Բնակարանի վերանորոգում. պատերի դեկորատիվ սվաղ
Շատերը պատերի դեկորատիվ սվաղը շատ գեղեցիկ, բայց թանկ հաճույք են համարում, բայց դա այդպես չէ։ Իհարկե, սվաղի շատ թանկ տարբերակներ էլ կան, բայց այսօր կխոսենք ամենահարմար տարբերակների մասին, որոնք ինքներս էլ կարող ենք անել։
Բնակարանի վերանորոգում «Ժայռ» դեկորատիվ սվաղով
Վերջինս սվաղապատման ամենահեշտ մեթոդն է, որը շատ հարմար է սկսնակ վարպետների համար։ Կառուցվածքային մակերևույթ ստանալու համար հատուկ խառնուրդ պետք չէ գնել, քանի որ գիպսի կամ ցեմենտի հիմքով ցանկացած տեսակի սվաղը հարմար է։
Ուշադրություն։ Խոհանոցի, սանհանգույցի և լոգասենյակի պատերի սվաղը պետք է ցեմենտի հիմքով լինի։ Այդ տարածքներում հարկավոր է ներկի վրայից հաստ շերտով ջրային հիմքով պաշտպանիչ լաք քսել։
Սվաղապատելուց առաջ կարևոր է պատերը նախաներկել և ցանկալի է պատել ծեփամածիկի շերտով, որը ծածկույթի որակն ավելի կբարձրացնի։
Այժմ փորձենք հասկանալ, թե ինչպես է դա արվում։
Պատի վրա մոտ 0,5 քառակուսի տարածք ենք ընտրում և ծեփամածիկը սվաղիչի վրա լցնում։ Այս պետք է հավասարաչափ քսենք 2-3 մմ շերտով։ Որքան շերտը հաստ լինի, այնքան անհարթությունն ավելի կոպիտ կլինի։
Այնուհետև, խառնուրդը հավասարապես պատին տարածելուց հետո, կարելի է անցնել կառուցվածքային պատկերի ստեղծմանը։ Դրա համար անհրաժեշտ է սվաղիչը խառնուրդից մաքրել և և կիպ կպցնել պատին նոր քսված ծեփամածիկի վրա։ Դա կարելի է անել ցանկացած կողմով, բայց լավ կլինի սվաղիչի ներքևի եզրը փոքր-ինչ բարձրացնել՝ միաժամանակ դեպի ներքև շարժում կատարելով։
Կարևոր է նաև յուրաքանչյուր հատվածը սվաղելուց հետո սվաղիչը մաքրել, որպեսզի խառնուրդի ավելցուկը կազմությունը չփչացնի։
Առաջին հատվածը սվաղելուց հետո պետք է անցնել հաջորդին:
Սվաղապատումից հետո մոտ 24 ժամ պետք է սպասել, մինչև պատերն ամբողջովին չորանան, որից հետո անցնել ներկարարական աշխատանքներին։
Բնակարանի վերանորոգում «Անձրև» սվաղապատումով
Սվաղի տարբերակն ավելի դժվար է, քան նախորդը, բայց ավելի արդյունավետ է։ Սովորաբար, «Անձրև»-ը թեքությամբ են անում, բայց, կարող եք անել այնպես, ինչպես հարմար է։
Անկյան տակ սվաղ անելու համար, պետք է պատերի վրա նշումներ անել։
Պատերի վրա 3 հատ սվաղիչի լայնությամբ թեք գծեր գծեք։ Գծերը պետք է ամենուր նույն անկյան տակ անել, հատկապես դժվար կլինի անկյունային հատվածներում։
Այնուհետև հարկավոր է ներկարարական ժապավեն սոսնձել յուրաքանչյուր գծին այնպես, որ ժապավենի ներքևի եզրը գծի վրա լինի։ Այս տեսակ սվաղապատումը պետք է սկսել վերին անկյունից։
Դեկորատիվ սվաղապատման ընթացքն ու հարթեցումը
Անձրևի կաթիլներ ստանալու համար սվաղիչը թեթևակի հպում ենք սվաղին և պոկում։ Այս գործողությունները կրկնում ենք այնքան, մինչև գիծն ամբողջությամբ ծածկենք։
Սկզբում այն ոզնի կհիշեցնի, ոչ թե անձրև։ Դա անելու համար պետք է մակեևույթը հարթեցնել։ Դրա համար սվաղիչը պետք է խառնուրդից մաքրել և թեթևակի սեղմելով խառնուրդին մի ուղղությամբ հարթեցնել։ Ընդ որում, պետք է սվաղիչի մի ծայրը թեթևակի բարձրացնել, որպեսզի այն ամբողջությամբ կպչի։ Որքան թույլ սեղմեք սվաղիչը, այնքան շատ անհարթություններ կմնան։ Կազմությունը կախված է նաև շերտի հաստությունից։
Հաջորդ գիծը պետք է անել նախորդը մի փոքր եզրածածկելով։ Քանի որ կպչուն ժապավենը կպցրել ենք երեք սվաղիչի լայնությամբ, երրորդ գիծը մի փոքր դուրս կգա ներկարարական ժապավենի վրա։ Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի միացված հատվածում շերտերը մեկը մյուսի վրա գան։ Բացի այդ, կպչուն ժապավենն օգնում է պատկերի թեքությունը պահել ճիշտ անկյան տակ։ Մի հատվածն ավարտելուց հետո պոկում ենք ժապավենն ու շարունակում։ Ստացվում է հարթ միացում, որը հարթեցնելու անհրաժեշտություն չի զգում 🙂
Խորհուրդ։ Եթե սկսել եք մի պատը սվաղել, պետք է անպայման ավարտին հսցնեք, որպեսզի շերտերի տարբերությունը նկատելի չլինի։
Սվաղը չորանալուց հետո պետք է այն մշակել հղկաթղթով, որպեսզի մանր անհարթությունները վերանան։
Աշխատանքի ընթացքում կարող են խնդիրներ առաջանալ սվաղիչի կպչելու հետ, ինչի հետևանքով պատկերի անհարթություններ կառաջանան։ Եթե չի հաջողվել ամբողջ պատով մեկ հավասարաչափ պատկերներ ստանալ, ոչ մի սարսափելի բան. կարելի է իմպրովիզ անել։ Կարևորը` կտրուկ անցումները չլինեն, որոնք կարող են անմիջապես աչքի ընկնել։
Դեկորատիվ սվաղի ներկում
Ներկելուց առաջ մակերեսն անպայման պետք է մշակել նախաներկով։ Երկրորդ և հաջորդ շերտերից առաջ դրա կարիքը չկա։
Եթե կառուցվածքային սվաղը ներկեք միագույն, ապա պատկերը կտարալուծվի և գեղեցիկ չի լինի։ Լավագույն տարբերակը երկու գույների համադրությունն է։
Դրա համար կարելի է օգտագործել չոր վրձնի կամ ողողման մեթոդը։ Ժայռի համար յուրաքանչյուր միջոց էլ կարելի է օգտագործել, քանի որ դրա կազմությունը շատ բազմազան է։ Անձրևի դեպքում հարմար է միայն ողողման մեթոդը։
Ցանկացած դեպքում անհրաժեշտ է պատը ծածկել ֆոնային գույնով` ցանկալի է մի քանի շերտով։ Դրա համար անհրաժեշտ է վերցնել երկար խավով գլանիկ։ Բայց շատ հաստ շերտը նույնպես գեղեցիկ չի լինի, քանի որ այն ռելիեֆի մանր անհարթությունները կծածկի։
ԽՈՐՀՈՒՐԴ։ Հաշվի առեք, որ ներկի ծախսն ավելի մեծ կլինի, քան հարթ պատի դեպքում։ Ֆոնը ողողման մեթոդով ներկելու համար ավելի լավ է ջրակայուն ներկ ընտրել, իսկ չոր վրձնի դեպքում հարմար է ցանկացած ներկ։
Չոր վրձնով ռելիեֆն ընդգծելու համար ավելի լավ է բաց կոնտրաստային երանգներ ընտրել, իսկ լվացումով ներկելիս` ավելի մուգ։
Չոր վրձնով ներկում
Մեզ անհրաժեշտ է լայն, տափակ վրձին, ներկարարական պնակ և ստվարաթղթի կտորներ։ Պնակի մեջ մի քիչ ներկ ենք լցնում և վրձինն ընկղմում դրա մեջ։ Այնուհետև այն քամում ենք նախ պնակի պատերին, այնուհետև ստվարաթղթի վրա։
Այնուհետև թեթև և տարբեր ուղղությամբ շարժումներով սվաղը պատում ենք ներկով։ Շատ կարևոր մի պահ. վրձինը պետք է պահել պատին զուգահեռ, որպեսզի այն հազիվ դիպչի մակերեսին։ Այնուհետ քաոսային շարժումներով կարծես մաքրում ենք ներկի մնացորդները։
Կարևորը գունային կտրուկ անցումներ և վրձնահարվածների հետքեր չմնան։ Արդյունքում պետք է ստացվի լուսանկարում պատկերված պատի պես։

Ներկով լվացում
Շատ ավելի բարդ է ներկով ողողման մեթոդը։ Այս մեթոդի էությունը հետևյալն է. պատը պատում ենք ևս մեկ` ավելի մուգ գույնի ներկի շերտով։ Որոշ ժամանակ անց, մինչ ամբողջությամբ չորանալը մաքրում ենք թաց շորով։ Արդյունքում խորություններն ավելի մուգ կլինեն քան ուռուցիկ մասերը։ Այս տեխնոլոգիայով աշխատելու դեպքում սխալվելը սարսափելի չէ, նույնիսկ եթե ինչ-որ հատվածում վառ գույնի լաքա եք թողել, այն կարելի է մաքրել և նորից անել։
Խորհուրդ։ Որպեսզի երկրորդ շերտը հեշտ լվացվի, ավելի լավ է վերցնել ոչ ջրակայուն ներկ։ Որպես կանոն այն ավելի էժան է:
Լաքապատում
Եզրափակիչ և պարտադիր փուլը լաքապատումն է։ Դա արվում է առավել պայծառ և հագեցած գույն ստանալու համար, որը հետո կփայլի։ Կարող եք վերցնել ջրային հիմքով ցանկացած լաք, որը պարտադի պետք է ջրով բացել` 1։1 հարաբերակցությամբ։
Լաքը պատում ենք լայն վրձնով` 2 կամ 3 շերտով։ Որպեսզի լաքը չծորա, պատերին քսելուց առաջ վրձինը քսում ենք պնակի պատերին։ Հաջորդ շերտով պատելու համար մի քիչ սպասում ենք չորանա, այնուհետև շարունակում։ Լաքը արագ է չորանում։
Ինչպես համոզվեցիք, դեկորատիվ սվաղ կարող են անել նաև աղջիկները։ Հետևելով վերը նշված տեխնոլոգիային, այսպիսի ծածկույթը երկար տարիներ կծառայի Ձեզ։