկական մոտիվների և միագույն պաստառների համադրություն, կամ չեզոք աշխարհագրական մոտիվներ (նեղ զոլ) և համադրեք մանր նկարներով: Միևնույն ժամանակ ցանկալի է, որ պաստառները չլինեն շատ վառ ու խայտաբղետ, ուստի ավելի նպատակահարմար է ընտրել միագույն պաստառներ՝ ռելիեֆային նախշով կամ մետաքսագրով:
Ուղղահայաց զոլեր և պաստառներ
Արտահայտված ուղղահայաց զոլեր խորհուրդ են տրվում կիրառել ցածր առաստաղով փոքր սենյակներում: Սա, բնականաբար, չի նշանակում, որ հարկավոր է սենյակը վերածել նավաստու շապիկի: Զոլերի համար բավական է մեկ պատը, ընդ որում կարելի է ուշադրությունը հրավիրել նեղ ու ձգված պատկերին:

Տարածության ուղղահայաց մասնատման ևս մեկ հետաքրքիր հնարք է պաստառների նեղ շերտը, որը պատի վրայով բարձրանում ու շարունակվում է առաստաղի վրա: Այս հնարքն ինքնատիպ տեսք է ունենում և բավական պարզ է. պետք է ընտրել հետաքրքիր նկարով վառ պաստառ, իսկ մնացած պատերը թողնել սպիտակ, մոխրագույն կամ բեժ:

Ինչպես տեսնում եք, պաստառների համադրության տարբերակները բազմազան են, և բավականաչափ ճաշակ ու չափի զգացողություն ունենալու դեպքում նույնիսկ փոքրիկ բնակարանում կարելի է ստեղծել իրապես յուրահատուկ ինտերիեր 🙂