Պատերի նախշազարդում տրաֆարետի օգնությամբ
Պատերի նախշազադումը հիանալի տարբերակ է միատոն պատերը թարմացնելու և բազմազան դարձնելու համար: Այս մեթոդը լավագույն լուծում է նաև այն դեպքում, երբ համապատասխան նախշով պաստառներ չեք կարողանում ընտրել:
Այս հոդվածում կդիտարկենք տրաֆարետի օգնությամբ պատերը նախշազարդելու տեխնոլոգիան:
Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
- համապատասխան գույնի ունիվերսալ ակրիլային ներկ,
- պորոլոնային սպունգներ (քանակությունը կախված է աշխատանքի ծավալից),
- սոսնձային սփրեյ,
- կտոր,
- տրաֆարետ կամ տրաֆարետ պատրաստելու համար նյութեր և գործիքներ:
Տրաֆարետ պատրաստելու համար անհրաժեշտ են.
- պինդ թաղանթ կամ բարակ պլաստիկե շերտ,
- դանակ կամ նշտար (скальпель),
- պրինտերով տպած շաբլոն,
- գրիչ կամ մատիտ:
Ինչպես նախշազարդել պատերը տրաֆարետի օգնությամբ
Եթե չեք ուզում նախաներկել պատերը, ապա մակերևույթը պետք է մաքրել որևէ կտորով և փափուկ լվացող միջոցով: Եթե ներկելու եք, ապա հետևեք ներկի վրա գրված ցուցումներին:
Խորհուրդ. Ներկելու ընթացքում հատակը չկեղտոտելու համար լավ կլինի պատի հարակից հատվածում ՝հատակին, թերթեր կամ անպետք կտորներ փռեք:
Պատրաստեք տրաֆարետը: Եթե պատրաստի տրաֆարետ չեք կարողանում գտնել, ապա ինքներդ կարող եք այն պատրաստել: Դրա համար, նախապես տպած շաբլոն է հարկավոր և կոշտ թաղանթ (կամ բարակ պլասիկե շերտ):
Սոսինձը քսեք տրաֆարետի հակառակ երեսին և տրաֆարետը սոնսձեք պատի վերևի ձախ անկյունում: Հետևեք, որ այն կիպ ամրանա պատին (հատկապես կտրվածքների հատվածներում):
Կարևոր է. պետք է այնպիսի սոսինձ օգտագործել, որը պատին հետք չի թողնում , ինչը թույլ կտա տրաֆարետը բազմակի անգամներ տեղից տեղ տեղափոխել:
Ներկը քսեք սպունգի վրա և սպունգը սեղմեք տրաֆարետի կտրվածքներին, որպեսզի նախշը տպվի պատին: Եթե ֆոնը բաց է, առաջին շերտի չորանալուց հետո ներկեք երկրորդ շերտով:
Այժմ տրաֆարետը տեղափոխեք հարակից տարածք և շարունակեք նախշազադել:
Պատի մի մասը նախշազարդելուց հետո, մի քանի քայլ հեռու կանգնեք և ընդհանուր պատկերը գնահատեք՝ անհրաժեշտության դեպքում նախշի մեջ շտկումներ անելով:
Խորհուրդ: Եթե պատկերը թույլ է տալիս, կարող եք տրաֆարետը ոչ թե հորիզոնական կամ ուղղահայաց տեղափոխել, այլ` խառը: Ցանկության դեպքում տրաֆարետը կարող եք ամեն տեղափոխելուց 45 աստիճան թեքել:
Եթե կտրվածքների անկյունները սպունգով լավ չեն ներկվում, կարող եք վրձնով շտկումներ անել:
Ահա և վերջ: Արդյունքում ստացանք գեղեցիկ ու յուրահատուկ պատ 🙂